Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ԳՈՐԳԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆԸ ՀՈԳԵՎԱՐՔԻ ՄԵՋ Է

Նոյեմբեր 05,2009 00:00

\"\"Հայկական ավանդական այս արհեստով զբաղվող ընկերությունները հավաստիացնում են, որ արտադրությունը
պահում են միայն էնտուզիազմի շնորհիվ:

Մի քանի ամիս առաջ «Շահութահարկի մասին» եւ «Ավելացված արժեքի հարկի մասին» օրենքներում ուղղումներ մտցնելու արդյունքում ձեռագործ գորգերի արտադրությամբ զբաղված ընկերությունները ազատվեցին շահութահարկի, ավելացված արժեքի հարկի եւ եկամտահարկի վճարումից: Նպատակը հայկական ավանդական արհեստի զարգացմանը նպաստելն էր:
Անշուշտ, այս քայլով մեր պետության բյուջեն չի տուժում, քանի որ ոլորտում գործող մի քանի ընկերություններին կարելի է մատների վրա հաշվել, իսկ նրանց կողմից պետբյուջե մուտքագրված գումարները չնչին չափերի են հասնում: Այս քայլն ըստ էության ուշացած ազդակ էր, քանի որ Հայաստանում ձեռագործ գորգերի արտադրությունը կարելի է համարել մեռած ոլորտ: Իսկ ժամանակին մի քանի հազար աշխատատեղ ապահովող ոլորտը ոչ միայն եկամտաբեր բիզնես էր արտադրողների համար, այլ նաեւ մեր պետությունը բավականին շահում էր՝ արտահանումից եւ իրացումից ստացված գումարներից: Գորգերի արտադրությունը գործարարներին չի հետաքրքրում նաեւ այն պատճառով, որ չնայած հայկական գորգերի յուրահատկությանը, աշխարհի շատ երկրներում ձեռագործ գորգերը մի քանի անգամ էժան են:
Ոլորտի խնդիրների վերաբերյալ «Առավոտը» զրուցեց «Սիմոնյան կարպետ» ընկերության սեփականատեր Վարդան Սիմոնյանի հետ: Ընկերությունը գործում է 1991 թվականից: Արդեն 2000 թվականին ընկերությունն ուներ 150 աշխատակից, իսկ հիմա, պատվեր չունենալու պատճառով, ընկերությունը ոչ մի աշխատակից չունի: Վ. Սիմոնյանի հավաստմամբ, ասենք, 1 քմ գորգը գործելու համար բանվորը աշխատում է մոտ մեկուկես ամիս, այսինքն, եթե ընկերությունը գործում է օրինական դաշտում, ապա 1 քմ գորգի վաճառքից 20-40 դոլարը փոխանցվում է կենսաթոշակային ֆոնդ: Սա մեծացնում է գորգի ինքնարժեքը, ինչն էլ վաճառքի հետ կապված խնդիրներ է ստեղծում: Վ. Սիմոնյանը նշեց, որ իրենց արտադրությունը այսօր պահում են միայն էնտուզիազմի շնորհիվ: Բացի այդ, չկան նաեւ գորգագործ մասնագետներ, եղածներն էլ միայն 50-ն անց կանայք են՝ երիտասարդներին այդ արհեստը չի հետաքրքրում, քանի որ այն աշխատատար է եւ ոչ եկամտաբեր: Պարոն Սիմոնյանի ներկայացմամբ, տնտեսական ճգնաժամը եւս մի լրացուցիչ հարված էր՝ առանց այդ էլ «հազիվ շնչող ոլորտին». «Անցյալ տարվա դեկտեմբերին արտերկրից 800 քմ գորգի պատվեր ենք ունեցել: Այդ պատվերը կատարելու համար մեծ գումարներ ենք ներդրել եւ հատուկ հաստոց ենք պատրաստել: Սակայն պատվիրատուն հրաժարվեց՝ ֆինանսական խնդիրներ ունենալու պատճառով»: Վ. Սիմոնյանի հավաստմամբ, Չինաստանում ձեռագործ գորգերը 10 անգամ էժան են, քան Հայաստանում արտադրվածները:
Ինչպես գորգագործներին հարկերից ազատելու վերաբերյալ օրենքի քննարկման ժամանակ նշեց ՀՀ էկոնոմիկայի նախարար Ներսես Երիցյանը, ոլորտի շատ ընկերություններ արդեն գտնվում են փակման եզրին եւ պետք է լուրջ միջոցներ ձեռնարկել դրանք փրկելու համար։ Նախարարը նշեց նաեւ, որ այս ոլորտում զբաղվածների թիվը ժամանակին հասնում էր 2-3 հազարի, իսկ հիմա՝ հազիվ 800. «Նախկին քանակը վերականգնել արդեն դժվար կլինի»:
Լուրջ քայլ ասելով, պարոն Երիցյանը, անշուշտ, նկատի ուներ հարկային բեռի թեթեւացումը, որը թերեւս ոլորտում մնացած մի քանի ընկերությունների համար դժվար է փրկություն անվանել:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել