Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ԱՅՍՔԱՆ ՆՎԱԶ ԲԱՆ ԻՄԱՆԱԼՈՎ՝ ԱՅՍՔԱՆ ՍՈ՞ՒՐ ԵՆ ԿՈՂՄՆՈՐՈՇՎՈՒՄ

Նոյեմբեր 05,2009 00:00

\"\"Հայ-թուրքական արձանագրություններին արձագանքի առնչությամբ տարակուսում է Ստամբուլում լույս տեսնող «Ժամանակ» թերթի գլխավոր խմբագիր Արա Քոչունյանը:

– Հայ-թուրքական արձանագրությունները ստորագրելուց հետո կարծես երկուստեք միտում կա ձգձգելու վավերացման գործընթացը, այդպես չէ՞:
– Հայ-թուրքական արձանագրությունների ստորագրմանը նախորդած ժամանակահատվածում երկու կողմերն էլ բավական լուրջ մարտահրավերներ ունեցան. խոսքը վերաբերում է նրանց թե՛ ներքին հասարակությունների, թե՛ միջազգային հարաբերությունների հավասարակշռություններին: Արդեն ի սկզբանե էր այս գործընթացի դրվածքն այնպիսին, որ երկուսն էլ գիտակցում էին, թե ինչպիսի բազմաբնույթ դժվարությունների պիտի հանդիպեն, եւ այդ պատճառով էլ վավերացման պայման էին մտցրել արձանագրությունների մեջ, որ ստորագրումից հետո մի փոքր թայմ-աութ վերցնելու հնարավորություն լինի: Հիմա, ըստ երեւույթին, գտնվում ենք այդ դադարի վիճակում:
Որոշ մեկնաբաններ պատկերավոր ասում էին, թե Թուրքիան էլ իր սփյուռքն ունի, որն Ադրբեջանն է: Այս պահին Թուրքիան Ադրբեջանի մասով փորձում է արդարացնել փաստաթղթի ներքո դրված իր ստորագրությունը՝ բացատրելով, թե թուրք-հայկական հարաբերությունների բնականոնացումն ինչ-որ կերպ դրական անդրադարձ կունենա Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացի վրա: Դրա փոխարեն՝ Հայաստանի իշխանություններն էլ փորձում են այս մի քիչ ավելի հանդարտ հանգրվանի մեջ Սփյուռքին բացատրություններ տալ (նման բացատրության փորձ էր ՀՀ նախագահի՝ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում գումարված Թեմական ներկայացուցչական ժողովում ելույթը):
Չեմ ասում, թե տագնապած ջանքեր կան, բայց ի վերջո՝ այդ ստորագրությունների համար ավելի լայնախարիսխ զորակցություն ապահովելու որոնումներ կան երկու կողմի մոտ էլ: Հիմա ըստ երեւույթին՝ երկու կողմերն էլ ցանկանում են ժամանակ շահել: Եվ ձգձգումի այդ գործընթացի մեջ իրենց քայլերը կատարում են՝ առավել միմյանց նայելով, թե մեկը կամ մյուսն ինչ է անում:
– Հայաստանի ԱԺ նախագահը Հարավային Կովկասի հարցերով Եվրոպական Միության ներկայացուցչի հետ հանդիպման ժամանակ զգուշացրել էր, որ եթե «Թուրքիան խելամիտ ժամկետներում չվավերացնի այդ արձանագրությունները, ապա հայկական կողմն առանց հապաղելու կձեռնարկի համապատասխան համարժեք քայլեր»: Ստացվում է, որ Հայաստանն ավելի՞ է շահագրգռված, որ այդ արձանագրությունները վավերացվեն օր առաջ:
– Դրսից նայելով՝ այդպես է տեսնվում, որ Հայաստանն ավելի շահագրգռվածություն ունի: Եվ այդ տպավորության ստեղծումն, ըստ էության, երկու կողմերին էլ այս պահին ձեռնտու է: Քանի որ Թուրքիան, իր հասարակության առջեւ արդարանալու համար, բացարձակապես չի ցանկանում երեւալ աճապարողի դիրքում: Իսկ Հայաստանի տեսակետից՝ բնականոնացման գործընթացի հարաբերական արագացումը կարող է ունենալ դրական ազդեցություն, քանի որ դա արդեն ուղղակիորեն մարդկանց մտքում նշանակում է սահմանի բացում, որի հիման վրա տնտեսական համագործակցության ծավալում եւ այլն: Բայց եթե մի քիչ ավելի խորքային նայենք, ըստ երեւույթին՝ երկու կողմերն էլ այս պահին գործընթացի հնարավոր հաջորդ փուլերը փորձում են համաձայնեցնել նախ եւ առաջ իրենց միջազգային գործընկերների հետ: Հայաստանը լուրջ աշխատանք է տանում միջազգային իր գործընկերների հետ, որպեսզի հարաբերությունների բնականոնացման շարունակությունն իսկապես առնչակից չդարձվի ԼՂ գործընթացին: Իսկ թուրքական կողմը, որն այս գործընթացի առաջին քայլափոխից արդեն զգայնություններ է արտահայտում ղարաբաղյան հարցի մասին՝ ըստ որոշ մեկնաբանների, հիմա ինքն էլ է ուզում համոզել իր միջազգային գործընկերներին: Մարդիկ համենայնդեպս գիտակցում են, որ նոր տարին մոտենում է, իսկ երբ գարունը գա՝ արդեն ապրիլի 24-ի առնչությամբ հավասարակշռությունների վերաձեւավորման գործընթաց է սկսվելու: Ընդ որում՝ մի տարբերություն կա պաշտոնական Երեւանի եւ Անկարայի միջեւ. վերջինս կարծես շատ ավելի տեսակավոր օրակարգի պայմաններում է փորձում Հայաստանի հարցի կտրվածքով լուծումներ գտնել՝ ե՛ւ Ռուսաստանի, ե՛ւ Ամերիկայի, ե՛ւ Եվրամիության հետ:
– Ժամանակավոր այս դադարն արդյունավետ օգտագործելու մտադրության մասին հայտարարել է նաեւ ՀՅԴ-ն՝ նշելով, թե բազմաթիվ միջոցառումներ են նախապատրաստել, որ արձանագրությունների վավերացումը կասեցվի, շարունակելու են ստորագրահավաքը՝ այս անգամ մարզերում եւ այլն։ Ձեր կանխատեսմամբ՝ արդյոք արդյունավե՞տ քայլեր կլինեն սրանք:
– Ե՛վ Հայաստանում, ե՛ւ Թուրքիայում այս գործընթացի վերաբերյալ հասարակական կարծիքը բավականին առողջ է ձեւավորվում, հաշվի առնելով, որ երկու երկրներում էլ կան արտահայտման սահմանափակումներ: Բայց ելնելով այն հանգամանքից, որ սա եզակի գործընթաց է՝ երկու պետությունները ձեռնամուխ են եղել հայ-թուրքական տաբուն փլելու գործնական քայլեր անելուն՝ այս իմաստով շատ ավելի հանդուրժողաբար են վերաբերվում երկու կողմն էլ, որպեսզի հետո չասեն, թե հասարակությանն ու ժողովրդին զսպելով՝ երկու երկրների իշխանություններն ինքնագլուխ քայլերի գնացին, ազգային շահերին դեմ քայլ արեցին եւ այլն: Այս բոլոր հանդուրժողականությամբ հանդերձ՝ երկու կողմերի ղեկավարությունների մասին էլ դավաճանությունից սկսած՝ ինչ որակում ասես լինում է:
Այս գործընթացին ընդդիմադիր ուժերի նախաձեռնությունները, իհարկե, որոշ ազդեցություն ունենում են՝ հաշվի առնելով հայկական Սփյուռքի գործոնը: Չէի ասի, թե բոլոր ընդդիմախոսները 100 տոկոսով ցոլացնում են Սփյուռքի տրամադրությունները: Ես հայկական Սփյուռքի տրամադրությունների ու զգայնությունների, ազգային շահերի վերաբերյալ կողմնորոշումների մենաշնորհը որեւէ քաղաքական ուժի կամ կառույցի վերապահված չեմ պատկերացնում:
– Վարչապետ Տիգրան Սարգսյանը հայտարարեց, թե Սփյուռքի «միայն մի փոքրիկ՝ քաղաքականացված հատվածն է դեմ այդ արձանագրություններին»: Իսկ ՀՀՇ վարչության անդամ Հովհաննես Իգիթյանը պնդում է. «Սփյուռքի մեծ մասն անտարբեր է, որովհետեւ անտեղյակ է, կամ անտեղյակ է, որովհետեւ անտարբեր է»: Ո՞ր պնդումն է Ձեր համար ավելի հիմնավոր:
– Այդ երկու կարծիքներն իրար ամբողջացնում են: Փոքր մասը՝ քաղաքականացված հատվածն ակտիվ է: Իսկ անտարբերության պատճառը պիտի հասկանանք՝ գուցե այսքան ջանքով հանդերձ, Սփյուռքը դեռեւս լիովին իրազեկված էլ չէ այս գործընթացին, քանի որ դրա համար շատ քիչ ջանքեր էին գործադրվել: Իրազեկելու քողի տակ ամեն մեկը փորձում է Սփյուռքն իր կողմը քաշել: Ընդհանրապես մեր Սփյուռքը ինքնադրսեւորման խնդիրներ ունի, իսկ այս պարագայում՝ ակամա ներքաշված է թվում այս բանավեճի մեջ: Այսքա՜ն նվազ բան գիտենալով՝ այսքան սուր կողմնորոշվելը մի քիչ հակասական է երեւում: Բայց Հայաստանը կարող է անգամ օգտվել այս գործընթացից, որ քաղաքական սուր բանավեճ է ընթանում, մարդիկ ազատ, համարձակ իրենց մոտեցումները կարողանում են արտահայտել: Մարդիկ ինչ ունեն ասելու՝ պիտի ասեն, ու նոր պետական մի որոշում կայացվի: Հայաստանն իսկապես իր համազգային ուժերը համախմբելու անհրաժեշտությունը պիտի ունենա, որպեսզի Թուրքիայի հետ բանակցություններում կարողանա ապահովել առավելագույնը:   

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել