Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Կճանաչենք մենք, կճանաչի Ռուսաստանը

Նոյեմբեր 05,2009 00:00

ԼՂՀ անկախության մասին այդ կարծիքի է Վահան Շիրխանյանը

«Մենք ականատես ենք փոփոխությունների: Ոչ վաղ անցյալում ԱՄՆ-ն պնդում էր Ադրբեջանի տարածքային ամբողջականության թեզը: ԱՄՆ-ի մոտեցումներն ու շեշտադրումները փոխվել են, քանի որ քաղաքական դաշտը հարստացել է մի նոր իրադարձություններով՝ հայ-թուրքական արձանագրություններով»,- երեկ «Ա1+»-ին ասաց ՀՀ պաշտպանության նախկին փոխնախարար Վահան Շիրխանյանը: Նրա կարծիքով՝ ԱՄՆ-ն այսօր մի կողմից ճնշում է Թուրքիային՝ Կոնգրեսում կրկին բարձրացրել են Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը, մյուս կողմից՝ Ադրբեջանին՝ երկու դեպքում էլ հարցը տանելու է հայ-թուրքական արձանագրությունների վավերացմանը: «Հայ-թուրքական  հարաբերությունների բարելավման դեպքում ամենաշահող կողմը դուրս կգա ԱՄՆ-ն: Հայ-թուրքական սահմանի բացումը ԱՄՆ-ի համար ռազմավարական նշանակություն ունի»,- ասաց պարոն Շիրխանյանը:
Ըստ ադրբեջանական մամուլի՝ ԱՄՆ պետքարտուղարի օգնական Թինա Քեյդենաունը հայտարարել է, որ կճանաչի ԼՂՀ-ի անկախությունը, եթե Ադրբեջանը հարձակվի Ղարաբաղի վրա՝ չնայած պաշտոնական Վաշինգտոնը հերքում է, որ եղել է նման հայտարարություն: Բոլոր դեպքերում հետաքրքրվեցինք՝ չե՞ք կարծում, որ նման հայտարարությամբ ԱՄՆ-ն ցույց է տալիս, որ մինչ օրս անարդար է  եղել՝ չճանաչելով ԼՂՀ-ի անկախությունը: Մեր հարցին՝ Վահան Շիրխանյանը պատասխանեց. «Միշտ էլ ոչ թե արդարությունն է գերակայել, այլ գերտերությունների շահերը: Հենց այդ շահով է պայմանավորված ԼՂՀ հարցում ԱՄՆ-ի դիրքորոշման փոփոխությունը»:
Հաշվի առնելով ՌԴ-ի նկատմամբ պարոն Շիրխանյանի, մեղմ ասած, դրական վերաբերմունքը, նրանից հետաքրքրվեցինք, թե ԼՂՀ-ի անկախությունը մինչ օրս ինչո՞ւ չի ճանաչել մեր ռազմավարական գործընկերը: «Իսկ ինչո՞ւ Հայաստանը չի ճանաչել ԼՂՀ-ի անկախությունը: Մենք միշտ պնդել ենք, որ ՀՀ-ն պետք է ճանաչի ԼՂՀ-ի անկախությունը: Կարծում եմ, որ ՌԴ-ն կճանաչի ԼՂՀ-ի անկախությունը ՀՀ-ի ճանաչումից հետո»,- ասաց պարոն Շիրխանյանը: Ինչ վերաբերում է այն լուրերին, թե ամերիկացիները տեղեկատվություն ունեն, որ Ադրբեջանը  պատրաստվում է վերսկսել պատերազմը, ապա Շիրխանյանը դրա հավանականությունը գնահատում է շատ ցածր. «Ադրբեջանը շատ լավ գիտի, որ պատերազմում հաղթելու շանսեր այսօր չունի»: Վահան Շիրխանյանը  գտնում է, որ այսօր թե ԱՄՆ-ի, թե Թուրքիայի, թե Ադրբեջանի եւ թե ՀՀ իշխանությունների բոլոր հայտարարությունները ներքին սպառման համար են:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել