Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ԵՐԿՈՒ ԼՈՌԵՑԻ՝ ՇԻՆԱՐԱՐԱԿԱՆ «ԱՏԿԱՏՆԵՐԻ» ՄԱՍԻՆ

Նոյեմբեր 05,2009 00:00

\"\"Ըստ Վիկտոր Դալլաքյանի, անգամ թվաբանությունից անբավարար
գնահատական ստացող աշակերտը գիտի շինարարական «ատկատների» մասին:

– Հոկտեմբերի 29-ի կառավարության նիստը, ըստ տեղեկությունների, սկսվել է վարչապետի ելույթով, որտեղ մանրամասն անդրադարձ է եղել թերթերից մեկին տված ձեր հարցազրույցին:
– Վարչապետական ինստիտուտի տրամաբանությունը ենթադրում է այնպիսի մոտեցում, որի հիմքում ընկած են պետական շահի գիտակցումը եւ համակարգային բնույթ կրող կոռուպցիայի դեմ իրական պայքար մղելու հրամայականը: Հանրության համար ընկալելի կլինի վարչապետ Սարգսյանի գործելաոճի հենց այդպիսի մոտիվացիան: Իմ հարցազրույցի վերաբերյալ գործադիր իշխանության ղեկավարի դրսեւորած վերաբերմունքը կդիտարկեի վարչապետական եւ պատգամավորական ինստիտուտների փոխհարաբերությունների համատեքստում եւ ոչ թե սուբյեկտիվ ընկալումների հարթությունում: Հատկանշական է, որ երկրի վարչապետը կառավարության նիստը սկսում է մեկ անհատ պատգամավորի հարցազրույցի մանրակրկիտ վերլուծությամբ, վերահաստատում իմ հարցադրումների հրատապությունը, անձիս նկատմամբ դրսեւորում հարգալից ռիտորիկա: Կառավարության վերոհիշյալ նիստում վարչապետը նշել է, որ «մասնավորապես, Վիկտոր Դալլաքյանը հայտարարել է, թե ինքը գիտի, որ Հայաստանում պետական չինովնիկները զբաղված են փողերի լվացմամբ: Դա նշանակում է, որ համապատասխան կառույցները պետք է արձագանքեն այս հայտարարությանը: Կարծում եմ՝ եւ դատախազությունը, եւ Կենտրոնական բանկը պարտավոր են հրապարակայնորեն արձագանքել Վիկտոր Դալլաքյանի այս հայտարարությանը: Ովքե՞ր են Հայաստանի Հանրապետությունում բարձրաստիճան չինովնիկները, որոնք զբաղված են փողերի լվացմամբ»: Սա մեջբերում է «ՀՀ» օրաթերթի 2009թ. հոկտեմբերի 30-ի համարից: Իմ հարցազրույցում (29-30 հոկտեմբերի, 2009թ.) քննադատության ենթարկելով կառավարության հեղինակած «ՀՀ կառավարության որոշմամբ ընտրված հանրային եւ բնակարանային շինարարության կառուցապատման ծրագրերի համաֆինանսավորման մասին» կոռուպցիոն մեծ ռիսկեր պարունակող օրինագիծը՝ ես նշել եմ. «Մենք գիտենք, որ ՀՀ-ում նման ծրագրերի իրականացման թիկունքում կանգնած են բարձրաստիճան չինովնիկներ, որոնք փողեր են լվանում»: Ուշադրություն դարձրեք իմ օգտագործած ձեւակերպմանը՝ «մենք գիտենք», այլ ոչ թե՝ «ես գիտեմ»: Այսինքն՝ շինարարության բնագավառում տարածված եւ բարձրաստիճան չինովնիկների հովանավորությամբ իրականացվող համատարած ու համակարգային բնույթ կրող չարաշահումների մասին գիտենք մենք բոլորս՝ հասարակությունը, վարչապետը, կոռուպցիայի դեմ պայքարին կոչված համապատասխան մարմինները եւ անգամ մանկապարտեզի երեխաները, էլ չեմ խոսում դպրոցականների մասին: Կասկածել այդ բացարձակ ճշմարտությանը, նշանակում է կասկածել, թե ապացուցման կարիք ունի այն, որ մեկին գումարած մեկ հավասար է երկուսի: Միայն Հայաստանում կարող են կասկածել, որ մեկին գումարած մեկ հավասար է երկուսի:
– Սակայն դուք այնպիսի մեղադրանքներ եք ներկայացրել, որոնց համար լուրջ փաստեր են հարկավոր, շինարարության բնագավառում իրականում առկա կոռուպցիայի եւ պետական միջոցները յուրացնելու մասին ունե՞ք կոնկրետ փաստեր:
– Այդօրինակ բազմաթիվ փաստերի վերաբերյալ մենք բոլորս պարբերաբար տեղեկանում ենք, մասնավորապես, մամուլից եւ հանրությանը հայտնի այլ աղբյուրներից: Բայց ձեր հարցադրմանը նախանձելի կոնկրետիկա դրսեւորելով՝ փաստորեն պատասխանել է իմ կողմից հարգված վարչապետը: Այսպես, ս.թ. հոկտեմբերի 15-ի կառավարության նիստում վարչապետը, մասնավորապես, նշել է. «Պետք է հրաժարվել այն բոլոր ավանդույթներից, որ շինարարների միջավայրում ձեւավորվել են: «Ատկատների» մասին է խոսքը, ձեր ճանշինի պրոբլեմների մասին է խոսքը: Բազմաթիվ բացահայտումներ են կատարվել»: Վարչապետի ելույթի այս հատվածը տպագրված է «ՀՀ»-ի հոկտեմբերի 30-ի համարում: Այսպիսով, վարչապետը դեռեւս իմ՝ հետաքրքրություն առաջացրած հարցազրույցից շատ առաջ է խոսել շինարարության բնագավառում արմատավորված հանցավոր ավանդույթների մասին: Կառավարության վերոհիշյալ նիստում վարչապետը՝ տրանսպորտի եւ կապի նախարարին հիշեցնելով, որ ժամանակին խնդիր էր դրված ճանապարհաշինության համար հատկացված 6.8 մլրդ դրամը կրճատել, սակայն նախարարության մասնագետները նույնիսկ այդ գումարը քիչ են համարել՝ այն դեպքում, երբ վերահսկիչ ծառայության աշխատակիցները պնդում են, որ սկսած աշխատանքը հնարավոր է ավարտին հասցնել ընդամենը 5 մլրդ դրամով, եզրափակել է. «Սա է պատճառը, որ ես զայրանում եմ: Ի՞նչ են մտածում այստեղ նստած մեծ գումար պահանջող մարդիկ: Չէ՞ որ տրանսպորտի եւ կապի նախարարին էր հանձնարարված կրճատել ծախսերը» («Հայաստանի Հանրապետություն», 16-ը հոկտեմբերի 2009թ., էջ 2): Ի դեպ, կարող է հարց առաջանալ՝ իսկ մի՞թե վարչապետը նոր է տեղեկանում, թե ինչպիսի խայտառակ վիճակ է տիրում շինարարության բնագավառում: Չեմ կարծում, բայց մտածում եմ, որ՝ լավ է ուշ, քան երբեք:
Վարչապետը միանգամայն իրավացիորեն խիստ գնահատականներ է տվել ճանապարհաշինության բնագավառում ավանդույթ դարձած իր բառերով՝ «ատկատների» եւ «բազմաթիվ բացահայտումների» վերաբերյալ: Ես ընդամենը գունեղ եւ առավել ընդհանրական ձեւով եւ իրավական ձեւակերպում օգտագործելով, այն է՝ «փողերի լվացում», գնահատականներ եմ տվել ընդհանրապես շինարարական ինդուստրիայում առկա դատապարտելի երեւույթներին: Անվիճելի է, որ եթե վարչապետի արտահայտությամբ՝ «ատկատներ» կան ճանապարհաշինության ոլորտում, ապա դրանք կան եւ չէին կարող չլինել շինարարությունում ընդհանրապես: Բացի այդ, մասնավորապես, շինարարության բնագավառում տարածված չարաշահումների եւ դրանք հովանավորող բարձրաստիճան չինովնիկների դատապարտելի գործելաոճին նվիրված տարաբնույթ հրապարակումներն անպակաս են հայաստանյան մամուլի էջերից: Հետաքրքրասերները եւ կոռուպցիայի դեմ պայքարին կոչված համապատասխան մարմինները, որոնց տարբեր տրամաչափի չինովնիկներին են նաեւ նվիրված մամուլի մի շարք հրապարակումները շինարարության բնագավառում առկա մեքենայությունների մասին, անսպառ տեղեկատվություն կարող են ստանալ նաեւ Վերահսկիչ պալատի 2007-2009 թթ. հաշվետվություններից եւ այդ պալատի նախագահի հրապարակային ելույթներից: Եվ վերջապես, անգամ թվաբանությունից անբավարար գիտելիքներ ունեցող դպրոցականները գիտեն շինարարության բնագավառում արմատավորված նվազագույնը 10-ից 20 տոկոսանոց «ատկատների» մասին: Ի դեպ, օրերս ՀՀ գլխավոր դատախազի հետ հանգամանորեն քննարկել եմ իրավական կատեգորիա հանդիսացող «փողերի լվացման» եւ ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի ուժեղացման ուղղությամբ օրենսդրական փոփոխություններ կատարելու հարցերը՝ ձեռք բերելով կոնկրետ պայմանավորվածություններ:
– Շինարարությանը վերաբերող կառավարության հեղինակած օրինագծի հետ կապված վարչապետը խոստովանել է, որ եթե այդ օրինագիծը, ինչպես դուք եք նշում, ստեղծում է կոռուպցիոն ռիսկեր, ապա, բնականաբար, նպատակահարմար է, որ կառավարությունն այն չընդունի:
– Չէի ցանկանա զբաղվել վարչապետի քայլերը կանխագուշակելով: Իմ գնահատականով՝ կառավարության հեղինակած հայտնի օրինագիծը կոռուպցիոն լուրջ ռիսկեր է պարունակում: Համոզված եմ, որ պետության համաֆինանսավորմամբ իրականացվող շինարարական ծրագրերը բացառապես պետք է ունենան սոցիալական ուղղվածություն, որի արդյունքում բնակարաններով պետք է ապահովվեն բնակչության սոցիալապես անապահով խավերը, հաշմանդամները, զոհված կամ վիրավոր ազատամարտիկների ընտանիքները, երիտասարդ ընտանիքները:
– Ինչպիսի՞ն կարող է լինել վարչապետի արձագանքը ձեր առաջարկություններին:
– Համարժեք: Հավելեմ նաեւ, որ շախմատային ֆիգուրների եւ հատկապես ձիու վարքագիծը անհնար է կանխատեսել: Հուսով եմ, որ համարժեք եւ ճշգրիտ քայլեր կատարելու հարցում վարչապետին թերեւս մեծապես կօգնի նրա վանաձորյան ծագումը: Չէ՞ որ ես էլ եմ վանաձորցի՝ միամիտ լոռեցի:

Հ .Գ. Վիկտոր Դալլաքյանի բաց նամակը վարչապետին կարդացեք 10-րդ էջում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել