Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ԳՅՈՒՄՐԻՈՒՄ ԱՎԵԼԻ ԱՆՏԱՐԲԵՐ ԵՆ, ՔԱՆ ԵՐԵՎԱՆՈՒՄ

Նոյեմբեր 05,2009 00:00

\"\"Տեսնես Գյումրիում եւ Արթիկում քանի՞ մարդ կմասնակցի հայ-թուրքական
արձանագրությունների եւ «Մադրիդյան սկզբունքների» դեմ բողոքի ակցիային:

«Քաղաքացիական ազգային նախաձեռնություն» հ/կ-ի, Թեղուտի պաշտպանության խմբի անդամների, այդ թվում նաեւ՝ ՀՀ ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանի նախաձեռնությամբ նոյեմբերի 6-ին Շիրակի մարզում՝ Արթիկ եւ Գյումրի քաղաքներում, տեղի է ունենալու բողոքի ակցիա՝ ընդդեմ հայ-թուրքական արձանագրությունների եւ «Մադրիդյան սկզբունքների»:
Բողոքի ակցիաների նախաձեռնող խումբը երեկ հայտարարություն է տարածել, որում ասված է, թե «ազգադավ արձանագրությունների վավերացումն ու մադրիդյան սկզբունքների կենսագործումը ամբողջությամբ վտանգում են Հայաստանի ու Արցախի հանրապետությունների ազգային ու պետական շահերը, հակասում են աշխարհասփյուռ հայության համազգային տեսլականին՝ մեր կորսված Հայրենիքին վերատիրանալու սրբազան իրավունքին ու պարտականությանը»: Նախատեսվում է, որ միջոցառումները տեղի կունենան Արթիկում՝ քաղաքի կենտրոնական հրապարակում, իսկ Գյումրիում՝ Վ. Աճեմյանի անվան թատրոնի հարակից տարածքում: Պարզ չէ, թե արդյոք նախաձեռնող խումբը նախատեսում է զանգվածայի՞ն միջոցառում անցկացնել ու թե՝ այդ միջոցառումների անցկացման հետ կապված դիմե՞լ է քաղաքային իշխանություններին, բայց որ գոնե Գյումրիում երեկ երեկոյան էլ քչերն էին տեղեկացված ակցիայի մասին՝ փաստ է:
«Առավոտը» փորձեց պարզել, թե այդ նախաձեռնությանն արդյոք մասնակցելո՞ւ են հայ-թուրքական արձանագրությունների եւ «Մադրիդյան սկզբունքների» դեմ Երեւանում ակտիվորեն հանդես եկող մյուս նախաձեռնությունները, օրինակ՝ «Միացումը» կամ «Սարդարապատը», Շիրակի մարզում գործող քաղաքական եւ հասարակական կառույցները: Ժիրայր Սեֆիլյանը «Առավոտի» հետ զրույցում այդ նախաձեռնությունը ողջունելով հանդերձ՝ ասաց, թե դրան չի մասնակցի, որովհետեւ դրա կազմակերպման ձեւաչափն է այլ: Իսկ Շիրակի մարզում ակտիվ քաղաքական գործունեություն ծավալած Հայ ազգային կոնգրեսի մարզային կառույցի համակարգող, արցախյան ազատամարտի մասնակից Աշոտ Զաքարյանն էլ անակնկալի եկավ մեր հարցադրումից: Պարզվեց, որ նա, ինչպես շատ այլ գյումրեցիներ եւ արթիկցիներ, տեղյակ չէր կայանալիք միջոցառումների մասին: Հնարավո՞ր է, որ ՀԱԿ-ի տեղական կառույցներն ու գյումրեցի ազատամարտիկները, որոնք եւս հանդես են եկել այդ արձանագրությունների եւ «Մադրիդյան սկզբունքների» դեմ, այնուամենայնիվ, մասնակցեն բողոքի այդ ակցիաներին: Զաքարյանի ասելով, իրենք նման որոշում չունեն, նման հարց չի էլ քննարկվել՝ մանավանդ, որ դրա մասին առաջին անգամ են լսում:
Ինչ վերաբերում է հիշյալ խնդիրների շուրջ գյումրեցիների շրջանում առկա տրամադրություններին, ապա գյումրեցի Ա. Զաքարյանն ասաց, թե դժգոհությունը մեծ է ե՛ւ հայ-թուրքական հարաբերություններում ընթացող գործընթացների, ե՛ւ «Մադրիդյան սկզբունքների» առնչությամբ, իհարկե, այնքանով, որքանով, որ մարդիկ տեղեկացված են դրանց մասին: Սա այն դեպքում, երբ հենց Գյումրիից նաեւ հակառակ կարծիքն է հնչում. ոմանք, եթե չասենք ոգեւորված, ապա գոնե դրական վերաբերմունք ունեն մասնավորապես հայ-թուրքական սահմանի բացման վերաբերյալ՝ այն հույսով, որ Գյումրի-Կարս երկաթուղու գործարկման պարագայում, որպես սահմանակից բնակավայրի բնակիչներ, իրենց սոցիալական վիճակը կարող է թեթեւանալ, եւ Գյումրին էլ տնտեսապես՝ աշխուժանալ: «Նախ՝ շատերը չեն էլ հավատում, որ սահմանը բացվելու է՝ գոնե մոտ ապագայում, քանի դեռ Ղարաբաղի հարցում ինչ-որ առաջընթաց չի գրանցվել: Երկրորդ՝ եթե այդ սահմանը բացվի էլ, շարքային քաղաքացիները հազիվ թե կարողանան օգտվել այդ հնարավորությունից: Այսօր գյումրեցիների շրջանում գերիշխող է այն կարծիքը, ինչը նաեւ ես եմ կիսում, որ եթե սահմանը նույնիսկ բացվի էլ, միեւնույն է՝ դրանից օգտվելու են օլիգարխները եւ ոչ թե շարքային քաղաքացիները»,- հակադարձեց Աշոտ Զաքարյանը՝ նկատելով, որ, այդուամենայնիվ, Գյումրիում հայ-թուրքական արձանագրությունների եւ «Մադրիդյան սկզբունքների» դեմ բողոքի ակցիաներին քիչ թվով մարդ կմասնակցի: Զաքարյանի այդ կանխատեսումը պայմանավորված էր նաեւ նրանով, որ, ինչպես ինքն ասաց, Գյումրին պակաս քաղաքականացված է, քան Երեւանը, բայցեւ փաստն այն է, որ Երեւանում էլ այդօրինակ բողոքի ակցիաները սակավաթիվ են: Նրա ասելով, նույնիսկ ազգային հիմնախնդիրներին առնչվող հարցերի նկատմամբ մարդկանց անտարբերությունը Գյումրիում ավելի նկատելի է. «Եթե նույնիսկ Երեւանում ՀՅԴ-ի կազմակերպած եւ իշխանությունների կողմից ոչ թե խոչընդոտված, այլեւ՝ աջակցություն ստացած բողոքի հանրահավաքին է երկու, առնվազն երեք հազար մարդ մասնակցում, ուրեմն՝ պատկերացրեք, որ Գյումրիում վիճակն այդ իմաստով ավելի տխուր է»:
Ինչ վերաբերում է ՀԱԿ-ին, ապա Կոնգրեսի կառույցները, մասնավորապես՝ Գյումրիում, նրա հավաստմամբ, ակտիվ են գործում. գրեթե ամեն շաբաթ կազմակերպվում են տարաբնույթ քննարկումներ՝ նաեւ Երեւանից հրավիրված եւ տեղեկացված փորձագետների, քաղաքական գործիչների մասնակցությամբ, որոնք փորձում են իրենց դիրքորոշումները խնդրո առարկա հարցերի վերաբերյալ նաեւ մամուլի միջոցով ներկայացնել գյումրեցիներին: «Մենք աշխատում ենք մարդկանց հետ ամենօրյա շփումների ռեժիմով»,- հավաստիացրեց ՀԱԿ-ի Շիրակի մարզային գրասենյակի համակարգող Աշոտ Զաքարյանը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել