Լրահոս
Օրվա լրահոսը

ՄՐՑՈՒՅԹԻ ՀԱՂԹՈՂՆԵՐՆ ԱՐԴԵՆ ՀԱՅՏՆԻ ԵՆ

Նոյեմբեր 04,2009 00:00

Օրերս «Միսս եւ միստր Աշխարհ» միջազգային կազմկոմիտեի նախաձեռնությամբ «Մետրո» թատրոնում կայացավ «Միսս եւ միստր Աջափնյակ 2010» մանկական մրցույթ-փառատոնը, որն անցկացվում էր 3-6 տարեկանների շրջանում: «Միստր Աջափնյակ» դարձավ 4-ամյա Կարեն Գոգչյանը, «Միսս Աջափնյակ» տիտղոսն էլ բաժին հասավ 3-ամյա Էմմա Շահնազարյանին եւ 4-ամյա Մերի Օհանջանյանին:
Ըստ «Միսս եւ միստր Աշխարհ» միջազգային կազմկոմիտեի նախագահ, մրցույթ-փառատոնի հեղինակ, հիմնադիր Աշոտ Խաչատրյանի՝ միջոցառման նպատակն է՝ աշխարհին ցույց տալ հայ մանուկների գեղեցկությունը. «Ժամանակին ինձ ծանոթ մի երիտասարդ, որն աշխատում էր ռուսական հեռուստաընկերություններից մեկում, ասաց՝ հայ երեխաները պիտի գրավեն աշխարհի բեմերը իրենց գեղեցկությամբ: Այդպես էլ եղավ, նախաձեռնեցի այս մրցույթը, որ հայ մանուկներն ինքնաարտահայտվելու հնարավորություն ունենան»:
Ա. Խաչատրյանի փոխանցմամբ՝ մրցույթն անցկացվում է 1992 թվից. «Ունենք համաշխարհային ճանաչում. մեր երեխաները հանդես են եկել Իսպանիայում, Հունաստանում, Բրազիլիայում: Մրցույթն անցկացնում ենք հանրապետության բոլոր մարզերում, Երեւան քաղաքի համայնքներում: Այսօր Աջափնյակ համայնքի փուլն է, որի հաղթողները՝ առավել աչքի ընկածները դուրս կգան քաղաքային փուլ, որն էլ տեղի կունենա հունիսին, ապա կլինի հանրապետական փուլը եւ հաղթող երեխան կմասնակցի «Միսս Աշխարհին»: Չենք սահմանափակվում Երեւանով, քանի որ մարզերում ունենք շատ գեղեցիկ երեխաներ, որոնք հանրությանը երեւալու խնդիր ունեն»:
Հարցին, թե կա՞, արդյոք, կոմպլեքս հայկական ընտանիքների երեխաների մեջ, Ա. Խաչատրյանը նկատեց. «Ի տարբերություն մյուս անօրինական կազմակերպվող մրցույթների, մեր՝ «Միսս եւ միստր Աշխարհ» մրցույթի մասնակից երեխաները մեզ մոտ ազատվում են կոմպլեքսներից, մենք երկար աշխատում ենք նրանց հետ, դաստիարակում եւ սովորեցնում ենք բեմելին, ազատում թերարժեքության բարդույթներից»:
«Առավոտը» զրուցեց նաեւ «Միսս եւ միստր Աջափնյակ 2010» մրցույթի մասնակից երեխաների ծնողների հետ, որոնցից մի քանիսի փոխանցմամբ՝ մրցույթն անց է կացվում ոչ արդար ընտրությամբ: Ինչպես փաստում էին ծնողները, առաջին տեղի մրցանակն արդեն վաղուց գնված էր: Այս մասին Ա. Խաչատրյանն ասաց. «Դա մեր մասին չէ, մեզ կաշառքը չի վերաբերում: Քանի որ ես ինքս կամակատար չեմ, ես 2003 թվականին նույնիսկ քաղաքացիների նախաձեռնությամբ առաջադրվել եմ Ազգային ժողովի պատգամավորության թեկնածու, ես ոչ մեկից կախում չունեմ: Ասեմ, որ մոտ 100 միջազգային մրցույթի լիցենզիաներ ստանում եմ արտերկրից: Այնպես որ, թե վարչապետից, թե նախագահից ես չեմ վախենում, ոչ մեկը չի կարող ինձ հրամայել կամ զանգել…»:
«Միսս եւ միստր Աջափնյակ» մրցույթի ժյուրիի նախագահ, ժողովրդական նկարիչ, «Միսս եւ միստր Աշխարհ» միջազգային կազմկոմիտեի պատվավոր անդամ Լեւոն Թոքմաջյանը մրցույթի մասին ասաց. «Սա հայրենասիրական մեծ գործ է: Սիրով մասնակցում եմ, որովհետեւ գիտեմ, որ շատ կարեւոր գործ ենք անում: Ճիշտ է՝ լինում են ծնողներ, որ դժգոհում են: Դե գիտեք, յուրաքանչյուր ծնողի համար ամենագեղեցիկն իր երեխան է, բայց դրա համար ժյուրի գոյություն ունի: Կողքից շատ անաչառ նայում եւ գնահատում ենք այնպես, ինչպես զգում եւ տեսնում ենք: Ամեն անգամ մեր գնահատականից ծնողները դժգոհ են մնում, բայց դա նշանակություն չունի, որովհետեւ մենք ամենայն լրջությամբ ենք մոտենում հարցին: Մենք նայում ենք ոչ թե պրոֆեսիոնալ աչքով, այլ որ երեխայի հասակը համապատասխան լինի, աշխույժ լինի, շարժումները կոկիկ լինեն, մենք շատ բան չենք պահանջում, որովհետեւ սա պրոֆեսիոնալ մարդկանց մրցույթ չէ. պարզապես սիրուն երեխաներ են: Մեզ համար շատ ուրախալի է, որ կարողանում ենք ինչ-որ ձեւով նպաստել գեղեցիկի կայացմանը: Գեղեցիկի տարբեր ընկալումներ կան եւ գեղեցիկը սուբյեկտիվ ընկալում է: Այնպես որ, աշխատում ենք հնարավորինս օբյեկտիվ ու ազնիվ լինել»:
Հարցին՝ երբեւէ ժյուրիին գումար առաջակվե՞լ է, Լ. Թոքմաջյանը զարմացավ. «Գումա՞ր, ինչ եք ասում… Ոչ… Մենք մեր խղճի թելադրանքին ենք գնահատում»:
Նշենք նաեւ, որ մրցույթի ընթացքում նկարահանումները խստիվ արգելված էին:
Մի խումբ ծնողներ, որոնք չցանկացան ներկայանալ, «Առավոտի» հետ զրույցում դժգոհեցին, որ հատուկ մտածված կերպով չէր թույլատրվում նկարահանումներ անել, որ մրցույթից հետո ծնողները իրենց երեխաների լուսանկարները կազմակերպիչներից գումարով ձեռք բերեն: Բացի այդ, ծնողների հավաստմամբ, եղել է նաեւ տոմսերի պարտադրված վաճառք՝ 5 տոմսից ոչ պակաս:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել