Հայաստանում, ինչպես ողջ աշխարհում, վերջին շրջանում աճել է թմրամոլների թիվը
Մեր երկրում արդեն 30000 թմրամոլ կա, որից միայն 1141-ն է բուժում ստացել: Երեկ լրագրողների հետ հանդիպման ժամանակ թմրամոլության զարգացման ու դրա դեմ պայքարի մասին իրենց տեսակետները ներկայացրին Նարկոկլինիկայի ղեկավար Պետրոս Սեմերջյանը եւ ԱԺ պատգամավոր Մկրտիչ Մինասյանը:
«Հայաստանը ամենաառաջատար երկրներից է, որը ե՛ւ օրենսդրական, ե՛ւ սոցիալական դաշտում թմրամոլության խնդիրը ուշադրության կենտրոնում է պահում ու կիրառում է համարժեք միջոցներ»,- վստահեցրեց Պ. Սեմերջյանը:
Պարոն Մինասյանի խոսքով էլ՝ այս խնդիրը կարգավորելու նպատակով վերջին շրջանում Հայաստանում մի շարք օրենսդրական բարեփոխումներ են իրականացվել. 2002-ին ընդունված թմրամոլության դեմ պայքարին վերաբերվող օրենքում նախորդ տարի որոշակի փոփոխություններ արվեցին՝ համապատասխանեցնելով միջազգային նորմերին եւ Եվրոպական կոնվենցիային. «Հիմնական խնդիրն այս է. նախկինում օրենքում պահանջ կար՝ եթե թմրամիջոց օգտագործողը քրեորեն հետապնդվում էր, հիմա քրեական գործ չի հարուցվում, նրանց նկատմամբ կիրառվում է վարչական վարույթ եւ սահմանված են ֆինանսական պատժամիջոցներ, օրենքի պահանջները խստացվել են թմրամիջոց տարածողների, վաճառողների համար: Օրենքի այս փոփոխություններն էլ նպաստեցին թմրամոլության դեմ պայքարի արդյունավետությանը»: Մ. Մինասյանի տեղեկացմամբ, վերջին շրջանում բուժման գործընթացը եւս իրականացվում է նոր, ժամանակակից մեթոդներով: Պարոն Սեմերջյանն էլ հավելեց, որ թմրամոլներից շատ քչերն են, որ բուժվելու ցանկություն են հայտնում. «Թմրամոլությունից կտրելով՝ մենք լուծում ենք ոչ միայն առողջապահական խնդիր, այլեւ սոցիալական՝ վերականգնվում են ընտանիքը, սոցիալական կապերը, անհատը դուրս է մնում կրիմինալ դաշտից եւ չի նպաստում կրիմինալի զարգացմանը»: Պ. Սեմերջյանի հավաստմամբ, թմրամոլները սոցիալական տարբեր շերտերից են: Վերջինիս տվյալներով, բուժումից հետո միայն 20%-ն է, որ այլեւս թմրամոլությամբ չի զբաղվում: Ասուլիսի ընթացքում բանախոսներն անդրադարձան նաեւ հայ-թուրքական սահմանի բացմանը: Մ. Մինասյանի կարծիքով, սահմանի բացումը մտորումների տեղիք է տալիս. «Ես կողմ եմ դիվանագիտական հարաբերություններ հաստատելուն, բայց միաժամանակ գտնում եմ, որ կան մարտահրավերներ, եւ կա նաեւ Թուրքիայից թմրամիջոցների հոսքի հավանականություն»: Պարոն Սեմերջյանն էլ կարծիք հայտնեց, որ վտանգ է տեսնում ոչ միայն թուրքական, այլեւ մյուս բոլոր սահմանների դեպքում. «Թուրքիայի սահմանի բացելը կապել թմրամիջոցների՝ Հայաստան հոսքի հետ, ճիշտ չէ, որովհետեւ նմանատիպ փորձեր արվում են բոլոր սահմաններից, կարծում եմ՝ պարզապես պետք է ավելի լուրջ վերահսկողություն սահմանել»: