Առաջիկա շաբաթ օրը պաշտոնապես կավարտվի ֆուտբոլի Հայաստանի 18-րդ առաջնությունը: Սակայն դա միայն վիճակագրության սիրահարների ու ֆուտբոլի պատասխանատուների համար է, մինչդեռ երկրպագուների համար առաջնությունն արդեն իսկ ավարտված կարելի է համարել՝ հայտնի են չեմպիոնը, մրցանակակիրները, տարվա գլխավոր անհաջողակը: Որեւէ տեղաշարժ ընդամենը ութ հորիզոնականից բաղկացած առաջնությունում՝ հնարավոր չէ. բոլոր քայլերը սպառված են: Առաջնությունում կախման կետեր այլեւս չկան:
Այս առումով հատկանշական էր անցած կիրակի կայացած նախավերջին տուրը: Պարտվելով «Միկային»՝ «Կիլիկիան» կորցրեց «Շիրակին» շրջանցելու բոլոր հնարավորությունները, իսկ «Ուլիսն» ու «Փյունիկն» էլ հաղթանակներով ապահովեցին, համապատասխանաբար, բրոնզե եւ ոսկե մեդալները:
«Փյունիկին», հիրավի, կարելի է կոչել 21-րդ դարի Հայաստանի անփոփոխ չեմպիոն: Այս թիմն իր 12 չեմպիոնություններից անընդմեջ 9-րդն է ձեւակերպում՝ մի կողմից հերթական անգամ հաստատելով իր հեգեմոնիան հայկական ֆուտբոլում, իսկ մյուս կողմից՝ վերջինիս ճահճացած վիճակն ի ցույց դնելով: «Փյունիկն» արդեն ապացուցել է, որ անկախ նրանից, թե ո՞վ է կանգնած իր ղեկին, ովքե՞ր են հանդես գալիս թիմում եւ ի՞նչ ծանրաբեռնվածությամբ, ի վիճակի է կայուն ֆուտբոլ ցուցադրել՝ կայուն-հաղթական: Նրա ամբիցիաներն ու հոգեբանությունն իր համար ամենաթույլ մրցաշրջանում անգամ չեմպիոնական են՝ ի տարբերություն «Միկայի», որին, օրինակ, այս չեմպիոնատից առաջ համարում էին հաղթողի գլխավոր հավակնորդ: Եվ, իսկապես, արդեն փոխչեմպիոն հռչակված թիմը մրցաշրջանի մեկնարկից առաջ հայաստանյան չափանիշներով լրջագույն նախապատրաստական փուլ անցկացրեց եւ «տպավորիչ» համալրում ստացավ: Սակայն այդ «վարդագույն երազը» արագորեն հօդս էր ցնդում: Թիմը դուրս մնաց գավաթի խաղարկությունից, հեռացվեց արտասահմանցի գլխավոր մարզիչը… Միայն չեմպիոնության հնարավորությունները չէին մարել: Ավելին, ընդամենը մի քանի տուր առաջ «Միկան» «Փյունիկին» հավասար էր ընթանում, բայց կրկին ինչ-որ բան «կոտրվեց»: Արդյունքում, «Միկան» ստիպված է բավարարվել երկրորդի կարգավիճակով: Ու պատճառը ոչ թե անարդար մրցավարությունն է կամ հաղթողի հոգեբանություն չունենալը, այլ՝ հենց չեմպիոնի հոգեբանության բացակայությունը: Արդեն քանիցս արտաքուստ կայուն, մեր չափանիշներով՝ հաջող մրցաշրջան անցկացնող «Միկան» վճռական պահերին չի դիմացել իրավիճակի լարվածությանը՝ կորցնելով այն, ինչն արդարացիորեն կարող էր իրեն պատկանել:
Ի տարբերություն «Միկայի», «Ուլիսի» բրոնզագույն մեդալները արդարացի վաստակած կարելի է համարել: Ավելին, սա լուրջ առաջընթաց էր Սեւադա Արզումանյանի թիմի համար եւ հուսանք՝ այդ ճանապարհի սկիզբն է միայն: Ի վերջո, բոլորս ենք հիշում եւ տեսնում, թե ինչ «զարգացում» ապրեցին նախորդ առաջնության արծաթե եւ բրոնզե մեդալակիրները 2009-ին. միայն «ոսկե խաղում», այն էլ՝ կասկածելի մրցավարությամբ չեմպիոնությունը տանուլ տված «Արարատն» այս տարվա արդյունքներով հրաժեշտ տվեց բարձրագույն խմբին, իսկ էքս-բրոնզե մեդալակիր Կապանի «Գանձասարը» ձախողած մեկնարկից հետո դժվարությամբ վերագտավ իր խաղն ու վերջնահաշվում հանգրվանեց հինգերորդ հորիզոնականում:
Մեր առաջնության մասնակից մյուս երեք թիմերից առաջընթաց կարելի է գրանցել միայն «Կիլիկիայի» մոտ, որը խախտեց նախորդ տարիների տխուր ավանդույթն ու վերջին հորիզոնականից մեկ քայլ վերեւ բարձրացավ: Սակայն հանուն արդարության նշենք, որ այստեղ խառն էր «ֆուտբոլային սուլող աստվածների» մատը: Փաստ չէ, որ արդար մրցավարության դեպքում «Կիլիկիայի» ու «Արարատի» միջեւ միավորային տարբերությունը հօգուտ առաջինների կլիներ:
Ինչ մնում է չորրորդ տեղը զբաղեցրած «Բանանցին» եւ վեցերորդում ամրագրված «Շիրակին», երկուսն էլ մեծ հաշվով դժգույն մրցաշրջան անցկացրին՝ առանց զարգացման հեռանկարի: Սա է այսօրվա մեր պարադոքսալ ֆուտբոլի պատկերը, ցավալիորեն կանխատեսելի ու միաժամանակ տարօրինակ վայրիվերումներով: Սա է մեր ֆուտբոլը, որում հարցականները հստակությունից հետո են միայն ծնվում՝ հենց այն ժամանակ, երբ հերթական անգամ մեռնում է հեռանկարի ու առաջընթացի հույսը: