Լրահոս
Օրվա լրահոսը

ՇԱԽՄԱՏԱՅԻՆ ԽԱՉՄԵՐՈՒԿՆԵՐ

Նոյեմբեր 04,2009 00:00

Ուժեղագույնները հավաքվել են Մոսկվայում

\"\"Այսօրվանից մինչեւ նոյեմբերի 18-ը Մոսկվայում ընթանալու է աշխարհի չեմպիոն Միխայիլ Տալի չորրորդ հուշամրցաշարը, որի գլխավոր խմբում (ՖԻԴԵ-ի դասակարգմամբ՝ 21-րդ կարգ) հանդես են գալու աշխարհի ներկայիս գրեթե բոլոր ուժեղագույն գրոսմայստերները: Նրանք են. գրոսմայստերներ Վիշվանաթան Անանդ (Հնդկաստան), Լեւոն Արոնյան (Հայաստան), Մագնուս Կարլսեն (Նորվեգիա), Վլադիմիր Կրամնիկ (Ռուսաստան), Պետեր Լեկո (Հունգարիա), Բորիս Գելֆանդ (Իսրայել), Վասիլի Իվանչուկ (Ուկրաինա), Ալեքսանդր Մորոզեւիչ (Ռուսաստան), Պյոտր Սվիդլեր (Ռուսաստան), Ռուսլան Պոնոմարյով (Ուկրաինա):

Մեդալի հույսերը նվազագույն են

Երեկ Արգենտինայի Պուերտո Մադրին քաղաքում ավարտվեց շախմատի մինչեւ 20 տարեկանների աշխարհի տղաների եւ աղջիկների առաջնությունը:
Նախավերջին՝ 12-րդ տուրում մինչ այդ երրորդ տեղում ընթացող հայաստանցի գրոսմայստեր Ավետիք Գրիգորյանը պարտվեց առաջատարին՝ Ռուսաստանի ներկայացուցիչ Սերգեյ Ժիգալկոյին եւ 8,0 միավորով բաժանում էր 6-10-րդ հորիզոնականները: Այս էլ ո՞րերորդ տուրն է՝ 5,5 միավորի սահմանագիծը չի կարողանում հաղթահարել աղջիկների պայքարին մասնակցող Աննա Հայրապետյանը, որը հերթական պարտությունից հետո հայտնվել էր 28-րդ տեղում:
Երեկ եզրափակիչ ռաունդում Ավետիքը սեւերով խաղում էր Յու Յանգյիի (Չինաստան), իսկ Աննան՝ տանտերերից Մարիա-Ֆլորենսիա Ֆեռնանդեսի հետ:

Գաբրիելն ու Տիգրանը կմեկնեն Խանտի-Մանսիյսկ

Ընտրական մի քանի փուլերի արդյունքում աշխարհի տարբեր մայրցամաքների 128 գրոսմայստերներ իրավունք են ստացել հանդես գալու ՖԻԴԵ-ի Աշխարհի գավաթի երրորդ խաղարկության եզրափակիչ մրցաշարում, որը մեկնարկելու է նոյեմբերի 21-ին եւ շարունակվելու է մինչեւ դեկտեմբերի14-ը:
Նրանց մեջ են նաեւ մեր հանրապետության ներկայացուցիչներ, օլիմպիական չեմպիոններ Գաբրիել Սարգսյանն ու Տիգրան Պետրոսյանը: Արդեն կայացել է մեկնարկային տուրի վիճակահանությունը: Գաբրիելը սպիտակներով խաղալու է չինաստանցի Լի Չաոյի հետ, իսկ Տիգրանի մրցակիցը գերմանացի Գեորգ Մեյերն է:
Տեղեկացնենք, որ Աշխարհի գավաթի խաղարկությունն անցկացվում է օլիմպիական մրցակարգով: Կայանալու է վեց ռաունդ, յուրաքանչյուրում՝ երկուական պարտիա: Յուրաքանչյուր տուրից հետո մասնակիցների թիվը կրճատվում է կեսով:

Անանդ-Կարպով՝ 3,5:0,5

Բաստիա եւ Այաչո քաղաքներում 15 րոպե տեւողությամբ երկուական պարտիայից բաղկացած մրցամարտ անցկացրին աշխարհի ներկայիս եւ 12-րդ չեմպիոններ Վիշվանաթան Անանդն ու Անատոլի Կարպովը: Երկու քաղաքներում էլ հաջողությունն ուղեկցեց հնդիկ շախմատիստին, որը 3,5:0,0 հաշվով ընդհանուր հաղթանակ տարավ:

Երկու «K»-երի մրցամարտը հետաձգվել է

\"\"«TWiC» լրատվական գործակալությունը երեկ ուշ երեկոյան տեղեկացրել է, որ դեկտեմբերի 11-13-ին Փարիզի աշխարհահռչակ «Լուվր» թանգարանում աշխարհի 12-րդ եւ 13-րդ չեմպիոններ Անատոլի Կարպովի եւ Գարրի Կասպարովի միջեւ նշանակված երկրորդ մրցամարտը չեղյալ է հայտարարվել: Իսկ թե ո՞ւմ պատճառով, ոչինչ չի ասվում: Նույն աղբյուրն ընդամենը հույսը չի կորցնում, որ այդ մրցամարտը կարող է կայանալ 2010 թվականին:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել