Գրողների միության նոր տպագրատունը ամերիկահայ գրող Լեւոն Զավեն Սյուրմելյան անունն է կրելու: Երեկ ՀԳՄ շենքում տեղակայված տպագրատան բացման արարողությունն էր: Տպագրատունը հիմնվել է Հայկական բարեգործական ընդհանուր միության (ՀԲԸՄ) եւ ՀԳՄ համատեղ ջանքերով: ՀԳՄ նախագահ Լեւոն Անանյանի խոսքով, կառավարության աջակցությամբ վերանորոգվել է Գրողների միության տունն ամբողջությամբ, նաեւ տպագրատան համար նախատեսված նկուղային հարկը. «Սա մեր վաղեմի երազանքն էր, ծրագիրը կյանքի կոչելու համար աշխատել ենք մոտ երեք տարի, այսուհետեւ կունենանք պատշաճ տպագրատուն»: «Գրողների միությունը կարեւոր հաստատություն է մեզ համար, վստահ եմ, որ տպարանը կնպաստի գրողների հրատարակչական ծրագրերի ընդլայնմանն ու գրքերի արտադրությանը»,- ասաց ՀԲԸՄ նախագահ Պերճ Սեդրակյանը:
Տպագրատան տնօրեն, արձակագիր Վահագն Մուղնեցյանի խոսքով, տպագրատունն արդեն ունի բոլոր հնարավորությունները՝ բազմաքանակ ու որակյալ տպագրություն իրականացնելու համար: