Լրահոս
Օրվա լրահոսը

Վանաձորցի երիտասարդները տեղեկացվեցին

Նոյեմբեր 04,2009 00:00

Այս տարվա նոյեմբերի 20-21-ին Վանաձորում կգումարվի ԵԱՀԿ մոդել հանձնաժողովի նիստ: Նպատակն է ԵԱՀԿ մոդելի միջոցով երիտասարդներին ծանոթացնել կազմակերպության բուն գործունեությանը, նպաստել տեղեկացվածության բաձրացմանը եւ քաղաքացիական հասարակության ակտիվացմանը: Նախապատրաստական աշխատանքների համար վերջին հանդիպումը հոկտեմբերի 30-31-ին էր՝ Լոռու երիտասարդական միջոցառումների կազմակերպման կենտրոնում:
Մասնակից 45 երիտասարդների համար առաջին օրը «Բանակցություններ վարելու դասընթաց» անցկացրեց ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետի դասախոս, քաղաքական գիտությունների թեկնածու Դավիթ Համբարյանը: Ինչպես այս օրերին քննարկվող գրեթե յուրաքանչյուր թեմա, այստեղ էլ, բուն էությունից զատ, անդրադարձ եղավ հայ-թուրքական հարաբերություններին:
Բանակցային կարողություններին անդրադառնալով՝ քաղաքական գիտությունների թեկնածուն համոզմունք հնչեցրեց. «Խնդիրը հարցը լուծելու ձեւի մեջ չէ, այլ՝ թե ինչպես լուծել, որ վաղը էդ խնդիրը նորից չունենաս»:
Միջազգային դիվանագիտական սեղանին դրված հարցերին անդրադառնալով՝ Դ. Համբարյանն ասաց, որ «եթե նախկինում վտանգ էր սպառնում մարդու կյանքին, ապա այժմ վտանգ է սպառնում ապրելու որակին. այսինքն՝ թե ինչ պայմաններ են կյանքի համար»:
Հայ-թուրքական հայանպաստ պետական փաստաթղթերի՝ միջազգային իրավունքով կենսակոչման առնչությամբ քաղաքական գիտությունների թեկնածուն ասաց. «Միջազգային իրավունքը հատվածաբար գործող մեխանիզմ է. գործում է այն ժամանակ, երբ թույլ են տալիս եւ որքանով թույլ են տալիս: Այն չի կարող լինել սկիզբն ու վերջը որեւէ խնդրի լուծման: Սեւրի եւ մյուս հայանպաստ պայմանագրերը լավ բան են, բայց անցյալ են»: Նա նաեւ համոզված է, որ «այն ժամանակվա աշխարհը չէր կարող «մարսել» 60 հազար քառ. կմ տարածքով դեպի ծով ելք ունեցող Հայաստանի գոյության գաղափարը»:
Մեզ հետ զրույցում Դ. Համբարյանը ԵԱՀԿ մոդել հանձնաժողովի գաղափարն այսպես գնահատեց. «Կարեւոր է՝ իմանալ ինչ կա աշխարհում, ինչպես ենք վարվելու, որն է լինելու մեր դիրքորոշումը կարեւորագույն հարցերի վերաբերյալ: ԵԱՀԿ մոդել հանձնաժողովը կօգնի՝ իմանալու այս հարցերի պատասխանները»:
ԵԱՀԿ մոդել հանձնաժողովի նիստի երկրորդ օրը «ՎիվաՍել MTS» ընկերության դասընթացավար Աննա Զարգարյանը խոսեց «Հրապարակային խոսք. հաղորդակցման հմտություններ» թեմայով: Այս կապակցությամբ ցուցադրված կարճատեւ ֆիլմերով եւ կազմակերպված խաղերով ամրապնդվեց ներկա երիտասարդների գիտելիքները:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել