Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Լոռեցիներին Վարդանը դուր եկավ

Նոյեմբեր 04,2009 00:00

\"\"«Վերելքի» վանաձորյան պրեմիերան

Վարդան Պետրոսյանի ներկայացումները միշտ էլ լավ են ընդունվել հանդիսատեսի կողմից: Օրերս Վանաձորի Շարլ Ազնավուրի անվան մշակույթի պալատում տեղի ունեցած «Վերելք» ներկայացման պրեմիերայի ժամանակ լեցուն դահլիճն ու բազմաշերտ հանդիսատեսը դրա վկայությունն էին: Վարդան Պետրոսյանի խաղն էլ տպավորիչ էր: Ժամանակ առ ժամանակ հնչող ծափահարությունները, ըստ իս, ուղղված էին դերասանի վարպետ խաղին, քանի որ հակառակ դեպքում պիտի ստիպված լինեմ արձանագրել, որ «ծիծաղում էին սեփական դժբախտության վրա», ինչպես այս իրավիճակը բնորոշեց Վանաձորի Սուրբ Գրիգոր Նարեկացի եկեղեցու հոգեւոր հովիվ տեր Վահան քահանա Ազարյանը:
Մեր ազգային խնդիրների վերաբերյալ աճող անտարբերությունն ու այսօրվա մտածելակերպի ցայտուն օրինակները ներկայացման մեջ համադրվում էին Կոմիտասի կերպարով ներկայացվող Մեծ եղեռնի իրականությանը, տեղիք տալիս, որ դերասանը տարակուսանքով ասի. «Արա, էտի իմ հետ չի էլե, էտի իմ պապու հետ ա էլե» ու «արդարացվում» է աճող անտարբերությունը…
Ներկայացումն ավարտվեց Վարդան Պետրոսյանի հետեւյալ խոսքերով. «Մենք այսօր հնձում ենք այն, ինչ երեկ ցանել են մեր նախնիները, վաղը մեր սերունդը հնձելու է այն, ինչ մենք ենք այսօր ցանում»: Վերջում արտիստը խոսեց ներկայացման ստեղծման մասին: Ասաց, որ երբ Հայաստանի Ազգային արխիվում իրեն են տվել հոր՝ Եղիշե Մանուկի Պետրոսյանի փաստաթղթերը, որտեղ կապույտ թանաքով խունացած թղթի վրա գրված էին կենսագրական որոշ տվյալներ. «Կոկորդս սեղմվել էր, բառ ասել չէի կարողանում»: Նա խոսեց նաեւ հոր կտակի մասին. «Սիրելինե՛րս, ձեզ եմ կտակում իմ միակ շոշափելի հարստությունը՝ գրադարանս, լա՛վ պահեք այն, այնտեղ իմ սիրտն է տրոփում»: Դերասանը հուզմունքով հիշեց, որ հոր՝ մանկատան փաստաթղթերում գրված էր, որ նա «խոստացել է լինել ազնիվ քաղաքացի»:
Ներկայացման մասին զրուցեցինք տեր Վահան քահանա Ազարյանի հետ. «Վարդանը տաղանդավոր մարդ է: Մի կողմից ցույց է տալիս, որ այդպիսի հանճար ունենք՝ հանձին Կոմիտասի, ազգ ենք, որ ճանաչվում է այդ հանճարով, մյուս կողմից՝ նա անհույս չի թողնում՝ մատնանշելով վերելքի ճամփան… Շատ ուրախ կլինեմ, որ ժամ ու կեսից ավելի բեմից հորդած ճշմարտությունը հասու դառնա շատերին: Մենք կոմիտասներով ենք ձերբազատվելու թերություններից եւ վերելք ապրելու»:
Վանաձորյան պրեմիերայի կազմակերպիչ, ռեժիսոր Ջանիկ Ավետիսյանն էլ նշեց. «Ես ցանկանում էի, որ Վանաձորի հանդիսատեսն էլ ականատես լինի Վարդան Պետրոսյանի խաղին, դրա համար ամեն ինչ արեցի, որ նա գա Վանաձոր»:
Երեւանի կինոյի եւ թատրոնի պետական ինստիտուտի Վանաձորի մասնաճյուղի դերասանական արվեստ բաժնի երկրորդ կուրսի ուսանող Իվան Անտոնյանը կարեւոր համարեց այսպիսի ներկայացումները՝ նշելով, որ Վարդան Պետրոսյանի նման տաղանդավոր դերասանից բեմական արվեստում սովորելու շատ բան կա:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել