Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՀԱՅԿԱԿԱՆ «ԿՈԴ ԴԱ ՎԻ՞ՆՉԻ»

Նոյեմբեր 04,2009 00:00

\"\"Կամ գործարարը Նոբելյան մրցանակ է երազում, բայց ոչ թե բիզնեսի, այլ` գրականության ասպարեզում

«Առավոտի» շաբաթ օրվա համարում տպագրված «Նոբելյանն ու Ներզեթյանը» լուրում տեղեկացրել էինք, որ գործարար, գրող Հովհաննես Ներզեթյանի «Արտավազդ եւ Կլեոպատրա» գործը ներկայացվել էր Նոբելյան մրցանակի, պարոն Ներզեթյանն էլ խոստացել էր, թե ցույց կտա Նոբելյան կոմիտեից ստացված այն փաստաթուղթը, որը կվկայի իր՝ լավագույն 15-20 գրողների թվում եզրափակիչ փուլ անցնելու մասին: Իսկապես, երկուշաբթի օրը պարոն Ներզեթյանը եկավ խմբագրություն եւ ներկայացրեց քառալեզու մի գրություն՝ հավաստիացնելով, թե այն ուղարկված է Նոբելյան կոմիտեի կողմից, ինչի մասին, սակայն, համապատասխան կայքում ոչ մի տեղեկատվություն չկար: Մեր զրուցակցի ասելով, նման բաները Նոբելյան մրցանակաբաշխության պաշտոնական կայքէջում տեղ չեն գտնում, ուղղակի շուրջ 800 գրողներից առանձնացված լավագույնները համապատասխան գրություն են ստանում, ինչը նշանակում է՝ պոտենցիալ հաղթողներ են: Հովհ. Ներզեթյանը արդեն քանի տարի պայքարում է Նոբելյան մրցանակակիր դառնալու համար ու ասում է, որ մյուս տարի էլ է իր գործը ներկայացվելու: Քանի որ, ըստ կարգի, հեղինակին պիտի ներկայացնի, օրինակ, բանասիրական գիտությունների դոկտորը, ԱԺ պատգամավորը, Նոբելյան մրցանակ ստացած անձը եւ այլն, Հովհ. Ներզեթյանին էլ Նոբելյան մրցանակի է ներկայացրել բանասիրական գիտությունների դոկտոր Արտեմ Սարգսյանը: Գործարար գրողի ասելով, իր գրքում պարոն Սարգսյանը նորաստեղծ բառեր է հայտնաբերել, նոր մտածողություն ու փիլիսոփայություն, ինչը, հեղինակի համոզմամբ, կհետաքրքրի եվրոպացիներին:
Իր «Արտավազդ եւ Կլեոպատրայի» մասին խոսելիս, Հովհ. Ներզեթյանը կարծիք հայտնեց, թե հանաճարեղ սյուժեներ չեն լինում, կարեւորը ասելիքի մատուցման ձեւն է, հավելեց նաեւ, որ իր գործը գաղտնագրեր է պարունակում, եւ որքան անցյալի մասին է, որքան էլ այսօրվա ու վաղվա, իր բառով՝ վերժամանակյա է: Հետաքրքրվեցինք, թե ինչո՞ւ է գործարար լինելով հանդերձ՝ գրականությամբ զբաղվում: Պարոն Ներզեթյանը պատասխանեց, որ ստեղծագործում է դպրոցական տարիքից եւ արդեն 3 գիրք ունի. «Ստիպված էի բիզնեսով զբաղվել, որպեսզի ընտանիքս պահեմ, սա ինձ համար ժամանակավոր երեւույթ է: Երբ իմ ստեղծած արժեքները կարողանան կերակրել ինձ եւ իմ ընտանիքը, կթողնեմ բիզնեսը»: Նա չցանկացավ արտահայտվել Հայաստանում ստեղծվող գրականության մասին, ասաց, որ էթիկապես ճիշտ չի համարում այլ հեղինակների քննարկելը:
Մեր հաջորդ հարցին, արդյո՞ք իրեն Նոբելյան մրցանակի հատկապես գումարային մասն է ոգեւորում, մեր զրուցակիցը պաթետիկ պատասխան տվեց. «Ֆինանսականը ինձ չի մտահոգում, դրա մասին մտածելը նույնիսկ վիրավորական է: Ինձ համար փառքը նյութական եւ իրավական արտոնություն չէ, այլ ճշմարտության հաստատումն է իմ ստեղծագործությունների մեջ, որով ձեւավորվում է անհատը Մարդ դառնալու կատարելության ճանապարհին»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել