Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՍՊԱՆՎԵԼ Է ՀԱՅՏՆԻ ԳՈՐԾԱՐԱՐ ԿԱԼՄԱՆՈՎԻՉԸ

Նոյեմբեր 04,2009 00:00

\"\"Ռուսական իրավապահ մարմինների ներկայացուցիչները հաղորդել են, թե երկուշաբթի երեկոյան հայտնի ռուս մեկենաս եւ գործարար, 61-ամյա Շաբտա Կալմանովիչի սպանությունը մանրակրկիտ կերպով ծրագրված է եղել, եւ այն, ըստ ամենայնի, իրականացրել են պրոֆեսիոնալ քիլլերները: «BBC»-ի փոխանցմամբ, անհայտ անձինք իրենց ավտոմեքենայից կրակահերթ են բացել Կալմանովիչի «Մերսեդեսի» ուղղությամբ՝ այն պահին, երբ գործարարի ավտոմեքենան հավասարվել է իրենց: Կալմանովիչի ուղղությամբ արձակվել է 20 գնդակ, ու կենդանի մնալու որեւէ շանս նա չի ունեցել: Գործարարի վարորդը՝ Պյոտր Տումանովը, փորձել է հետապնդել մարդասպաններին, բայց չի կարողացել կառավարել ղեկը, քանի որ ինքն էլ ծանր վիրավորված է եղել: Դեպքի առնչությամբ քրեական գործ է հարուցվել «սպանություն» եւ «զենքի ապօրինի շրջանառություն» հոդվածների հատկանիշներով: Փորձագետները ենթադրում են, որ կատարված սպանությունը, ամենայն հավանականությամբ, կապված է գործարարի տնտեսական գործունեության հետ, եւ հավանական է, որ ինչ-որ մեկի վրեժխնդրության արդյունք է: Ռուսական ԶԼՄ-ների փոխանցմամբ, Կալմանովիչը որոշակի հարաբերություններ է ունեցել քրեական շրջանակների՝ «հեղինակությունների» հետ: Նրա բարեկամների թվում են եղել վերջերս սպանված Յապոնչիկը՝ Վյաչեսլավ Իվանկովը: Գործարարը եղել է «Սպարտակ» կանանց բասկետբոլի ակումբի նախագահը, նրան է պատկանել նաեւ լիտվական «Ժալգիրիս» տղամարդկանց բասկետբոլի ակումբը: Նա եղել է նաեւ Տիշինսկի շուկայի տնօրենը, միաժամանակ զբաղվել է դեղագործական գործունեությամբ, շոու-բիզնեսով:
Լիտվայում ծնված Կալմանովիչը 1971թ.-ին մեկնել է Իսրայել՝ մշտական բնակության եւ ակտիվորեն զբաղվել է քաղաքական եւ հասարակական գործունեությամբ, իսկ 1988-ին այդ երկրում դատապարտվել էր 7 տարվա ազատազրկման՝ ԽՍՀՄ-ի օգտին լրտեսության մեղադրանքով, բայց վաղաժամկետ ազատ էր արձակվել 1993-ին եւ վերադարձել էր Ռուսաստան:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել