Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ԽՆԱՅՈՒՄ ԵՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ՀԱՇՎԻՆ

Նոյեմբեր 04,2009 00:00

2010 թվականի պետական բյուջեում մոտ 25%-ով պակասել են կրթության եւ գիտության ոլորտի հատկացումները՝ կազմելով մոտ 95,5 մլրդ դրամ, ընթացիկ տարվա 108 մլրդ դրամի փոխարեն:
Կրթության եւ գիտության ոլորտի աշխատողների աշխատավարձերի բարձրացում չի նախատեսվում: Ինչպես տեղեկացնում է «Ա1+»-ը՝ բյուջեով նախատեսվում է տարրական դասարանների աշակերտներին ապահովել անվճար դասագրքերով, ինչպես նաեւ 11-րդ դասարանների աշակերտներին՝ 4 անուն նոր դասագրքերով, փոխհատուցել սոցիալապես անապահով ընտանիքների երեխաների դասագրքերի վարձավճարը, ապահովել հատուկ դպրոցներին անվճար ծրագրերով, դասագրքերով, ձեռնարկներով եւ ուսումնական այլ նյութերով: Նկատենք, որ ընթացիկ տարում անվճար դասագրքեր հատկացվել են միայն առաջին դասարանցիներին: Չնայած պայմանների սղությանը, 12 մլն դրամ ավելացվել է երիտասարդական ծրագրերի իրականացման ուղղությամբ եւ 32,6 մլն դրամ՝ արտադպրոցական դաստիարակության համար: ՕԵԿ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանը հետաքրքրվեց, թե այդ ինչ երիտասարդական ծրագրերի վրա է ծախսվելու 12 մլն դրամը: Պարզվում է՝ ինտելեկտուալ խաղերի կազմակերպման, իսկ 32,6 մլն դրամանոց արտադպրոցական դաստիարակությունը ենթադրում է մարզիչների վերապատրաստում: ԱԺ կրթության եւ գիտության մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Դավթյանը Պավել Սաֆարյանին հիշեցրեց, որ 2010-ի բյուջեով 20 մլն դրամ հատկացվել է կառավարության աշխատակազմին՝ տնտեսական վերլուծություն անելու համար, իսկ ԱԺ աշխատակազմին հատկացում չի արվել՝ մրցույթ կազմակերպելու եւ ՀՌԱՀ անդամ ընտրելու համար: ԲՀԿ անդամ Վարդան Բոստանջյանը «Ա1+»-ի հետ զրույցում արդարացված համարեց կրթության ոլորտին հատկացվելիք գումարի 25 տոկոս կրճատումը: «Իհարկե, արդարացված էր, մենք գտնվում ենք ամենախոցելի վիճակում՝ պայմանավորված ճգնաժամով, եւ որքան էլ ասում ենք, որ կրճատել ենք, այդուհանդերձ, ամենամեծ հատկացումը պաշտպանության ոլորտից հետո մնում է կրթությունը»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել