Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«Հաղթում է ուժեղագույնը»

Նոյեմբեր 04,2009 00:00

94 ուսանող ուսուցման վճարովի համակարգից՝ անվճար համակարգ

Արդեն 4-րդ ուսումնական տարին է, մյուս պետական բուհերի պես՝ Վանաձորի պետական մանկավարժական ինստիտուտում եւս ուսանողները ուսումնական տարվա երկու կիսամյակների առաջադիմության արդյունքներով մրցութային հիմունքներով մասնակցում են փոխատեղման գործընթացին: Այսինքն՝ եթե նախկինում ուսանողն ընդունվում էր անվճար ուսուցման համակարգ եւ ուսումնառության ամբողջ ընթացքում սովորում էր պետպատվերով, ապա այժմ, գործող կարգի համաձայն, բարձր առաջադիմության շնորհիվ կարող է վճարովի համակարգից փոխատեղվել անվճար համակարգ եւ ընդհակառակը՝ ցածր առաջադիմություն ցուցաբերելու, քննաշրջաններում «անբավարար», «չստուգված» ստանալու, անհարգելի բացակայելու դեպքում ուսանողը կարող է զրկվել անվճար սովորելու իրավունքից: Ընդ որում՝ մրցույթը կազմակերպվում է տվյալ ուսումնական տարվա 2-րդ կիսամյակի քննաշրջանի ավարտից հետո՝ նախորդող ուսումնական տարվա յուրաքանչյուր կիսամյակի քննաշրջանի համար սահմանված ժամանակահատվածում հանձնած քննությունների արդյունքների ցուցանիշի հիման վրա: Հավասար միավորներ ունենալու դեպքում առավելությունը տրվում է ընթացիկ քննություններից առավել բարձր միավորներ ստացած, մասնագիտական առարկաներից առավել բարձր միավորներ, հրատարակված աշխատանքներ, զեկուցումներ ունեցող, ՈՒԳԸ աշխատանքներին մասնակցած, հասարակական ակտիվություն դրսեւորած ուսանողներին: Փոխատեղման գործընթացին մասնակցում են ե՛ւ բակալավրիատի, ե՛ւ մագիստրատուրայի ուսանողները:
Ռոզա Չոբանյանը բակալավրիատի «Պատմություն» բաժնի 3-րդ կուրսի ուսանողուհի է: Իր կարծիքով՝ ինքն ավելի օբյեկտիվ կարող է գնահատել փոխատեղման գործընթացը, որովհետեւ երկու բեւեռներում էլ եղել է: «Սկզբնական շրջանում ես ընդունվեցի անվճար համակարգ, սակայն իմ թերացումների պատճառով հայտնվեցի վճարովի համակարգում: Բայց, ուժերս լարելով, այս տարի կարողացա նորից անցնել անվճար համակարգ,- պատմում է նա:- Սա իհարկե շատ լավ է, որովհետեւ զգում ես, որ քո աշխատանքը գնահատվում է: Փոխատեղման գործընթացը մեծ նշանակություն ունի հենց ուսանողի համար. պետք է աշխատել, որովհետեւ հաղթում է ուժեղագույնը»:
Փոխատեղման համակարգը ներդրվել է աստիճանաբար: Անցյալ տարվանից այն արդեն տարածվում է բոլոր կուրսերի վրա: Ըստ բուհի ուսումնական վարչության տվյալների՝ անցյալ տարի, նախորդի համեմատությամբ, բակալավրիատում 394 անվճար սովորող ուսանողներից իրենց տեղը չի պահպանել 115-ը (29.2%), իսկ այս տարի վճարովի համակարգից անվճար համակարգ է անցել 94 ուսանող (23.7%): Մագիստրատուրայում 16 անվճար սովորողից իր տեղը պահպանել է 11-ը: Ընդ որում՝ վիճակագրական տվյալները ցույց են տալիս, որ թե՛ նախորդ, թե՛ այս տարի բարձր կուրսեցիներն ավելի գիտակցված մոտեցում են հանդես բերում, քան ցածր կուրսեցիները: Այսինքն, ինչպես նկատում են ոլորտի պատասխանատուները, մրցակցությունը սրվել է, եւ ուսանողներն սկսել են ավելի լուրջ մոտենալ փոխատեղման գործընթացին: «Ընդունվել եւ 2 տարի սովորել եմ վճարովի համակարգում, սակայն բարձր առաջադիմության շնորհիվ դարձել եմ անվճար: Հիանալի համակարգ է: Կարծում եմ՝ ճիշտ է, որ անվճար համակարգում սովորում են լավագույնները»,- ասում է բակալավրիատի «Իրավագիտության» 3-րդ կուրսի ուսանողուհի Արեւհատ Պետրոսյանը: Բակալավրիատի «Պատմության» 3-րդ կուրսի ուսանողուհի Մանյակ Կիրակոսյանը նույնպես սկզբում սովորել է վճարովի համակարգում: «Երբ ընդունվել էի բուհ, չէի մտածում, որ լավ սովորելու արդյունքում կարելի է փոխադրվել անվճար համակարգ: Բայց երբ դասախոսներս գնահատեցին գիտելիքներս եւ կարողացա փոխադրվել անվճար համակարգ, կարող եմ ասել, որ դա շահագրգռում է ուսանողին ավելի լավ սովորել»:
Վերջերս ՎՊՄԻ գիտխորհուրդը որոշում ընդունեց այս եւ հաջորդ տարիներին դրամական օգնության, աջակցության ձեւով բակալավրիատի եւ մագիստրատուրայի այն ուսանողներին, ովքեր փոխատեղման գործընթացի հետեւանքով հայտնվել են վճարովի առաջին տեղում եւ ում միջին գնահատականը 4.75 եւ բարձր է, բուհի ղեկավարի ֆոնդից տրամադրել վարձավճարային մասնակի գումար. բակալավրի ծրագրով սովորող ուսանողներին՝ 300 000 ուսման վարձի դեպքում՝ 50 000 դրամ, 200-250 հազարի դեպքում՝ 40 000 դրամ, մինչեւ 200 000-ի դեպքում՝ 30 000 դրամ: Մագիստրատուրայի ծրագրով սովորող ուսանողներին ղեկավարի ֆոնդից կհատկացվի 100 000 դրամ: Այս տարի որոշումը կտարածվի 26 ուսանողների վրա՝ 21-ը՝ բակալավրիատից, 5-ը՝ մագիստրատուրայից։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել