Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«ՀԱՆՑԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՃԻՆ ՀԻՎԱՆԴԱԳԻՆ ՉԵՆՔ ՄՈՏԵՆՈՒՄ»

Նոյեմբեր 04,2009 00:00

\"\" ՀՀ ոստիկանապետ Ալիկ Սարգսյանի «առանց ցենզուրա» հանդիպումը ապագա իրավաբանների հետ

«Առանց ցենզուրայի աշխատանքային հանդիպում». ՀՀ ոստիկանապետ, ոստիկանության գեներալ-մայոր Ալիկ Սարգսյանը այսպես բնորոշեց երեկ իրավագիտության ֆակուլտետի ուսանողների, դասախոսների եւ ոստիկանության ղեկավար անձնակազմի հանդիպումը ԵՊՀ-ում: Նախաձեռնությունը ՀՀ ոստիկանությանն էր, որպեսզի համալսարանականներին ներկայացվեն համակարգում կատարվող բարեփոխումները, զրույց ծավալվի գոյություն ունեցող խնդիրների վերաբերյալ:
Սկզբում ՀՀ ոստիկանապետը ներկայացրեց իր ղեկավարած ոլորտում կատարվող բարեփոխումները, այն բնագավառները, որտեղ լուրջ դերակատարություն ունի ոստիկանությունը՝ առանձնացնելով հանցավորության դեմ պայքարը, հասարակական կարգի ամրապնդումը, մարդու եւ քաղաքացու իրավունքների պաշտպանությունը, հասարակության լայն խավերի շրջանում ոստիկանի նկատմամբ հավատի եւ վստահության վերականգնումը: Հետո Ալ. Սարգսյանը մատնանշեց մի շարք հույս չներշնչող տվյալներ. «Վերջին 9 ամսվա ընթացքում գրանցվել է 7960 հանցագործության դեպք՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 5600-ի փոխարեն: Բայց տագնապալի ոչինչ չկա, հանցագործությունը սոցիալական երեւույթ է, ունի սոցիալական արմատներ, եւ հանցագործությունների աճին մենք հիվանդագին չենք մոտենում, քանի որ հանցագործությունների աճին զուգահեռ՝ բարձրացել է դրանց բացահայտման տոկոսը: Կրկնակի աճ ունենք թմրամիջոցների ապօրինի շրջանառության, զենքի, զինամթերքի հայտնաբերման, հրազենով կատարված հանցագործությունների, թրաֆիքինգի ոլորտում: Բայց սրա կողքին լավագույն ցուցանիշ ենք համարում այն, որ այս տարվա ընթացքում հանրապետության բնակչության շրջանից առգրավվել, ինքնակամ հանձնվել է 3 անգամ ավելի շատ հրազեն, քան նախորդ տարի: Տնտեսական հանցագործությունների առումով էլ են լուրջ աշխատանքներ տարվում: Բայց, մասնավորապես, կաշառակերությունը, դրամաշորթությունը արմատախիլ անելու առումով դեռ շատ անելիքներ կան»:
Այս «հուսադրիչ» թվերը լսելուց հետո ուսանողները հնարավորություն ունեցան հարցեր հղել ՀՀ ոստիկանապետին: Իրավագիտության ֆակուլտետի ուսանողուհի Անի Բաբայանը հարց բարձրացրեց պաշտոնեական դիրքի չարաշահումների եւ համապատասխան պատժամիջոցների կիրառման մասին: Ալ. Սարգսյանն  ասաց. «Հայտնաբերվել են ոստիկանության համակարգում նման խախտումների բազում գործեր, որոնք ուղարկվել են հատուկ քննչական ծառայություն: Ընդհանրապես մենք ինքնամաքրման խնդիր ունենք: Բայց երեւույթը այնքան էլ ցայտուն չէ այս պահին ոստիկանության համակարգում: Նկատենք, որ այսօրվա ոստիկանությունը խորհրդային ժամանակվանը չէ, մեր ոստիկաններից շատերը ապրելու խնդիր ունեն: Ոստիկանների սոցիալական վիճակի, նրանց իրավական պաշտպանվածության մասին պետք է մտածել: Ուստի պետք չէ ստեղծել ֆոն, որ այս համակարգում կոռուպցիոն երեւույթներն ավելի շատ են, ուղղակի մեր աշխատանքն ավելի թափանցիկ է եւ բոլորի աչքի առաջ: Բայց ես միեւնույն ժամանակ շարունակում եմ պահանջել, որ ոստիկանը լինի անաչառ, դատի սառը ուղեղով եւ ձեռքերը մաքուր լինեն»:
Խոսվեց նաեւ ոստիկանության աշխատանքի նկատմամբ անվստահության մասին: Ուսանող Գոռ Սարիբեկյանը, հղում անելով իրավագիտության ֆակուլտետի քրեական իրավունքի ամբիոնի կազմակերպած հարցումներին, նշեց, որ,  հասարակության մեծամասնությունը ոստիկանության նկատմամբ անվստահությունը պատճառաբանում է համակարգի կոռումպացված լինելով, պետությանը (երեւի նկատի ուներ՝ իշխանությանը-խմբ.), ոչ թե հասարակությանը ծառայելով, ոստիկանների ցածր աշխատավարձով: Ոստիկանապետն ասաց. «Բոլորն էլ գիտեն ոստիկանի աշխատավարձի չափը եւ նրա աշխատանքի պատասխանատվությունը, վտանգը, անկանխատեսելի ռեժիմը: Ես պետությանը եւ ժողովրդին տեսնում եմ նույն դաշտում: Իսկ կասե՞ք մի երկիր, որտեղ ոստիկանությունը պետությանը չի ծառայում: Պետությունը պաշտպանում է մեր ժողովրդի շահերը, ժողովուրդն էլ ներկայացնում է պետությունը: Ուստի ես ծառայում եմ պետությանը այնքան, որքան ծառայում եմ ժողովրդին: Իզուր են զարմանում, որ ասում են՝ նախագահի հանձնարարականն ենք կատարում, բա ո՞ւմ հանձնարարականը պիտի կատարենք»:
Ուսանողներից մեկն էլ ոստիկանապետին հիշեցրեց ԱԺ պատգամավոր Զարուհի Փոստանջյանի եւ մի ոստիկանի միջեւ տեղի ունեցած բախումը՝ հայ-թուրքական հարաբերություններին առնչվող մի միջոցառման ժամանակ: Այս կապակցությամբ ՀՀ ոստիկանապետը նախ հիշեց ընդդիմության ցույցերը. «Ընդդիմությունը փորձում էր Երեւանում ստեղծել իրավիճակ, որի հետեւանքով կարող էր ավերածություն լինել: Նույնը Հյուսիսային պողոտայում կազմակերպվող միջոցառումներին է վերաբերում: Հիմա չեմ ափսոսում, որ այդ հավաքները տեղափոխվեցին Սարյանի արձանի մոտ: Հայաստանը բազում զբոսաշրջիկներ է ունենում, ինչի՞ նման էր Հյուսիսային պողոտան երեկոյան, երբ հայտնվում էր օկուպացված վիճակում: Հիմա, երբ այդ միջոցառումներն ավելի հանգիստ տեղում են կազմակերպվում, չենք միջամտում: Պետք չէ այդ ամենը փաթաթել ողջ ժողովրդի վզին, ստիպել  մասնակցել այդ միջոցառումներին»: Իսկ  Զ. Փոստանջյանի հետ կատարվածի մասին պարոն Սարգսյանը ասաց. «Որպես ոստիկանության պետ՝ հայ-թուրքական արձանագրություններին վերաբերող միջոցառումների հետ կապված որեւէ ցուցում որեւէ ոստիկանի չեմ տվել եւ ինֆորմացիա էլ չունեմ, որ այդպիսի որեւէ ակցիա է միջամտվել»: Այս հարցից հետո իրավագիտության ֆակուլտետի դեկան Գագիկ Ղազինյանը նշեց. «Չէի ուզենա, որ այս հանդիպումը մամուլի ասուլիսի վերածվեր. մեր նպատակն  է, որ հնարավորինս մասնագիտական հարցեր քննարկվեն»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել