Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Մնանք պահանջատեր

Նոյեմբեր 04,2009 00:00

\"\"Արեւմտահայաստանը եւ մեր սխալ մտածելակերպը

Վերջերս, յայտնի ազգային բարերար, մեծարգոյ Վահագն Յովնանեանը Հայաստան-Թուրքիա յարաբերութիւնների հաստատման վերաբերեալ արձանագրութիւնների առթիւ արտայայտուելիս միտք էր յայտնել, թէ՝ սփիւռքահայը չի գնայ Արեւմտահայաստան ապրելու: Այս մտայնութիւնը, որ առկայ է եղել նաեւ նախորդ տասնամեակներում եւ Հայաստանում նոյնպէս, միշտ շրջանառուել է ընկերական նեղ շրջանակներում խօսակցութիւնների ժամանակ, բայց չի արծարծուել մամուլում եւ չի քննարկուել: Այսօր այդ արձանագրութիւններում սահմանների փոխադարձ ճանաչման մասին կէտի եւ հողային պահանջատիրութեան առթիւ դարձեալ մէջտեղ է գալիս Արեւմտահայաստանի բնակեցման կամ վերաբնակեցման վիճայարոյց մտահոգութիւնները, «արդարացնելով» հողերը թուրքին թողնելը:
Այո, ճիշտ են այդ մտահոգութիւնները՝ կենցաղային պայմանների յայտնի անհամարժէքութեան եւ այլ պատճառներով: Սակայն դա չի կարելի խանգարիչ հանգամանք համարել մեր պատմական հողերի պահանջատիրութեան համար: Շատերիս սխալ մտածելակերպը կայանում է այդ ապրել-չապրելու գործօնով Արեւմտահայաստանի պահանջատիրութեան իրական լինել- չլինելու, հիմնաւորուածութեան, կամ անհեռանկար լինելու հիմքով որոշում կայացնելու մէջ: Մինչդեռ գերնպատակը ոչ թէ բնակեցնելու խնդիրն է, այլ այդ տարածքներին տէր կանգնելն է՝ թեկուզ ամայի կամ չբնակեցուած մնալու հեռանկարով: ԱՄՆ-ը Ռուսաստանից գնեց Ալեասկան (Alaska, որտեղ միայն էսկիմոսներ կային), առանց մտածելու այդ պահին բնակեցնելու մասին, որովհետեւ չի եղել կամ չկայ մի պետութիւն, որ չձգտի իր սահմանների ընդարձակմանը: Նոյն նպատակով ֆրանսիացիներից գնեց նաեւ մի հսկայական տարածք, որտեղ միայն բնիկ հնդկացիներ կային, իսկ այսօր այնտեղ արդէն տասը նահանգներ կան: Այդ ժամանակ Միացեալ Նահանգները կազմուած էին Ատլանտեանի ափերով ձգուող տասներեք նահանգներից: Ռուսաստանը երբ նուաճում էր Վոլգայի ափերից մինչեւ Խաղաղականի ափերը տարածուող Սիբիրն ու տունդրան, լուծում էր ոչ թէ բնակեցման հարցեր, այլ տարածքներ ունենալու խնդիր: Կանադայի մեծ մասում սառոյցներն են «բնակւում»: Այսօրուայ փոքրաթիւ բնակչութիւն ունենալը Հայաստանում պատճառ չէ նաեւ մտահոգուելու, թէ Արեւմտահայաստանում ապրում են թուրքեր, քրդեր, լազեր եւ այլք: 50-ական թուականների Խորհրդային մարդահամարների տուեալներով հինգ միլիոն բնակչութեամբ Վրաստանում վրացիները մէկ եւ կէս միլիոնն էին, մնացածը այլազգիներ էին: Իսկ նոյն թուերին Ադրբեջանում բնակչութեան կէսը կազմում էին հայերը, ռուսները, հրեաները, քրդերը, լեզգիները, թալիշ եւ ուդի ժողովուրդները: Բաքու քաղաքում իւրաքանչիւր չորրորդ բնակիչն էր այդ ժամանակ ազերի: Իսկ ղազախները իրենց երկրի բնակչութեան 30-40 տոկոսն են միայն կազմում այսօր:
Չմոռանանք, որ Արեւմտահայաստանում ապրում են կրօնափոխ՝ թրքացած հայեր, համշենահայեր, հայ լազեր, արաբացած, ասորիացած, քրդացած, ալաուին ու զազա դարձած հայեր, որոնց թիւը ենթադրւում է 1-2 միլիոնի սահմաններում ու դեռ շարունակւում է նրանց յայտնաբերուելը:
Բացի այն, որ պահանջատէրն ենք խլուած պատմական հայրենիքի, նաեւ գիտակից ենք մեր ազգային անվտանգութեան հարցերին: Խնդիրը միայն այն չէ, որ երկրամասը հարուստ է հանքային հանածոներով, ջրային պաշարներով: Ժամանակակից ռազմական հզօրութիւնները կարող են կրակոցը Արցախից մինչեւ Գիւմրի հասցնել: Ո՞րն է լինելու մեր պահեստային ապաստարանը, զօրաշարժերի, օդակայանների, զինամթերքների պահպանման պահեստային տարածքը: Եւ, վերջապէս, միթէ չենք կանխատեսում մեր մոլորակի առաջիկայ գերբնակեցման եւ ազգի յետագայ թուաքանակի մեծացման հեռանկարում կենսական տարածք ունենալու խնդրի առաջ գալը:
Հետեւաբար, հարկ է վերջ տանք «Ով պիտի ապրի Արեւմտահայաստանում» անիմաստ հարցադրմանը, մնանք պահանջատէր եւ զգօն լինենք պայմանագրերում սահմանային խնդիրների ձեւակերպումների հարցում:
Համասփիւռքեան ուղեւորութիւնից յետոյ, արձանագրութիւնների ստորագրման նախօրեակին մեր Նախագահի յայտարարութիւնը այն մասին, թէ ներկայ սահմանների փոխադարձ ճանաչումը չի նշանակում Կարսի պայմանագրի վերահաստատում, որքան էլ հաճելի է լսել, սակայն յուսալի հիմք չէ: Վաղը, երբ Հայաստանում եւ Թուրքիայում ընտրուեն նոր նախագահներ, նրանք բանաւոր յայտարարութիւնները կը համարեն որպէս ներքին լսարանին ուղղուած, ինչպէս որ այսօր մենք ենք գնահատում Թուրքիայի ղեկավարների ու Ալիեւների յայտարարութիւնները, եւ կը հիմնուեն ստորագրուած փաստաթղթերի տառի ոգու վրայ: Այդ դէպքում այս սահմանները կը յաւերժանան, իսկ բացուած սահմանով թուրքերը հնարաւորութիւն կ\’ունենան կարճ ճանապարհով, Նախիջեւանի ու Սիւնիքի վրայով Ադրբեջանին մատակարարել զէնք ու զինամթերք:
Յուսանք Ազգային ժողովը կը գիտակցի համազգային ճակատագրի համար այս պահի լրջութիւնը՝ վաւերացման գործընթացում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել