Համահայկական հիմնադրամից, խաղերից, բանկից, համաժողովներից բացի, կունենանք նաեւ նվագախումբ եւ երգչախումբ:
ՀՀ Սփյուռքի նախարարությունը՝ նախարար Հրանուշ Հակոբյան, նշանաբանը՝ «Նախարարությունը սփյուռքահայի տունն է», ստեղծվել է 2008 թվականի հոկտեմբերի 1-ին, իսկ «Հայկական սփյուռք-կենտրոն» հասարակական կազմակերպությունը՝ նախագահ Գագիկ Մինասյան, նշանաբանը՝ «Երկու ծաղկով գարուն», ստեղծվել է 2009 թվականի փետրվարին: Նախարարությունում տեղյա՞կ են այս ժամանակագրությանը, թե՞ ոչ՝ չգիտենք, բայց գիտենք, որ նախարարությունը հովանավորում է այս կազմակերպության նախաձեռնությունները, որոնցից մեկն էլ համահայկական պատանեկան սիմֆոնիկ նվագախումբ հիմնադրելն է: Նախարարության եւ կազմակերպության համատեղ ծրագրով արդեն ստեղծվել է Համահայկական պատանեկան երգչախումբ, որում հիմնականում ընդգրկված են Հայաստանում սովորող սփյուռքահայ ուսանողներ: Առաջին համերգները կլինեն 2010-ի գարնանը:
Նվագախումբ հիմնադրելու համար նախարարությունն ու կազմակերպությունը մրցույթ են հայտարարել՝ վերջնաժամկետ նշելով հոկտեմբերի 1-ը: Կազմակերպության նախագահ Գագիկ Մինասյանից տեղեկացանք, որ մինչ հոկտեմբերի 1-ը ստացվել է մոտ 100 հայտ, 20-ը՝ Սփյուռքից՝ ԱՄՆ-ից, Կանադայից, Արգենտինայից, Ֆրանսիայից, Բելգիայից, Իրանից, Ջավախքից, Արցախից, այլ երկրներից:
«Բայց այս գաղափարը շատ մեծ ոգեւորություն էր առաջացրել եւ որոշեցինք ժամկետների առումով սահմանափակումներ չդնել ու երբ դրսից զանգում են, չենք ասում ժամկետները լրացել են: Նվագախմբի համալրումը շարունակական է լինելու, սերնդափոխություն է լինելու»,- ասաց Գագիկ Մինասյանը:
ՀՀ Սփյուռքի նախարարության «Արի տուն» ծրագրի նման, ձեւավորվող նվագախմբի պոտենցիալ անդամներին առաջարկվում է Հայաստան հասնել սեփական միջոցներով, իսկ այստեղ արդեն գիշերակացն ու սնունդը կապահովվի: Գագիկ Մինասյանը որեւէ մտավախություն չունի, որ դրսի հայերը չեն գա ու հիշեցնում է համահայկական համաժողովների փորձը, երբ հայ ճարտարապետը կամ հայ իրավաբանը իր հաշվին եկավ Հայաստան ու մասնակցեց հավաքին:
Համահայկական պատանեկան սիմֆոնիկ նվագախմբի նախաձեռնողները խոստանում են, որ խումբը հանդես կգա Հայաստանի, Արցախի եւ օտար երկրների բեմերում: