Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ԹՈՂ ՈՉ ՄԻ ՔԱՎՈՐ ՉՊԱՀԱՆՋՎԻ ԻՆՁՆԻՑ ԲԱՑԻ

Նոյեմբեր 04,2009 00:00

Երեկ Շենգավիթ համայնքի ընդհանուր իրավասության դատարանի ապակեպատ դահլիճում շարունակվեց Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանի վարույթում գտնվող «Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանի դեմ հարուցված քրեական գործի դատաքննությունը: Հիշեցնենք, որ իշխանության ներկայացուցչի դեմ բռնության դրվագով (որը վերաբերում է 2007թ. հոկտեմբերի 23-ի երթին) երեկ դատարանը շարունակեց լսել վկաների ցուցմունքները:
Դատարան էին ներկայացել տաքսի սերվիսի աշխատակից Ժաննա Միքայելյանն ու լահմաջո պատրաստող Սաթենիկ Մնացականյանը: Ուշադրության արժանի է այն, որ այս դատավարության ընթացքում վկաների մեծամասնությունը կանայք են:
Ժ. Միքայելյանը չէր ճանաչում Նիկոլ Փաշինյանին եւ դիմելով նրան՝ ասաց. «Եթե թերթերն ինձ չեն խաբում, Դուք Նիկոլ Փաշինյանն եք»:
Պարզվեց, որ թերթերը չէին խաբել, ու վկան սկսեց իր ցուցմունքը: Ըստ այդ ցուցմունքի, ինքը երթին հետեւել է Աբովյան-Կորյուն խաչմերուկի դիմացի մայթից: Տեսել է, թե ինչպես «Թռուցիկ-ոստիկանները» (այսինքն՝ սակավաթիվ ոստիկանները-Ա.Գ.) ցրում էին երթը: Ու երբ նրան փորձեց պաշտպանական կողմը հարցեր տալ, նա զայրացած ասաց. «Ուզո՞ւմ եք ասեմ, որ ոստիկանները մարդ ծեծեցին ու լցրեցին մեքենաները»:
Հաջորդ վկան էլ ասաց, որ տեսել է մի կնոջ, որը ոստիկանների հետ քաշքշոցի մեջ էր, քանի որ նրա ամուսնուն տարել էին բաժին: Ապա հայտնեց, որ երթի մասնակիցներին լցրին «երազներն» ու տարան:
Պաշտպանական կողմը միջնորդեց, որպեսզի փոխվի Նիկոլ Փաշինյանի կալանքը: Երբ մեղադրողներն առարկեցին, հայտնելով, որ նա գտնվել է հետախուզման մեջ, Նիկոլն ասաց, որ որեւէ մեկը թող  «քավորություն չանի» այս գործին, քանի որ «քավորն» ինքն է, եւ որ ինքը ներկայացել է կամավոր:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել