Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«ԽԵՂԱԹՅՈՒՐՎԵԼ Է ՕՐԻՆԱԳԾԻ ԻՄԱՍՏԸ»

Նոյեմբեր 04,2009 00:00

Ըստ արդարադատության նախարար Գեւորգ Դանիելյանի՝ մամուլն անհարկի հեղեղվել է «Հ/կ-ների մասին» օրինագծի դրույթների խեղաթյուրմամբ:

«Հասարակական կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում կառավարության նախաձեռնությամբ ներկայացված օրինագիծը միանշանակ ընդունելության չի արժանացել, հնչում են ինչպես դրական, այնպես էլ՝ սուր քննադատական կարծիքներ:
– Պարոն Դանիելյան, ի՞նչ խնդիրներ կարող է լուծել օրենսդրության վերանայումը եւ ինչո՞ւ է այն հանգեցրել որոշ միավորումների նախագահների դժգոհությանը:
– «Հասարակական կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրինագիծը անխտիր հետապնդում է գործող օրենսդրությունը հասարակական միավորումների սահմանադրական կարգավիճակին հարիր դրույթներով հարստացնելու նպատակ, եւ պատահական չէ, որ այն մշակելու նախաձեռնությամբ հանդես են եկել հենց հասարակական կազմակերպությունները:
Մի մասնավոր օրինակ. օրենքն ընդունվել է դեռեւս 2001թ. դեկտեմբերի 4-ից, սակայն դրանում շարունակել է մնալ հասարակական կազմակերպությունների անվանման մեջ «միություն» բառը օգտագործելու վերաբերյալ արգելքը: Ընդ որում, դա պատճառաբանվել է այն մոտեցմամբ, թե իբր «միություն» բառը կարող է շփոթմունք առաջացնել եւ ընկալվել որպես իրավաբանական անձանց միություն, մինչդեռ հենց օրենքի 3-րդ հոդվածում հստակ ամրագրված է, որ հասարակական միավորման անդամ կարող են լինել բացառապես ֆիզիկական անձինք: Այսինքն, հիշյալ մտահոգությունն ի սկզբանե եղել է առարկայազուրկ, ուստի պատահական չէ, որ առ այսօր մի շարք հասարակական կազմակերպություններ իրենց անվանումներով պահպանում են «միություն» բառը՝ «Գրողների միություն», «Նկարիչների միություն», «Ժուռնալիստների միություն» եւ այլն:
Հաջորդ նորամուծությունը վերաբերում է կազմակերպության հերթական ժողովի պարբերականությանը եւ կազմակերպության անդամներին տեղեկատվություն տալու կարգին: Դարձյալ հ/կ-ների միջնորդությամբ նախատեսվում է 2 տարին փոխարինել 4 տարով: Իհարկե, դա չի բացառում արտահերթ ժողովներ նախաձեռնելու հնարավորությունը:
Ինչ վերաբերում է դժգոհություններին, ապա դրանք ունեն կոնկրետ հասցեատերեր՝ ի դեմս որոշ կազմակերպությունների նախագահների: Վերջիններս նույնաբնույթ հարցադրումներով հանդես գալուց առաջ պետք է համապատասխան քննարկումներ անեին իրենց շարքային անդամների հետ, քանի որ օրինագիծը միտված է հենց նրանց շահերի պաշտպանությանը. հրապարակային քննարկումների մասին կարելի է խոսել սոսկ այն դեպքում, երբ ինքդ առնվազն ներքին քննարկումներ ես ապահովում:
Բացի այդ, մամուլն անհարկի հեղեղվել է օրինագծի դրույթների խեղաթյուրմամբ, ինչն արդեն անհասկանալի է, քանի որ իմաստ չունի հորինել ինչ-որ սահմանափակումներ եւ պայքարել դրանց դեմ:
– Ըստ հիշյալ կարծիքների, կառավարությունը օրինագծով նախատեսում է, որպեսզի նշված կազմակերպություններն արդարադատության նախարարությանը ներկայացնեն այն ֆինանսական հաշվետվությունները, որոնք արդեն իսկ ներկայացվում են հարկային մարմիններին:
– Ձեր հարցադրումներում կան էական անճշտություններ, որոնք դարձյալ վերը նշված խեղաթյուրումների արդյունք են: Փորձեմ, նախ, ներկայացնել իրողությունը, ապա նաեւ մեկնաբանել դրանց իրավական բնույթը: Նախ, ոչ թե արդարադատության նախարարությանն է ներկայացվում ֆինանսական հաշվետվություն, այլ հրապարակվում է տեղեկատվություն՝ տվյալ հ/կ-ի անդամների համար: Ինքնին հասկանալի է, որ հարկային մարմիններին ներկայացվող հաշվետվությունը ոչ միշտ է հասանելի հ/կ-ների անդամներին, բացի այդ, այն ներառում է տարաբնույթ առեւտրային գաղտնիք եւ չի կարող ամբողջությամբ հրապարակվել: Բնականաբար, եթե հ/կ-ն ունի հնարավորություն հիշյալ տվյալները զետեղելու բաց կայքէջում, ապա որեւէ խնդիր չի կարող ծագել մամուլում հրապարակման պահանջի առումով:
Ինչ վերաբերում է լրացուցիչ ֆինանսական ծախսերին, ապա, ընդհակառակը, դրանք էապես նվազում են, քանի որ պարբերաբար ժողով կազմակերպելու եւ գործունեության վերաբերյալ հաշվետվությամբ հանդես գալու համար հարկավոր են ավելի մեծ ծախսեր:
– Պարոն Դանիելյան, մեկ այլ տեսակետի համաձայն, նշված տեղեկատվության մեջ հրապարակված ցանկացած սխալը արդարադատության նախարարությանը իրավական հնարավորություն է տալիս լուծարելու այդ կազմակերպությունը:
– Իրականությանը բացարձակապես չեն համապատասխանում նաեւ այդ պնդումները: Ներկայացվում է այնպես, թե իբր օրինագծով նախատեսված մեկ այլ դրույթի համաձայն, արդարադատության նախարարությունը լիազորվում է սխալ հաշվետվության դեպքում լուծարելու տվյալ հ/կ-ն: Նախ, խոսքը բացառապես ակնհայտ կեղծ տեղեկությունների կամ էական սխալների մասին է, որի դեպքում հ/կ-ի յուրաքանչյուր անդամ կամ լիազորված պետական մարմին կարող է սոսկ պահանջել, որպեսզի հրավիրվի արտահերթ ժողով կամ հրապարակվի ճշգրտված տեղեկություն: Ինքնին հասկանալի է, որ տվյալ դեպքում ակնարկ անգամ չկա լուծարման մասին:
Ընդհանրապես, երբ խոսում եք հ/կ-ների ներկայացուցիչների տեսակետների մասին, ապա լուրջ ճշգրտման կարիք կա. նկատի ունեցեք, հ/կ-ների գործունեության մասին տարեկան տեղեկություններ հրապարակելու վերաբերյալ դրույթը առաջացրել է սոսկ սակավաթիվ հ/կ-ների նախագահների դժգոհությունը, իսկ շարքային անդամները այն անվերապահորեն ողջունում են, քանզի հնարավորություն են ունենում իրազեկվել հ/կ-ների ղեկավարների ֆինանսատնտեսական գործունեության մասին: Հավելեմ, որ փողերի լվացման խնդիրները հավասարապես վերաբերում են հասարակական միավորումներին. կառավարման թափանցիկություն քարոզող կառույցը չի կարող հրապուրվել իր անդամներից թաքուն ֆինանսական գործունեություն իրականացնելով: Նշեմ, որ ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի աջակցությամբ ներկայումս հիշյալ օրինագիծը ուսումնասիրվում է նաեւ միջազգային փորձագետների կողմից:
– Բոլոր դեպքերում, անգամ տեղեկատվություն հրապարակելը կարող է դիտվել որպես լրացուցիչ պարտականություն: Ինչ եք կարծում, դա չի՞ հանգեցնի հասարակական կազմակերպությունների գործունեության կաշկանդմանը:
– Հանրային հարաբերություններում գործող յուրաքանչյուր կառույց պետք է հայտնի իմաստով պահպանի հրապարակայնորեն գործելու նվազագույն պահանջները, դա նաեւ հնարավորություն է տալիս վերջիններիս զերծ մնալու՝ քաղաքականության վրա ստվերային ազդեցություններից, իրենց ոչ բնորոշ գործունեություն իրականացնելուց եւ որեւէ քաղաքական ուժի կամ միջազգային կառույցի քողարկված թելադրանքով գործելուց:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել