Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՀՈՎՏԱՇԵՆԸ «ԳՅՈՒՂԱՔԱ՞ՆԴ ԵՆ» ԱՆՈՒՄ

Նոյեմբեր 04,2009 00:00

Հովտաշենցիները կառավարության մշակած համայնքների խոշորացման
ծրագիրը ընկալում են որպես իրենց «գյուղը քանդելու ծրագիր»:

Շիրակի մարզում մի շարք կառույցների՝ բուժհաստատությունների, դպրոցների, գյուղերում՝ անգամ բնակարանների օպտիմալացումից հետո, այժմ հերթը հասել է գյուղերին: Որոշակի ֆինանսական միջոցներ խնայելու ու պետության փողերը ճիշտ օգտագործելու համար կառավարությունը գյուղերն օպտիմալացնում է, ինչի արդյունքում փոքր համայնքները միավորվում են հարակից մեծ համայնքներին՝ դառնալով մեկ վարչական մարմին: Այս մոդելը գործել է նաեւ ԽՍՀՄ տարիներին: Շիրակի մարզի Հովտաշեն գյուղում արդեն իսկ սկսվել են բողոքի ակցիաներն այս թեմայով. կառավարությունը փորձարկում է կատարում այս գյուղի վրա՝ 350 բնակիչ ունեցող Հովտաշենը միավորելով մոտ 2500 բնակիչ ունեցող հարեւան Հոռոմին: Հովտաշենցիների մեկնաբանելով, իրենց գյուղը սխալ է ընտրված, քանի որ այն ապահովված է սոցիալական բոլոր պայմաններով. թե՛ ոռոգման ջրով, թե՛ գազով եւ թե՛ դպրոցով, մինչդեռ ծրագրի ամբողջ նպատակը խեղճուկրակ գյուղերը «հարուստներին» միավորելն է: Նրանց ասելով, կոլխոզների քայքայումից հետո հազիվ են պրծել հոռոմցիներից, այժմ էլ ցանկություն չունեն նորից հարեւանների «լծի» տակ ապրել: Մեզ հետ զրույցում գյուղամիջում հավաքված մարդիկ դժգոհում էին, որ սկսվելու են վարչական քաշքշուկները. ստիպված են լինելու մի տեղեկանքի համար Հոռոմ հասնել, եւ սա այն դեպքում, երբ իրենց գյուղապետարանը քթի տակ է, գյուղապետն էլ իրենց ընտրյալն է:
«Կոլխոզների ժամանակ էլ, առանց մեր կարծիքը հաշվի առնելու, մեզ միավորեցին Հոռոմին, մեր պապերը էդ ժամանակ դժգոհում ու դժգոհում էին, հիմա էլ մենք համաձայն չենք, գլխներս կախ ապրում ենք, ի՞նչ են ուզում, էլ դարդ ու ցավ չունեն, հիմա էլ ընկան գյուղերի ջանը: Փո՞ղ եք ուզում խնայել, էդ մի քանի դրամն ի՞նչ է, որ գյուղապետարան եք փակում, մեզ էլ ստրուկ եք դարձնում, լավ կլինի օլիգարխներին մի քիչ կարգի հրավիրեք»,- կառավարությանը խորհուրդ էին տալիս գյուղացիները՝ մի լավ դժգոհելով իրենց օլիգարխ-պատգամավորից՝ պարոն Վարագյանից, որը, ըստ նրանց, մանդատը վերցրել ու անհետացել է:
Հովտաշենի դաշնակցական գյուղապետ Սեյրան Փիլիպոսյանն էլ դժգոհեց, որ դեռեւս Սովետական Հայաստանի ժամանակ հոռոմցիները՝ օգտվելով առիթից, որ Հովտաշենը իրենց է ենթարկվում, «զավթել» են վերջիններիս հողերը ու տներ սարքել: «Չեմ հասկանում ինչո՞ւ է կառավարությունը ուզում միավորել հատկապես մեր գյուղը, գյուղացիների դարդուցավի ժամանակ ոչ մեկը այստեղ ոտք չի դնում, գյուղի անունն անգամ չգիտեն, բայց միավորման ժամանակ, չգիտես ինչու, հանկարծ առաջինը մեզ են հիշում: Պատկերացրեք, որ մեր մարզպետը՝ տիկին Նանյանն անգամ ստեղ չի եղել: Երբ ինձ հրավիրել էր իր կաբինետ, մյուս գյուղապետերի հետ ներս մտա, ինձ հարցրեց՝ դուք ո՞վ եք, ես էլ պատասխանեցի, որ դուք Հովտաշեն համայնքի տեղը չգիտեք, որ բարի լինեիք մի օր մեր գյուղ այցելեիք, կիմանայիք Հովտաշենը որտեղ է, համայնքապետն էլ ով է: Մինչ օրս տեղը չգիտի, բայց քանդելուց լավ իմացան: Մենք հոռոմցիների հետ միշտ էլ յոլա չենք գնացել, միշտ էլ մեր հարաբերությունները լարված են եղել: Ինչո՞ւ Հովտաշենը՝ չեմ հասկանում, թող Շիրակի մարզում վերցնեին էն գյուղերը, որոնք խնդիրներ ունեին: Սա ապացույցն է այն փաստի, որ գործից տեղյակ չեն: Ես 30 000 դրամով եմ աշխատում՝ հավաքարարի փողի չափ, գյուղապետարանում ընդամենը 4 աշխատող կա, որոնք 20-25000 դրամով են աշխատում, էդ ի՞նչ երեւելի փող է, որ գյուղապետարանը լիկվիդացնում են: Մենք ինքնըստինքյան կորցնում ենք նաեւ մեր գյուղը»,- ասաց գյուղապետը՝ դժգոհելով, որ միավորման դեպքում հովտաշենցիները պիտի մոռանան հովտաշենցի գյուղապետ ունենալու մասին, քանի որ իրենց ընտրազանգվածը փոքր է:
Հովտաշենցիների դժգոհությունը հասել է կառավարություն, օրերս գյուղի պատմության մեջ առաջին անգամ նրանց է այցելել կառավարության ներկայացուցիչ՝ փոխվարչապետ Արմեն Գեւորգյանը, որը, սակայն, տեղեկացրել է, որ ուզեն, թե չուզեն՝ գյուղերը միավորվելու են: Հովտաշենցիները բողոք-նամակ են ուղղել երկրի նախագահին, պատրաստվում են փակել նաեւ Երեւան տանող ճանապարհը:
Նշենք նաեւ, որ հոռոմցիներն էլ առանձնապես ոգեւորված չեն գյուղերի միավորումով: Ըստ նրանց, սա իրենց գյուղապետի համար ավելորդ գլխացավ է լինելու, քանի որ գյուղամիջի հողահարկերը հազիվ է գանձում: Շիրակի մարզպետարանի տարածքային կառավարման վարչության պետ Կարլեն Աբրահամյանի մեկնաբանելով էլ, խոշորացումն այսօր անհրաժեշտ է, քանի որ փոքր համայնքները ի վիճակի չեն ապահովել իրենց սոցիալ-տնտեսական խնդիրները, որի արդյունքում ճանապարհներն անբարեկարգ են մնում, չեն կարողանում պահել դպրոցները, ապահովել համայնքային բյուջեն:
Բացի այդ, ըստ պաշտոնյայի, այսօր կա նաեւ կադրային խնդիր: «Չկան գրագետ, համապատասխան համայնքի ղեկավարի ու ավագանու անդամների թեկնածուներ, իհարկե՝ «Ընտրական օրենսգրքով» կրթական ոչ մի չափանիշ չի նախատեսվում, բայց դա չի նշանակում, թե կարելի է ընտրվել ընդհանրապես ոչ մի բան չիմանալով: Մենք շատ խնդիրներ ունենք. փոքր համայնքներում կան դպրոցահասակ երեխաներ, որոնց թիվը քիչ է, եւ մենք դպրոց, տնօրեն ու ուսուցիչներ պահելու հնարավորություն չունենք, կա, ասենք, 10 երեխա, բայց նրանք անցնում են 10-15 առարկա: Իսկ խոշորացման արդյունքում լուծում ենք խնդիրները՝ առաջին հերթին խնայում ենք պետական փոշիացվող միջոցները, որը պետությունը դոտացիայի կարգով ֆինանսավորում է համայնքապետարաններին, բայց նրանք դրա տակ հասկանում են աշխատավարձ ստանալ, բայց չէ՞ որ դա պետք է գնա համայնքի խնդիրները լուծելուն»,- ասում է մարզպետարանի պաշտոնյան՝ վստահեցնելով, որ խոշոր համայնքից գյուղապետ ընտրելու դեպքում տեղակալը պարտադիր պիտի լինի մյուս համայնքից, ավագանու տեղերը եւս հավասարաչափ կբաշխվեն 2 համայնքների ներկայացուցիչների միջեւ: Խոշորացման արդյունքում, մոտավոր հաշվարկներով, Շիրակի 119 համայնքից կմնա 65-70-ը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել