Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«Մի ամիս ամեն օր հարսանիք է արել»

Նոյեմբեր 04,2009 00:00

\"\"Այսպիսի եզրակացության է եկել հարկայինը՝ մի երիտասարդի
ներկայացրած ՀԴՄ կտրոնները ուսումնասիրելուց հետո:

Պետեկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ Արմեն Ալավերդյանի կարծիքով, չշահած ՀԴՄ կտրոնների դիմաց մինչ այսօր տրամադրվող պարգեւավճարի չափը բավականին բարձր էր, այդ իսկ պատճառով հաջորդ տարվանից այդ սխալը կուղղվի:
Եթե մինչ այժմ, ասենք, 100 հազարի գնում պարունակող կտրոնների համար քաղաքացին ստանում էր 2500 դրամ, ապա 2010-ից դրա դիմաց կտրվի ընդամենը 1000 դրամ, այսինքն՝ ընդհանուր գումարի 1%-ը միայն:
Եվ որպեսզի քաղաքացիները այս քայլի համար չմեղադրեն մեր պետությանը, պարոն Ալավերդյանը երեկ ասուլիսում մի քանի դեպք պատմեց, թե բոնուս ստանալու համար հնարամիտ մարդիկ ինչ հնարքների են դիմել: Օրինակ, մի երիտասարդ հարկային է ներկայացրել մի բենզալցակայանից տրամադրված կտրոններ, որից հետեւում է, որ նա իր մեքենան լիցքավորել է յուրաքանչյուր 5 րոպեն մեկ: Երիտասարդը դա բացատրել է նրանով, որ հարսանիք է եղել եւ նա լիցքավորել է բոլոր հարսանքավորների մեքենաները, սակայն խնդիրն այն է, որ նման կտրոնների խմբաքանակներ տրամադրված են ամսվա բոլոր օրերին. «Ստացվում է, որ ամբողջ ամիս հարսանիք է եղել»,- եզրակացրեց ՊԵԿ նախագահի տեղակալը: Հետաքրքիր է նաեւ այն, որ, պարոն Ալավերդյանի հավաստմամբ, հարկայինի մասնաճյուղերում ՀԴՄ բոնուսի տրամադրման համար գոյացած հերթերում նոր բիզնես է ձեւավորվել՝ մարդիկ առավոտյան շուտ հերթ են կանգնում եւ հետո այդ տեղը վաճառում. «80 հազար բոնուս ստացողների երեւակայության արդյունքները հնարավոր չէ կառավարության մեկ որոշման մեջ ներառել: Այս երեւույթները կանխելու համար էլ կառավարությունը որոշել է, որ հունվարի 1-ից ռիսկային ոլորտներից տրամադրվող կտրոնները տարբեր գույներ կունենան, եւ դրանց համար բոնուս չի տրամադրվի»։
Ա. Ալավերդյանը անդրադարձավ նաեւ վերջերս ընդունված հարկային փաթեթին: Հիշեցնենք, որ գործարար պատգամավորների կողմից խիստ քննադատության էր արժանացել հատկապես խոշոր ձեռնարկություններում հարկային տեսուչի ներդրման հարցը: ՊԵԿ նախագահի տեղակալը նշեց, որ հարկային ներկայացուցչի ինստիտուտը հավանության չի արժանացել միջազգային շատ հեղինակավոր կազմակերպությունների կողմից, որոնց կարծիքով հարկային տեսուչի ներկայությունը գործարարի արտադրամասերում՝ ճիշտ չէ, բիզնեսը վերահսկելու շատ ավելի ուրիշ մեթոդներ կան: Ա. Ալավերդյանը նշեց, որ օրենքի նախագծում տեսուչն ավելի շատ լիազորություններ ուներ, սակայն, նկատի ունենալով որոշ հարցեր, դրանք բավականին սահմանափակվել են. «Նա պետք է ստուգի, թե որ պահեստից է առաքում արվում, ինչ է առաքվում, ինչ քանակությամբ, ինչ գնով, ուր եւ վերջ»: «Հարկային փաթեթում» ընդգրկված մեկ այլ փոփոխությամբ, տնտեսվարող սուբյեկտները իրավունք չունեն կես լիտր օղին վաճառել 700 դրամից թեկուզեւ 1 դրամ պակաս արժեքով, հակառակ դեպքում՝ կտուգանվեն 300 հազար դրամով: Օրենքի այս փոփոխությունը ՊԵԿ պաշտոնյան մեկնաբանեց այսպես. «Եթե դրանից ցածր գնով նրանք կարողանան վճարել, ուրեմն՝ կամ աշխատավարձ չեն վճարել, կամ սպիրտը չեն գնել, կամ էլ գինը ցածր է որակի հաշվին»:
Պարոն Ալավերդյանի տեղեկացմամբ, այս տարվա հարկային եւ մաքսային մուտքերը, նոյեմբերի 1-ի դրությամբ, կազմել են ընդհանուր առմամբ 427 մլրդ 9 մլն դրամ, որը նախորդ տարվա համեմատությամբ պակաս է 16%-ով:
Հայ-թուրքական սահմանի բացման դեպքում թուրքական ապրանքների հարկման վերաբերյալ հարցին էլ Ա. Ալավերդյանը պատասխանեց. «Տնտեսական առումով Թուրքիան մեզ համար նույնն է, ինչ ՌԴ-ն կամ, ասենք, Վրաստանը, եւ այդ երկրից էլ ապրանքները պետք է ներմուծվեն նույն պայմաններով, ինչ մյուս երկրներից: Ես չեմ կարծում, որ ապրանքների հեղեղ է լինելու, բայց եթե լինի, դա կարող է ազդել ապրանքների գների վրա: Այսպես թե այնպես, Վրաստանով կամ այլ ճանապարհով թուրքական ապրանքները մտնում են Հայաստան»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել