Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՏԵՂԱԿԱՆ ՃԱՐՊԻԿՆԵՐԻ ԴԵՄՆ ԱՌՆՈՒՄ ԵՆ

Նոյեմբեր 04,2009 00:00

Վարչապետը որոշել է անբարեխիղճ գործարարներին խելքի բերել

Հոկտեմբերի 22-ին տեղի ունեցած կառավարության նիստում վարչապետ Տիգրան Սարգսյանը պատմեց, թե ինչպես է իր օգնությանը դիմել ուկրաինական «Խարկովսկայա բիսկվիտնայա ֆաբրիկայի» տնօրենը, եւ խնդրել շուկան իր մրցակիցներից, այսպես ասած՝ մաքրել: Բանն այն է, որ, ըստ վարչապետի, այդ ընկերությունը փորձել է Հայաստան ներմուծել որոշ ապրանքներ, սակայն պարզվել է, որ այդ ապրանքային նշանն արդեն մեզ մոտ գրանցված է, սակայն նման ապրանք չի արտադրվում:
Նշենք, որ եթե տվյալ ապրանքանիշը Հայաստանում գրանցված է, ապա «Մաքսային օրենսգրքով» արգելվում է նմանատիպ ապրանքանշանով արտադրանքի ներմուծումը: Նիստում Տ. Սարգսյանը հավելեց, որ նման բողոքներ են ստացել նաեւ Ռուսաստանի գործարարներից. «Եթե մենք այստեղ խնդիրը չշտկենք, նրանք համանման միջոցներ կիրականացնեն մեր արտադրողների նկատմամբ»։ Սա էլ առիթ հանդիսացավ, որ վարչապետը էկոնոմիկայի նախարարին հանձնարարի «Ապրանքային նշանների մասին» օրենքում փոփոխություններ կատարել:
Հետաքրքիրն այն է, որ վարչապետը փորձում է օգնել օտարերկրյա գործարարներին, իսկ տեղական արտադրողներին, այսպես ասած՝ «բանի տեղ չի դնում»: Մասնավորապես՝ «Գրանդ հոլդինգը» տարիներ շարունակ արտադրում է շոկոլադե կոնֆետներ, որոնց ապրանքային նշաններն արդեն գրանցել է ՀՀ-ում, ինչը նշանակում է, որ նմանատիպ ապրանքային նշանով արտադրանքների ներմուծումը պետք է արգելվի: Սակայն այսօր հայկական շուկան ողողված է թե ուկրաինական եւ թե ռուսական նույն անվանումն ունեցող քաղցրավենիքներով: Ստացվում է, որ օրենք է խախտվում, բայց ոլորտի պատասխանատուները աչք են փակում այդ երեւույթի վրա:
Թե օրենքում ինչպիսի՞ փոփոխություններ են նախատեսվում, պարզեցինք ՀՀ էկոնոմիկայի նախարարության մտավոր սեփականության գործակալության պետ Արմեն Ազիզյանից: Նրա խոսքերով՝ եւ գործող, եւ նոր օրենքով, եթե արտադրողը գրանցել է ապրանքանշանը եւ 5 տարի անընդմեջ չի օգտագործել, ապա ցանկացած անձի դիմումի հիման վրա այդ գրանցումը կարելի է չեղյալ համարել: Մեր հարցին, արդյո՞ք այդքան դյուրին է ապրանքանշան գրանցել, չկիրառել ու անպատիժ մնալ, պարոն Ազիզյանն ասաց. «Ապրանքանշանը գրանցելու նախնական շրջանում ոչ ոք իրավունք չունի օգտագործման մասին հարց բարձրացնել: Կան ընկերություններ, որոնք գրանցում են ու չեն արտադրում, արգելափակում են, որպեսզի մեկ ուրիշը չարտադրի կամ չներմուծի: Սա անբարեխիղճ գործելաոճ է: Որոշակի ապրանք են արտադրում, գիտեն, որ նմանատիպ ապրանքի ներմուծող կլինի, եւ որպեսզի հետագայում չներմուծեն, գրանցում են այդ ապրանքանշանը: Աշխարհում ընդունված պրակտիկա է, կոչվում է արգելափակում»: Ըստ Ա. Ազիզյանի՝ շատ գործարարներ ապրանքանշանները գրանցում են, ոչինչ չեն արտադրում, հետո հսկայական գումարներ աշխատելու ակնկալիքով կամ վաճառում են այդ ապրանքանշանը, կամ էլ ներմուծողին ասում՝ մինչեւ այսքան գումար չտաս՝ չեմ թողնի ներմուծես: Նոր օրենքով, պարոն Ազիզյանի հավաստմամբ, նման խնդիրները բացառվում են: Օրինակ, եթե ԱՀԿ կամ այլ միջազգային կազմակերպության անդամ պետությունից որեւէ գործարար փորձում է գրանցել ապրանքանշան, եւ դա առանց իրավատիրոջ համաձայնության է արվում, ապա կարելի է մերժել հայտը:
Կամ եթե, ի վերջո, գրանցվել է ապրանքանշանը, ապա երկրորդ ընկերությանը հնարավորություն է տրվում 3 տարվա ընթացքում վիճարկել գրանցումը կամ պարտադրել, որ գրանցումը տեղափոխվի իր անունով: «Այսինքն, մեր տեղական ճարպիկների դեմն առնում ենք»,- ասաց պարոն Ազիզյանը: Մեր այն դիտարկմանը, որ ներմուծողների գործն են հեշտացնում, գործակալության պետն ասաց. «Հայտնի ապրանքանշանների իրավատերերի գործն ենք հեշտացնում, որպեսզի մեր տեղացիները չխանգարեն ինվեստորներին գալ Հայաստան, ինչը շատ կարեւոր է: Երկրի համար շատ կարեւոր է տեղական արտադրողը, բայց շատ կարեւոր է նաեւ օտարերկրյա ներդրողը, այն էլ՝ հայտնի եւ խոշոր»: Պարոն Ազիզյանի ներկայացմամբ, օրենքի նոր նախագծով, ընկերություններին նաեւ հնարավորություն է տրվում դիմել դատարան, եթե, ասենք, իրենց հայտնի դառնալուց հետո ինչ-որ մեկը Հայաստանում գրանցել է ապրանքանշանը. «Դատարանը կարող է պարզել տվյալ ապրանքանշանով արտադրություն կա՞, թե՝ ոչ, կամ այդ արտադրությունը ողջամի՞տ ծավալով է: Օրենքում ողջամիտ ծավալ արտահայտությունը աշխարհում ընդունված բան է, դատարանն է որոշում՝ արդյո՞ք ողջամիտ ծավալի արտադրանք է, թե՝ ոչ»: Մեր այն հարցին, թե ողջամիտ բառը դատավորներին հնարավորություն չի՞ տալիս վճիռ կայացնել՝ ում օգտին կամենան, պարոն Ազիզյանն ասաց. «Մենք օրենքը գրում էինք կանխավարկած չունենալով, թե ինչպիսին է մեր դատական համակարգը: Ասենք, օրական 3 արկղ շոկոլադ արտադրելը փոքր ձեռնարկության համար ողջամիտ ծավալ է, իսկ խոշոր ձեռնարկության համար՝ ոչ: Այդ խոշորը մյուսներին արգելափակելու համար կարող է ապրանքանշան գրանցել, 2-3 արկղ արտադրել եւ մի կողմ քաշվել, ուստի դատարանը պետք է որոշի»: Այն հարցին էլ, եթե տեղական փոքր ընկերությունը գրանցել է ապրանքանշանը եւ օրական 3 արկղ է արտադրում, կա՞ որեւէ երաշխիք, որ մի խոշոր ներմուծող չի փորձի դատական կարգով ապրանքանիշը վերցնել, ինչ է թե դատավորը արտադրության այդ ծավալը ողջամիտ չի համարել, պարոն Ազիզյանն ասաց. «Ամենայն հավանականությամբ, այդ բառը կփոխենք: Բայց մենք եվրոպական չափանիշներով ենք գրել, իսկ Եվրոպայում այդպես է ընդունված»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել