Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Նախարարները փող ունենում են ջրի եւ սուրճի համար

Նոյեմբեր 04,2009 00:00

Ներկայացուցչական մյուս ծախսերը տնօրինում է վարչապետը

Արդարադատության նախկին նախարար, այժմ ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Դավիթ Հարությունյանը մեր թերթի հետ զրույցում մանրամասնել էր գործադիր մարմնի որոշ ներկայացուցչական ծախսերի մասին, նշելով, որ, ասենք, եթե որեւէ նախարար այլ երկրի իր գործընկերոջը հրավիրում է Հայաստան, ապա այդ այցի, հյուրընկալության հետ կապված ծախսերը հոգում է տվյալ նախարարը, քանի որ պետական բյուջեից համապատասխան միջոցներ այդ նպատակի համար նախատեսված չեն: Ֆինանսների փոխնախարար Պավել Սաֆարյանին հարցրինք՝ մի՞թե արդար է, որ այդ կարգի ծախսերի համար պետբյուջեից միջոցներ չեն նախատեսված: «Շատ հաճախ հրավիրելով իրենց գործընկերներին որեւէ երկրից, հյուրընկալելով նրանց, այն, ինչ ընդունված է եւ պետք է արվի, նախարարներն անում են սեփական միջոցների հաշվին, ինչն անթույլատրելի է: Սա այն բացասական երեւույթներից մեկն է, որ իրականում թաքնված կոռուպցիայի հիմքեր է ստեղծում»,- ասել էր պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահը: Գուցե ի սկզբանե նախատեսվում է, որ նախարարը ա՞յլ եկամուտներ ունի, ուրեմն՝ թող ծախսի՞: Մեր այս ռեպլիկին ի պատասխան՝ ֆինանսների փոխնախարար Պավել Սաֆարյանն ասաց. «Շատ հրաշալի չապրելը միշտ կապել կոռուպցիայի հետ, ճիշտ չէ, այսինքն՝ այն, ինչ մեր ցանկությամբ չի լինում, ասենք, որ կոռուպցիա՞ կառաջացնի: Սա ծայրահեղ մոտեցում է: Ներկայացուցչական ծախսերի համար գումարներ նախարարություններն ունեն: Ավելի պարզ ասած՝ եթե նախարարությունը հյուր է ընդունում, սուրճի, «Բյուրեղի» կամ մի ուրիշ ջրի համար գումարներ տրվում են: Իսկ երբ ընդունվում եմ մեծ պատվիրակություններ, ապա այդ գումարները մենք չենք նախատեսում նախարարությունների բյուջեում, դա նախատեսվում է մեկ տողով, որովհետեւ եթե ընդունելություն է լինում, ապա այդ ծախսերը կենտրոնացված են լինում, եւ մեր կարծիքով՝ ավելի արդյունավետ է լինում»: Հարցրինք՝ ի՞նչ է նկատի առնվում, երբ ասվում է՝ կենտրոնացված: Նշանակում է, որ հարցերը վարչապետն է որոշում. «Վարչապետի որոշմամբ որոշվում են նվերների, ճաշկերույթի եւ այլնի ծախսերը: Եթե պարոն Հարությունյանի դժգոհությունն այն է, թե ինչու մենք այդ գումարները չենք բաժանում նախարարություններին, ապա ես կարծում եմ, որ նախարարների համար որեւէ տարբերություն չկա, ուղղակի կենտրոնացվածը նպաստում է, որ ծախսերն ավելի արդյունավետ լինեն»:
Դավիթ Հարությունյանն ասել էր նաեւ, որ ենթադրենք՝ փոխվում է աշխատողների թվաքանակը, պետք է հասկանալ, թե գումարային առումով ինչ է դա նշանակում, «ինչքա՞ն հոսանքի ծախս է ավելանում, ինչքա՞ն սոցիալական վճարումներ պետք է ավելանան, ինչքա՞ն լրացուցիչ ծախսեր պետք է արվեն եւ այլն: Այս գնահատականները հույժ կարեւոր են, հատկապես, երբ գտնվում ենք նման ճգնաժամային վիճակում»: Ֆինանսների փոխնախարարը վստահեցրեց, որ այդ ամենն անշուշտ հաշվի է առնվում. «Ընդհակառակը՝ մեզ մոտ դա հաշվի է առնվում, եթե փոփոխության հետեւանքով թվաքանակ է կրճատվում, դա միայն աշխատավարձի կրճատում չի, այլ նաեւ էլեկտրաէներգիայի, գրասենյակային ծախսերի եւ այլն: Այսինքն՝ այդ բոլոր բաները հաշվի են առնվում, եւ ես կարող եմ դա ցույց տալ, ցույց տալ եւ մեր բացատրագիրը, դուք կտեսնեք, որ որեւէ գերատեսչության բացատրագրի մեջ նշված է, որ այսքան աշխատողի թիվ է կրճատվել, եւ դրա հետ կապված պակասել են գրասենյակային ծախսերը, կապի ծախսերը եւ այլն»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել