Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ԵԽ ԴԻՏՈՐԴՆԵՐԻՆ ՃՆՇՈՒՄ ԷԻՆ ՆԱԵՎ ԴԻՎԱՆԱԳԵՏՆԵՐԸ

Նոյեմբեր 04,2009 00:00

\"\"Ըստ Եվրոպայի խորհրդի տեղական եւ տարածքային իշխանությունների կոնգրեսում ՀՀ պատվիրակության ղեկավար Էմին Երիցյանի՝ որոշ դիվանագետներ ուզում էին, որ Երեւանի ընտրությունները քաղաքական գործընթացների հիմք դառնան:

Արդեն հաղորդել ենք, որ ԵԽ տեղական եւ տարածքային իշխանությունների կոնգրեսը քննարկել է Երեւանի ավագանու առաջին ընտրության վերաբերյալ զեկույցը եւ ընդունել բանաձեւ: Այս փաստաթղթում՝ նախագծի համեմատ, կատարվել են մի շարք էական փոփոխություններ: Արվել էր ուղղումների 18 առաջարկ, որոնց մեծ մասը հեղինակել էր Հայաստանի պատվիրակությունը: Եվ ասենք՝ բանաձեւում ավելացել էր մի նոր կետ, թե ԵԽ կոնգրեսը ողջունում է այն քայլերը, որոնք ձեռնարկել է Հայաստանի իշխանությունը՝ «2008-ի նախագահական ընտրություններից հետո առաջացած քաղաքական տարաձայնությունները հաղթահարելու ուղղությամբ»: ԵԽ տեղական եւ տարածքային իշխանությունների կոնգրեսում Հայաստանի պատվիրակության ղեկավար Էմին Երիցյանից հետաքրքրվեցինք, թե արդյոք վերոհիշյալ փոփոխությունն իրե՞նք էին առաջարկել, թե՞ ԵԽ զեկուցողը. «Տվյալ ձեւակերպումը փոխզիջումային է: Ըստ էության՝ արված այլընտրանքային առաջարկները ձեւավորվել էին իմ առաջարկների հիման վրա»: Բանաձեւի նախագծում մեկ այլ ողջույնի խոսք կար՝ ընդունված համաներման կապակցությամբ. «Ընդ որում՝ այդ քայլը կատարվել է Երեւանի ավագանու ընտրություններից հետո: Եվ իմ առաջարկն այն էր, որ կա՛մ ընդհանրապես փոխվի բովանդակությունը, այսինքն՝ նշվի իշխանությունների քայլերի մասին եւ ոչ կոնկրետ համաներման, կա՛մ էլ ընդհանրապես հանվի այդ կետը»:
Բանաձեւի վերջնական տեքստից դուրս է եկել այն արտահայտությունը, որով բացատրվում է, թե որոնք են ընտրական գործընթացների հանդեպ հայ հանրության թերահավատության պատճառները. «Արմատները տարբեր գործոններ են՝ այնպիսիք, ինչպիսիք են Հայաստանում գործարար աշխարհի սերտաճումը քաղաքականությանը, կոռուպցիայի բարձր մակարդակը եւ ավտորիտար կառավարման ուժեղացման ընդհանուր միտումը»: Էմին Երիցյանը հայտնեց, որ այս կետը դուրս է եկել իր եւ պատվիրակության անդամների փոխհամաձայնությամբ. «Այս բնորոշումը քաղաքական առումով նաեւ անգրագետ էր. նման ձեւակերպման կամ քաղաքական գնահատականի պարագայում, թե Հայաստանում կառավարումն ավտորիտար է՝ երկիրն իրավունք չունի լինել Եվրոպայի խորհրդի անդամ, քանի որ դա նշանակում է ընդհանրապես չբավարարել ԵԽ չափանիշներին: Այս բանաձեւը մասնագիտական առումով շատ թերի է: Քարտուղարության աշխատողներից մեկը հանդիպումների ընթացքում սղագրություններից էկլեկտիկ ճանապարհով ինչ-որ բան է ցանկացել ստանալ, եւ դա է պատճառը, որ այս տեսակ բնորոշումներ էին տեղ գտել: Սա շատ սուբյեկտիվ բնորոշում է եւ պատասխանատու»: Համարելով, թե արվել էր «փնթի եւ ոչ մասնագիտական աշխատանք»՝ հայտնեց, թե քարտուղարության պատասխանատուների աշխատանքի որակի խնդիրը քննարկվելու է ԵԽ կոնգրեսի բյուրոյի նիստում:
Բանաձեւում տեղ է գտել մի կարեւոր նոր կետ: 12-րդ կետում, որով ԵԽ կոնգրեսը կոչ է անում որոշակի քայլեր ձեռնարկել՝ նշված է. «Բարելավել մամուլի, մասնավորապես հեռուստատեսության բազմակարծությունը, եւ հատկապես ապահովել Մարդու իրավունքների եվրոպական դատարանի «Մելտեքս ՍՊԸ-ն եւ Մեսրոպ Մովսիսյանն ընդդեմ Հայաստանի» որոշման կատարումը՝ ԵԽ նախարարների կոմիտեի դիտարկման ներքո»: ԵԽ տեղական եւ տարածքային իշխանությունների կոնգրեսում Հայաստանի պատվիրակության ղեկավարը հայտնեց, որ առաջարկել էր ընդհանրապես հանել այդ կետը. «Հանձնարարականները պետք է վերաբերեին բուն ընտրական գործընթացին: Մինչդեռ սա չի վերաբերում Երեւանի ավագանու ընտրական գործընթացին»: Մեր հիշեցմանը, թե զեկուցողի բացատրական հուշագրում մանրամասնած էր, թե եթերում բազմակարծության պակասն ինչպես է անդրադարձել քարոզարշավի լուսաբանման վրա՝ պրն Երիցյանն այսպես արձագանքեց. «Դա այլ բան է: «Ա1+»-ի խնդրի վրա չէ հիմնված եթերում բազմակարծության գնահատումը. դրա համար կարելի էր այլ ձեւակերպում տալ՝ կա՛մ ընդհանրական, կա՛մ ընտրական գործընթացում եթերի օգտագործման վերաբերյալ»: Փաստորեն՝ ԵԽ կոնգրեսում էլ, ինչպես եւ ԵԽԽՎ հունիսին ընդունված բանաձեւի դեպքում էր՝ մեր պատվիրակության ղեկավարը փորձել է հանել փաստաթղթից «Ա1+»-ին վերաբերող կետը, սակայն չի հաջողել՝ ԵԽ-ն պնդել է այդ պահանջը:
Զեկուցող Նեյջել Մերմագենի բացատրական հուշագրում յուրօրինակ արդարացում կար, թե ինչու, չնայած թերություններին, չեն դատապարտել այս ընտրությունները. «Դա չի օգնի Հայաստանում այն ուժերին, որոնք ԵԽ կոնգրեսի հետ կողք կողքի պայքարել են տեղական ժողովրդավարությունն ամրապնդելու համար ԵԽ անդամ այս պետությունում, եւ սա հայ ժողովրդի շահերից չի բխում»: Մեր հարցին՝ ինչպե՞ս է վերաբերվում այս վկայությանը, թե Հայաստանի դեպքում գործում է գնահատման այլ սանդղակ եւ այլ չափանիշներ՝ Էմին Երիցյանը պատասխանեց. «Կարծում եմ, սա առանցքային մոտիվացիան չէր, որը ընկած էր մոտեցման հիմքում: Սա առավել զեկուցողի սուբյեկտիվ «արդարացումն» է, քանի որ իսկապես դժվար վիճակում էին: Բանավոր ելույթում նա ասաց, թե ճնշում կար իշխանության եւ ընդդիմության կողմից, նաեւ՝ մամուլի ներկայացուցիչների, որոնք մեզանում քաղաքական ակտիվ մասնակիցներ են: Բայց ճնշում կար նաեւ Եվրոպայի խորհրդում»: Վերջին պնդումը մեր խնդրանքով որոշակիացնելով՝ ասաց, թե այդ կառույցի քարտուղարության մեջ կան մարդիկ, որոնք անձնական ու քաղաքական շարժառիթներ ունեն. «Մերմագենն իր ելույթում ասաց, թե ճնշում կար նաեւ դիվանագիտական շրջանակների կողմից: Խնդիրն այն է, որ Երեւանի ավագանու ընտրությունների առնչությամբ տարբեր կողմեր ունեին որոշակի քաղաքական շարժառիթներ: Չակերտները մի քիչ բացեմ՝ սա վերաբերում է Հայաստանում իրենց դիվանագիտական կորպուսի հետ հանդիպումներին: Որոշ դիվանագետներ մոտիվացիա ունեին, թե Երեւանի ավագանու ընտրությունները պետք է ինչ-որ քաղաքական գործընթացների հիմք դառնան: Քաղաքական դաշտում երկու գնահատում կար, չէ՞, որ դրանք ուղղակի ՏԻՄ ընտրություններ են, եւ երկրորդը, թե նախագահական ընտրությունների շարունակությունն են: Եվ դիվանագիտական կորպուսն էլ էր ներքաշված այս մտածողության մեջ, ու դիտորդներից որոշակի ակնկալիքների դաշտ էին ստեղծում, եւ իրենց շփումների ժամանակ սա արտահայտվում էր: Սրանով դիտորդներն էլ հայտնվեցին վատ վիճակում: Այսինքն՝ Մերմագենը՝ ասելով, թե ինչու են այդպես գնահատել՝ ընդամենն այդ բարդ վիճակից ելքի, բացատրություն տալու միտում ուներ: Քանի որ ընդհանուր առմամբ՝ գնահատականը դրական է Երեւանի ավագանու ընտրություններին»:
Ի դեպ, հանձնարարականներում մի նոր կետ էլ է ավելացել, որում անդրադառնալով ապագա ընտրություններին՝ ԵԽ կոնգրեսը հայ բոլոր կուսակցություններին կոչ է արել այնպիսի ծրագրեր եւ ռազմավարություններ մշակել, որոնք կխթանեն քաղաքացիական ակտիվ մասնակցությունը. «Ընտրություններից հետո ընդդիմության ներկայացուցիչները նույնպես պետք է կատարեն իրենց ժողովրդավարական դերը համապատասխան մարմիններում (ասենք՝ Երեւանի ավագանիում)»: ԵԽ տեղական եւ տարածքային իշխանությունների կոնգրեսում Հայաստանի պատվիրակության ղեկավարը սա գնահատում է որպես կոչ ընդդիմությանը՝ դադարեցնել ավագանու աշխատանքների բոյկոտը. «Մենք սա քննարկել ենք զեկուցողների հետ, եւ դա այս տրամաբանության մեջ է, որ ընդդիմությունը մասնակցի Երեւանի կառավարմանը: Դրանով ավելի կմեծանա ավագանու դերը»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել