Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՔԼԻՆԹՈՆԸ ԵՎ ՇՐՅՈԴԵՐԸ ՈՂՋՈՒՆՈՒՄ ԵՆ ԹՈՒՐՔԻԱՅԻՆ

Նոյեմբեր 04,2009 00:00

«Հայաստանի հետ հարաբերությունների բարելավմանն ուղղված քայլերը վկայեցին, որ Թուրքիան տարածաշրջանային հակամարտությունների լուծման գործում կարեւորագույն դերակատարություն ունի»,- երկուշաբթի երեկոյան Ստամբուլում հայտարարել է Գերմանիայի նախկին դաշնային կանցլեր Գերհարդ Շրյոդերը: Ըստ «Ազատություն» ռ/կ-ի, Գերմանիայի սոցիալ-դեմոկրատների նախկին ղեկավարը Ստամբուլում մասնակցում էր թուրքական գործարար շրջանակների կազմակերպած Բոսֆորյան համաժողովին: Ողջունելով Թուրքիայի եւ Արեւմուտքի հարաբերություններին նվիրված համաժողովի մասնակիցներին՝ Շրյոդերը նշել է. «Չնայած Անկարայի գործադրած բոլոր ջանքերին՝ ցավով պետք է արձանագրեմ, որ Եվրամիությունն ըստ արժանվույն չի գնահատում Թուրքիայի դերը»:
Համաժողովի մյուս բարձրաստիճան հյուրը՝ Միացյալ Նահանգների նախկին նախագահ Բիլ Քլինթոնը, եւս իր ելույթում բարձր է  գնահատել Թուրքիայի եւ Հայաստանի միջեւ հարաբերությունների բարելավմանն ուղղված քայլերը, կանխատեսելով, որ պաշտոնական Անկարայի վերջին գործողությունները կարող են փոխել տարածաշրջանում առկա ողջ պատկերը: «Միացյալ Նահանգները պատմական առաքելություն ունի՝ օժանդակել Թուրքիային, որպեսզի այն կարողանա իր ազդեցությունը տարածել ռեգիոնալ բոլոր ուղղություններով,- հայտարարել է Քլինթոնը՝ հավելելով:- 21-րդ դարի մարտահրավերներին հաջողությամբ դիմակայելու համար Թուրքիան պետք է որդեգրի փոխշահավետ լուծումների մարտավարությունը»:
Համաժողովի մասնակիցները չեն շրջանցել նաեւ Եվրամիությանը Թուրքիայի անդամակցության հարցը: Գերհարդ Շրյոդերն այս առթիվ հայտարարել է.  «Պետք է հավատարիմ մնալ նախկինում տրված խոստումներին: Եթե մենք ասել ենք, որ ցանկանում ենք մի օր Թուրքիան տեսնել որպես Եվրամիության լիիրավ անդամ, ապա որեւէ մեկը չի կարող անտեսել այդ պարտավորությունը»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել