Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Վահան Հովհաննիսյանը զզվել էր

Նոյեմբեր 04,2009 00:00

Իսկ Ալվարդ Պետրոսյանի լացն էր գալիս

ՀՅԴ խմբակցության պատգամավոր Ալվարդ Պետրոսյանը երեկ «Փաստարկ» ակումբում անդրադառնալով հայ-թուրքական հարաբերություններին՝ ասել է. «Այսպես թե այնպես, մի հատ դրական բան կա, սկսվե՛լ է: Թուրքը չի մնացել վիրտուալ ինչ-որ մի բան: Մի բան սկսվել է»: Ըստ «Երկիր Մեդիայի»՝ պատմության ընթացքում թուրքերի հետ շփվելու ամենահարուստ փորձը ՀՅԴ-ն ունի, եւ Ալվարդ Պետրոսյանը հիշեցրել է. «Էդ փորձն ասում է՝ սպասե՛ք, մի՛ շտապեք, որոգայթներ կան: Էդ որոգայթները պետք է չեզոքացնել»:
ՀՅԴ խմբակցության պատգամավորը խոսել է արձանագրությունների շուրջ ծավալվող քննարկումների մասին եւ ասել, որ դրանց մասին խոսում են բոլորը, ամբողջ ազգը հայտնվել է հայ-թուրքական խաչմերուկում, իսկ խաչմերուկի կիզակետում արձանագրություններին համոզված «այո» եւ «ոչ» ասողները պետք է գտնեն ճշմարտությունը: Մինչդեռ ընդհանուր հայտարարի գալու ցանկություն չկա, իսկ ասպարեզում, ըստ տիկին Պետրոսյանի, մնացել են «հերարձակ» հայրենասերները. «Ապրիլի 24-ին Ծիծեռնակաբերդում բփռեջ աղջիկներ էին հայտնվում ու փողոցային տղաներ եւ բանաստեղծություններ էին ասում միայն այդ օրվա համար։ Ես դրանց անունը դրեցի հերարձակներ»,- իր հեղինակած բառը բացատրել է նա: Իսկ այժմ՝ «Հերարձակները նրանք են, ում համար հայ-թուրքականը հենց էնպես մի թեմա է, ուտելու թեմա է: Ու էդպիսիք, ցավոք, երկու կողմում էլ կան»:
Խորհրդարանական մեծամասնության շարքային ներկայացուցիչները, ըստ պատգամավորի, իրենց` արձանագրություններին «ոչ» ասողներին, նայում են ցավով ու խանդով. «Իրենք «այո» են ասում՝ արտաքուստ, բայց այլ բան են մտածում: Աչքերի մեջ թախիծ կա»:
Գրեթե նույն զգացողությամբ Ալվարդ Պետրոսյանը հետեւել է ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանին, երբ Ցյուրիխում գերտերությունների ղեկավարների ներկայությամբ նա ստորագրում էր հայ-թուրքական արձանագրությունները. «Շատ մեղք էր: Ինքը իմ բանաստեղծության հերոսը չի՝ Էդվարդ Նալբանդյանը, բայց լացս գալիս էր, որ նայում էի՝ սա իմ երկրի արտգործնախարարն է»: Հիշեցնենք, որ ՀՅԴ բյուրոյի անդամ Վահան Հովհաննիսյանը նույն արարողությանը նայելիս՝ իր խոստովանությամբ, զզվել էր:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել