Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՄԵՆՔ ՄԵԶ ԵՆՔ ՊԱՐՏՎԵԼ

Նոյեմբեր 04,2009 00:00

\"\"Ասում է քաղաքական տեխնոլոգիաների մասնագետ Արմեն Բադալյանը՝
չկիսելով կարծիքը, թե հայ-թուրքական արձանագրությունները ստորագրելով
մենք պարտվել ենք Թուրքիային:

Դեռ այս տարվա մայիսին, Երեւանի քաղաքապետի ընտրություններից առաջ, քաղաքական եւ ընտրական տեխնոլոգիաների մասնագետ Արմեն Բադալյանը «Առավոտի» հետ զրույցում կարծիք էր հայտնել, որ եթե ՀՀ նախագահի ընտրություններից հետո քաղաքապետի ընտրություններն էլ  արդար ու ազատ չլինեն, ապա «հասարակությունը կընկնի ապատիայի, հիասթափության մեջ՝ անտարբեր դառնալով նաեւ արտաքին մարտահրավերների, այդ թվում՝ ԼՂ հիմնախնդրի նկատմամբ, արդյունքում երկիրը կկորցնի դիմադրողականությունը՝ պետության առջեւ ծառացած որեւէ մարտահրավերի դիմակայելիս»: Երեկ մեզ հետ զրույցում Ա. Բադալյանն ափսոսանք հայտնեց, որ իր կանխատեսումներն իրականացել են, եւ որպես ապացույց բերեց հայ-թուրքական հարաբերություններին առնչվող արձանագրությունների ստորագրումից հետո տեղի ունեցող քաղաքական գործընթացները եւ հասարակության այն անտարբերությունը, որ նկատելի է պետական եւ ազգային այդ հարցի նկատմամբ: «Դրա լավագույն օրինակը ՀՅԴ-ի կողմից կազմակերպված հանրահավաքներն էին, որոնց մասնակցում էր մեկ-մեկուկես հազար մարդ, որոնք տեղավորվում էին ընդամենը «Մոսկվա» կինոթատրոնին հարող փոքրիկ հրապարակում, եւ դա էլ այն դեպքում, երբ այնտեղ հավաքված ոչ բոլոր մարդիկ էին, որ եկել էին գաղափարական, հայդատական մղումներից դրդված: Եթե մարդիկ իսկապես ազգային եւ պետական հարցերն առաջնահերթ համարեին, նրանք կգնային այդ հանրահավաքներին՝ անկախ ամեն ինչից ու այն բանից, թե դա որ ուժն է կազմակերպել»: Փորձագետի կարծիքով, այսօր հայ-թուրքական արձանագրությունների նկատմամբ հասարակության անտարբերության պատճառները բազմազան են, եւ դրանց թվում նաեւ այն է, որ ազգային հարցերն այսօր մեր հասարակության համար գերիշխող չեն:
Ա. Բադալյանի համար բանալ են թվում նաեւ հնչող  հայտարարությունները, թե հայ-թուրքական արձանագրությունների ստորագրումը հայ ժողովրդի պարտությունն է. «Մենք Թուրքիային չէ, որ պարտվեցինք: Մենք պարտվել ենք վաղուց եւ դեռ այն ժամանակ, երբ տասնամյակներ շարունակ ընտրությունները կեղծվում էին: Մենք պարտվում  էինք այն ժամանակ, երբ իշխանությունը մեզ զրկում էր անկախ հեռուստաընկերություն ունենալուց: Մենք պարտվում էինք այն ժամանակ, երբ  տեսնում էինք, որ մեկն անազնիվ ճանապարհով օլիգարխ է դառնում, երբ մարդուն ծեծում էին օլիգարխների կամ պաշտոնյաների թիկնապահներն ու անպատիժ էին մնում, երբ հանրահավաքներից առաջ մարդկանց ոստիկանության բաժիններ էին տանում: Մենք այ, է՜ն ժամանակ էինք պարտվում, ուղղակի հայ-թուրքական հարաբերությունները մեր արդեն կրած պարտությունն ի ցույց դրեցին, այսօր կրած մեր պարտությունը արդեն կրածների արտացոլումն է»:
Իսկ արդյոք այս հարցում հասարակության անտարբերության պատճառն այն չէ՞, որ մարդիկ առաջնորդվում են իրենց պաշտպանական բնազդներով կամ ենթագիտակցաբար կարծում են, որ սահմանի բացման դեպքում իրենց կյանքը, միգուցե, ավելի էժան կլինի,  եւ սոցիալական վիճակն էլ կմեղմվի: «Իհարկե, որովհետեւ մարդկանց մոտ իշխում է այն տեսակետը, որ սահմանը բացվեց թե չէ՝ աշխույժ առեւտուր կլինի, կգնան Թուրքիա, ապրանք կբերեն, կվաճառեն եւ այլն: Բաց սահման ունենալն, անշուշտ, գայթակղիչ է, այն էլ այնպիսի հասարակության համար, որը ազգային ու պետական հարցերն առաջնահերթություն այլեւս չի համարում»,- նկատեց փորձագետը: Նա ձեռնպահ մնաց կանխատեսելուց, թե որքանով կարդարանան հասարակության գայթակղիչ հույսերը, բայցեւ հավելեց, թե՝ բոլոր դեպքերում սահմանը բացելը լավ է: Նրա ասելով, ի վերջո, մարդիկ հասկացան, որ փակ սահման, Ցեղասպանության ճանաչում՝ դրանք կարեւոր են, բայց երբ երկիրը մեկ միլիոն մարդ է լքում, դա եւս որոշիչ սահմանագիծ է: «Երբ երեք միլիոնից  մեկ միլիոնը երկրից հեռանում է, դա նշանակում է, որ մարդիկ ոչ թե  Ցեղասպանության, Ղարաբաղի, այլ հենց մեր անկախ պետականության հանդեպ հավատ չեն ընծայում, որովհետեւ տեսան, թե իրենց ինչ տվեց այդ պետությունը՝ կեղծված ընտրություններ, հասարակության ահավոր շերտավորում, քաղաքական եւ քաղաքացիական անազատություն, տնտեսական մենաշնորհներ եւ այլն: Իսկ ՀՀ-ում մնացածները մտածում են  իրենց պահելու մասին եւ դրա հույսը ինչ-որ տեղ կապում են նաեւ սահմանի բացման հետ»,- ասաց Ա. Բադալյանը:
Վերջինս, որպես քաղաքական տեխնոլոգ, անդրադառնալով հայ-թուրքական արձանագրությունների շուրջ ծավալված քննարկումներին՝ խոստովանեց, որ դրանք, որպես կանոն, շատ մակերեսային եւ պարզունակ էին: «Մեր քաղաքական գործիչներն ու փորձագետները քննարկում, վերլուծում են բացառապես արձանագրությունների տեքստը՝ այս կետը լավն է, այն կետը վատն է, մի կողմ թողնելով աշխարհաքաղաքական, տարածաշրջանային գործընթացները: Այդպես վերլուծել չի կարելի: Չէ՞ որ այդ հայ-թուրքական հարաբերությունները, ստորագրված արձանագրություններն այդ գործընթացների ընդամենը մեկ տարրն են, եւ չի կարելի դա առանձին վերցրած լուրջ դեմքով վերլուծություններ անել: Այդ հարաբերությունները Կովկասի համար պայքարի արդյունք են, եւ պետք չէ ասել, թե սահմանի բացումը պետք է Թուրքիային՝ ԵՄ անդամ դառնալու հարցը լուծելու համար: Թուրքիան արդեն 40 տարի փորձում է ԵՄ մտնել ու մի 5 տարի էլ կսպասեր, մանավանդ, որ այդ համատեքստում նա ավելի լուրջ խնդիրներ ունի, քան սահմանի բացումն է: Այդ հարցում ավելի շահագրգիռ են ԵՄ-ն, ԱՄՆ-ն, Ռուսաստանն ու Թուրքիան՝ նկատի ունենալով նաեւ տնտեսական ծրագրերը: Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը այդ ծրագրերի ընդամենը մի տարրն է»,- ասաց Ա. Բադալյանը: Նա բացառեց, որ Հայաստանը անգամ ցանկության դեպքում կարող էր դեմ գնալ այս գործընթացներին՝ «ինչո՞վ ու ինչպե՞ս պիտի դիմագրավեր, խեղճացված ու աղքատ ժողովուրդ, զրոյական տնտեսություն: Մենք այս մեծ խաղում ընդամենը զինվոր ենք, իսկ զինվորն ինքնուրույն չի մտածում, նա խաղարկվում է: Այս ամենից մեր շահը պիտի այն լինի, որ մենք կարողանանք օգտվել այդ գլոբալ պրոցեսներից»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել