Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՏՂԱՄԱՐԴԿՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՑՈՂԸ ԿԶԻՋԵՐ

Նոյեմբեր 04,2009 00:00

Հարցազրույց թիվ 10 ընտրատարածքում պատգամավորի թեկնածու առաջադրված Էդուարդ Մադաթյանի հետ

 – Պարոն Մադաթյան, մեկ անգամ Ձեր քաղաքական ակտիվությունն ավարտվեց քրեական պատմությամբ. ի՞նչն էր պատճառը, որ այդ ամենից հետո նորից որոշեցիք վերադառնալ քաղաքականություն:
– Ես քաղաքականությունից չէի էլ հեռացել. քաղաքականության մեջ եղել եմ եւ կամ, այդ բոլոր հետապնդումներն էլ դրա արդյունքն էին:
– Բայց տեւական ժամանակ Հայաստանից բացակայում էիք, հետո ինչ-ինչ պայմանավորվածությունների արդյունքում վերադարձաք եւ շարունակում եք գործարարությամբ զբաղվել: Ինչո՞ւ որոշեցիք քաղաքական ակտիվություն դրսեւորել եւ թիվ 10 ընտրատարածքում պատգամավորական մանդատի պայքարի մեջ մտնել:
– Պայմանավորվածություններ չեն եղել: Ես դիմել եմ օրենքով սահմանված կարգով վերադառնալու համար. օրենքով եկել եմ, եւ ամեն ինչն էլ օրենքով է եղել: Իսկ հիմա ես շարունակում եմ իմ կիսատ թողած գործունեությունը:
– Ինչ-որ մեկին ինչ-որ բա՞ն եք ուզում ապացուցել:
– Գուցե՝ նաեւ այդպես: Ես կիսատ թողած գործեր ունեմ, որոնք ուզում եմ շարունակել:
– Ի՞նչ գործերի մասին է խոսքը:
– Օրենսդրական գործունեության:
– Ձեր, պայմանական ասած, պասիվ գործունեության շրջանում, հավանաբար,  մաշկի վրա՞ եք զգացել օրենսդրական բացերը:
– Կարելի է այդպես էլ ասել:
– Բայց ՀՀ գլխավոր օրենքն արգելում է գործարարին քաղաքականությամբ զբաղվել:
– Իմ բիզնեսներով իմ երեխաները կզբաղվեն, եթե ես քաղաքական գործունեություն սկսեմ ծավալել:
– Ինչպե՞ս եք վերաբերվում Ձեր մրցակիցներին, ի՞նչ պայքար եք կանխատեսում: Նիկոլ Փաշինյանի առաջադրումը Ձեզ չի՞ կաշկանդում:
– Ես Նիկոլի կարգավիճակում եղել եմ, գիտեմ՝ դա ինչ է: Այն ժամանակ (նկատի ունի 2007 թ. խորհրդարանական ընտրությունները- Ն. Գ.) ես առաջադրվել էի, բայց ինձ չգրանցեցին: Լավ հասկանում եմ Նիկոլի վիճակը եւ գտնում եմ, որ նրան հիմա պետք է օգնել:
– Ուրեմն՝ հանեք ձեր թեկնածությունը՝ հանուն Նիկոլի: Ի դեպ, այդ ընտրատարածքի եւս մեկ հավակնորդ՝ Հմայակ Հովհաննիսյանը, հայտարարել է Նիկոլի հետ համագործակցելու պատրաստակամության մասին:
– Եթե Հմայակն այդքան տղամարդկություն ունի, եթե պատրաստ է համագործակցել՝ թող զիջի Նիկոլին:
– Իսկ Դո՞ւք:
– Ամեն ինչ հնարավոր է: Ընտրությունը պայքար է, ամեն վայրկյան ամեն ինչ կարող է փոխվել: Կյանքում ամեն ինչ փոփոխական է, մնայուն ոչինչ չկա:
– Ի՞նչ եք կարծում, Նիկոլի թեկնածությունը կգրանցե՞ն:
– Պետք է որ գրանցեն, քանի որ օրենքը թույլ է տալիս: Նրա նկատմամբ դատարանի որոշում չկա:
– Համապատասխանո՞ւմ են իրականությանը խոսակցությունները, որ այդ տարածքից պատգամավոր դառնալու համար նախագահի «դաբրոն» Ձեզ է տրված:
– Երբեք «դաբրոների» մասին չեմ մտածել: Իմ ողջ կյանքում ես ինքնուրույն գործող եւ մտածող մարդ եմ եղել: Իմ բոլոր ընտրապայքարներն առանց «դաբրոյի» են եղել:
– «Վերեւների» հետ որեւէ պայմանավորվածություն չկա՞:
– Անհեթեթ խոսակցություններ են:
– Ձեր պատկերացմամբ՝ ի՞նչ պայքար է գնալու թիվ 10-ում՝ գաղափարների՞, ուժի՞, փողի՞:
– Գրանցումից հետո պարզ կլինի:
– Ինչ-որ բան կմաղթե՞ք Ձեր ընտրողներին:
– Գրանցումից հետո ուղերձով կասեմ այն ամենը, ինչ ցանկանում եմ: Շնորհավորում եմ Նիկոլին՝ առաջադրման առիթով եւ հաջողություն եմ ցանկանում նրան. բայց պայքարը դեռ առջեւում է:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել