Եվրոպայում գտնվող եւ Սփյուռքի տարբեր շերտերի հետ շփումներ ունեցող ՀՀՇ վարչության անդամ Հովհաննես Իգիթյանն «Առավոտին» ասաց, թե համաձայն չէ պաշտոնական այն կարծիքին, թե Սփյուռքը կողմ է հայ-թուրքական արձանագրություններին. «Սփյուռքի մեծ մասն անտարբեր է, որովհետեւ անտեղյակ է, կամ անտեղյակ է, որովհետեւ անտարբեր է: Սփյուռքում զգացվում է խոր հիասթափություն Հայաստանի արտաքին եւ հատկապես ներքին քաղաքականությունից: Մի մասը կտրուկ դեմ է արձանագրություններին՝ առանց խորանալու բովանդակության մեջ. ուղղակի կա՛մ չի հավատում Թուրքիային, կա՛մ գտնում է, որ մինչեւ Թուրքիան չճանաչի Ցեղասպանությունը՝ որեւէ հարաբերություն չպետք է ունենանք: Եվ միայն փոքր մասը, այս գործընթացը պատկերացնելով որպես սահման բացել-չբացելու խնդիր, վիճում է՝ դա Հայաստանին օգո՞ւտ կբերի, թե՞ վնաս:
Բայց կա մի հանգամանք, որը Հայաստանի «հայրերը» չեն տեսնում կամ չեն ուզում նկատել՝ հայ-թուրքական արձանագրությունների հետ կապված այս գործընթացը ոչ միայն Թուրքիան դարձրեց սուպեր պետություն, կայունության եւ խաղաղության աղավնի, ԼՂՀ-ի հարցում շատ ազդեցիկ խաղացող, այլ նաեւ մեծ խթան դարձավ թուրքական սփյուռքի աննախադեպ միավորման եւ լուրջ գործոն դառնալու հարցում»:
Ա. Ի.