Արձագանքելով «Առավոտ» օրաթերթի հոկտեմբերի 7-ի համարում տպագրված «Անկեղծ շփումը»՝ անիվների վրա» հրապարակմանը, «Նիկիտա Մոբայլ» ընկերությունից հայտնեցին, որ իրենց կողմից մատուցվող ծառայությունները չեն մտնում այն ծառայությունների ցանկում, որոնք ՀՀ օրենսդրությամբ նախատեսված է մատուցել բացառապես 18 տարին լրացած քաղաքացիներին. «Հետեւաբար, ընկերությունը իր ծառայություններից օգտվողների տարիքի մասին որեւէ հիշեցում անելու պարտավորություն չունի: Երբեմն ծնողներն իրենց երեխաների վարքագծին հետեւելու պարտականությունները շփոթում են այլոց պարտականությունների հետ: Եթե առաջնորդվենք հոդվածագրի տրամաբանությամբ, ապա հեռախոսակապից օգտվել կարող են միայն 18 տարին լրացած քաղաքացիները, քանի որ սովորական հեռախոսազանգով եւս կարելի է պարտքեր կուտակել: Բացի այդ, ընկերությունն իր բոլոր գովազդային նյութերում երբեք չի մոռանում նշել այդ ծառայությունների արժեքը, այն դեպքում, երբ շատ հաճախ մեզ հանդիպող բազմաթիվ այլ ապրանքների եւ ծառայությունների գովազդներում գնի մասին ոչ մի տեղեկություն չի նշվում: Հոդվածում ցուցադրված գովազդային ցուցանակում եւս գինը նշված է, որի ընդգծված լինել կամ չլինելը հոդվածի հեղինակի սուբյեկտիվ ընկալման խնդիրն է»: