Երեկ տեղի ունեցավ ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական գործերով որոշումների ժողովածուի առաջին հատորի շնորհանդեսը:
Ելույթ ունեցան Վճռաբեկ դատարանի նախագահ Արման Մկրտումյանը, դատարանի քրեական պալատի նախագահ Դավիթ Ավետիսյանը, Ամերիկյան իրավաբանների ընկերակցության հայաստանյան գրասենյակի տնօրեն Քրեգ Հոլսթեդը: Ժողովածուն ներկայացրեց ՀՀ դատական դեպարտամենտի կազմակերպա-իրավական վարչության պետ Սերգեյ Մարաբյանը:
«Անգնահատելի է ժողովածուի դերը արդարադատության թափանցիկության, իրավակիրառ պրակտիկայի միատեսակությունն ապահովելու գործում»,- ասաց Արման Մկրտումյանը: Նրա խոսքերով՝ նման ժողովածուների բազմաֆունկցիոնալ կիրառությունը կնպաստի դատական պրակտիկայի՝ որակական նոր աստիճանի բարձրացմանը:
Ժողովածուն ընդգրկում է 2006թ. հոկտեմբերից 2008թ.-ն ընդունած իրավական ակտերի համառոտագրերը։
Հրատարակումը հնարավոր է դարձել Ամերիկյան իրավաբանների ընկերակցություն CEELI Inc.-ի հայաստանյան ներկայացուցչության (ABA/CEELI) եւ ՀՀ դատական դեպարտամենտի հետ համատեղ իրականացվող ծրագրի շրջանակներում եւ ֆինանսավորվել է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության կողմից։