Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՈՒՍԱՆՈՂԱԿԱՆ ԳԻՏԱԺՈՂՈՎ՝ ՎԱՆԱՁՈՐՈՒՄ

Նոյեմբեր 03,2009 00:00

Հոկտեմբերի 31-ին Վանաձորի պետական մանկավարժական ինստիտուտի հիմնադրման 40-ամյակի միջոցառումների շրջանակներում կայացավ ուսանողական հանրապետական գիտաժողով, որն առաջին փորձն էր բուհի հարկի տակ հավաքելու հանրապետության տարբեր բուհերի՝ գիտությամբ հետաքրքրվող ուսանողների: Մասնակցության հրավերն ընդունել էին ԵՊՀ-ից, Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայից, ԵՊՃՀ-ից եւ մի շարք այլ բուհերից: Զեկուցումներն էլ տարբեր ոլորտներից էին՝ գրականություն, լեզվաբանություն, պատմություն, իրավագիտություն, տնտեսագիտություն, մաթեմատիկա, ֆիզիկա, երաժշտագիտություն, մանկավարժություն եւ այլն: Լիագումար նիստից հետո գիտաժողովը շարունակվեց բաժանմունքներում՝ ըստ մասնագիտությունների:
Կոնսերվատորիայի 3-րդ կուրսի ուսանողուհի Լիլիթ Հարությունյանն առաջին անգամ էր Վանաձորում. «Երաժշտագետներիս համար գիտաժողովները կարծես համերգների նման մի բան լինեն. դա մեր ելույթն է, մեր գործը ցույց տալու հնարավորությունը: Կոնսերվատորիայում ունենում ենք գիտաժողովներ, եւ Վանաձորից նույնպես մեզ հյուր են գալիս, սակայն առաջին անգամ է, որ մենք ենք գալիս այստեղ: Առաջին անգամ եմ Վանաձորում: Չնայած եղանակին՝ հիացած եմ. գեղեցիկ քաղաք է: Շատ լավ հանդիսատես է, նույնիսկ հարցեր տվեցին, ինչը երբեմն կոնսերվատորիայում չի պատահում»: «Զեկուցումների տարաբնույթ լինելը ցույց է տալիս, որ ներկա սերունդը հետաքրքրվում է գիտությամբ: Չեմ ասի, թե մեծ հայտնագործություններ են արել, բայց նրանք ասացին իրենց խոսքը. դա թարմ էր եւ հետաքրքիր»,- նկատեց ՎՊՄԻ ռեկտոր Գ. Խաչատրյանը: Ռեկտորի հավաստմամբ՝ ուսանողական հանրապետական գիտաժողովը բուհում կդառնա ավանդական եւ ամեն տարի աշնանը իր հարկի տակ կհյուրընկալի գիտությամբ հետաքրքրվող երիտասարդներին:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել