Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ԿԳՆ-Ի ՁԵՌՔԻՑ ՎԵՐՑՐԻՆ

Նոյեմբեր 03,2009 00:00

Օրերս ՀՀ կառավարության որոշմամբ փոփոխություններ կատարվեց ՀՀ կառավարության  2004թ. ապրիլի 14-ի եւ 2008թ. նոյեմբերի 27-ի որոշումներում, որոնք վերաբերում են «Գնահատման եւ թեստավորման կենտրոնի» ու «Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային  կենտրոն» հիմնադրամի գործունեությանը: «Առավոտի» տեղեկություններով՝  կառավարության որոշմամբ մի շարք  փոփոխությունների շարքում այս երկու կառույցները դուրս են բերվել ԿԳՆ-ի ենթակայությունից: ՀՀ վարչապետի  խորհրդական Արամ Անանյանն էլ «Առավոտին» փոխանցեց ՀՀ կառավարության որոշումը, որով ամրագրված է, որ երկու կառույցները հանվեն ԿԳՆ-ի ենթակայությունից՝ դրանց պետական լիազոր մարմին ճանաչելով ՀՀ կառավարության աշխատակազմը: Իսկ որոշումն ունի հետեւյալ հիմնավորումը. «ԿԳՆ-ն իր կանոնադրության համաձայն իրականացնում է  ոլորտի  քաղաքականության մշակում եւ դրա իրականացման նկատմամբ վերահսկողություն: Կրթության բարեփոխումների արդյունավետության բարձրացման, կրթական համակարգի կենսունակության եւ զարգացման անհրաժեշտ մակարդակի ապահովման  կարեւոր պայմաններից մեկը զսպումների եւ հակակշիռների մեխանիզմների ներդրումն ու կիրառումն է: Այս պայմանը ապահովելու համար առաջարկում ենք ՀՀ ԿԳՆ՝ ավարտական եւ միասնական քննությունների կազմակերպման եւ անցկացման, ընթացիկ գնահատման իրականացման, ինչպես նաեւ նախնական, միջին, բարձրագույն մասնագիտական կրթության հավատարմագրման գծով անհրաժեշտ փորձաքննության գործառույթներ իրականացնող կազմակերպությունների կառավարումն իրականացնող պետական լիազոր մարմին ճանաչել «ՀՀ կառավարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին»:

Հ. Գ. Նշենք նաեւ, որ համառ լուրեր են պտտվում, թե առաջիկայում ԳԹԿ տնօրենի՝   ամիսներ շարունակ թափուր մնացած պաշտոնում կնշանակվի ժամանակին ԿԳ նախարարի պաշտոնը զբաղեցնող Լեւոն Մկրտչյանը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել