Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ԳՈՂՈՒԹՅՈՒՆ՝ ՆԿԱՐԻՉՆԵՐԻ ՄԻՈՒԹՅՈՒՆԻՑ

Նոյեմբեր 03,2009 00:00

«Առավոտը» տեղեկություն ստացավ, որ օրերս Հայաստանի նկարիչների միությունից (ՀՆՄ) գողացվել է Էդուարդ Արծրունյանի նկարը: Նկարիչների միության նախագահ Կարեն Աղամյանը հաստատեց մեր ունեցած լուրը՝ հավելելով, որ երբեք իրենց ցուցասրահում 100-ից ավելի նկար չի կախվել, իսկ Է. Արծրունյանի ցուցահանդեսին ցուցադրվել է շուրջ 140 աշխատանք. «Փոքր նկարները պիտի չկախվեին, որովհետեւ մեկը կարող է շատ հանգիստ դրանք դնել պիջակի տակ ու դուրս գալ, իսկ հսկիչն էլ մեծ կին է, որի աշխատավարձն այնքան շատ չէ, որ էդ գումարն իրենից գանձենք»: Պարոն Աղամյանը հիշեց, որ 80-ականներին 2 փոքր նկար էլ իրենից են գողացել, ու ոչ ոք չի նկատել:
«Առավոտի» հարցին՝ ի՞նչ են պատրաստվում անել, ՀՆՄ նախագահը պատասխանեց, որ կատարվածի մասին առաջինը թերթի հետ է խոսել ու դեռ կորոշեն ինչպես վարվել:
Վարպետի ցուցահանդեսի կոորդինատոր Անահիտ Կորյունն էլ հեռախոսով փոխանցեց, որ կորած նկարը «Վարդենիսյան լեռներն» է՝ վարդենիսյան թեմայով նկարաշարից: Այդ աշխատանքները Է. Արծրունյանը չէր վաճառում, որովհետեւ նախատեսել էր առաջիկայում բացվելիք տուն-թանգարանի համար: Անդրադառնալով կորած նկարին՝ Ա. Կորյունը փաստեց, որ Նկարիչների միությունում անվտանգության համակարգ ասվածը չի գործում: Նա նաեւ դժգոհեց, որ նկարչի ծննդյան 80-ամյակի առիթով բացված ցուցահանդեսին ՀՀ մշակույթի նախարարությունից որեւէ մեկը հարկ չի համարել ներկա գտնվել:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել