Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Հետմահու հոգեբանական փորձաքննություն չկա

Նոյեմբեր 03,2009 00:00

Հակառակ դեպքում հնարավոր կլիներ պարզել՝ ինքնասպանություն գործածը կրոնակա՞ն հողի վրա է դա արել, թե՞ ոչ:

Հայաստանում կան 67 գրանցված եւ 100-ից ավելի չգրանցված աղանդներ: Կան նաեւ հատուկ ուսումնական կենտրոններ, որոնք իրենց քարոզչությունն են իրականացնում:  Աղանդը յուրահատուկ «կառույց» է, որը ձգտում է հոգեբանական կախվածության մեջ գցել մարդկանց, աղանդի ադամներին, ինչը, հոգեբանների հավաստմամբ, աղանդի  կարեւորագույն սկզբունքներից մեկն է, որին էլ նրանք հասնում են հատկապես հիպնոսի եւ այլ մեխանիզմների միջոցով: Երեկ «Հայելի» ակումբում աղանդների սոցիալական եւ հոգեբանական ազդեցությունների մասին խոսեցին հոգեբան Սամվել Խուդոյանը եւ «Քայքայիչ պաշտամունքից տուժածների օգնության եւ վերականգնողական կենտրոնի» նախագահ Ալեքսանդր Ամարյանը: Ըստ Ս. Խուդոյանի, աղանդավորները մարդուն գրավելու համար հատուկ միջոցներ են կիրառում, որոշ աղանդներ շահագործում են մարդկանց ու հասնում նրան, որ մարդը տունը, մեքենան վաճառի…… Աղանդավորներն ընտրում են խոցելի խմբերի, ասենք՝ ճգնաժամային պատանեկան տարիքը, որը աշխարհայացքի ձեւավորման ամենահարմար շրջանն է: «Աղանդները մեծապես օգտագործում են հիպնոսի տեխնիկան, մեդիտացիան եւ հատկապես խմբային աղոթքը, որն ավելի ազդեցիկ է լինում: Երբ մարդն առաջին անգամ մտնում է իրենց շարքերը,  գալիս-շնորհավորում, հատուկ ուշադրություն են դարձնում, եւ այդ մեծ սիրուց, ջերմությունից մարդը պատասխանատվություն է զգում, փորձում ինչ-որ ձեւով փոխհատուցել»,- նշեց Ս. Խուդոյանը: Հարցին՝ ովքե՞ր են հիմնականում դիմում հոգեբանական օգնության, նա ասաց. «Հիմնականում  հարազատներն են գալիս, ոչ թե իրենք՝ աղանդավորները, քանի որ վերջիններիս  մոտ քննադատությունը բացակայում է: Երեխաներին ճամբարների անվան ներքո գրավում են ու դարձնում զոմբի: Մեզ մոտ հայտնված երեխաներից մեկի մոտ  այնպիսի վիճակ էր, որ հոգեբանն այլեւս նրա հետ գործ ունենալ չէր կարող, ուղարկեցի հոգեբույժի մոտ, քանի որ այս դեպքում հոգեբանական մեթոդները չէին օգնի, պետք էր դեղորայք օգտագործել»: Իսկ ամենաագրեսիվ աղանդը, հոգեբանի խոսքով՝ «Եհովայի վկաներն» են:  
Ա. Ամարյանն էլ, անդրադառնալով կրոնական հենքի վրա կատարված ինքնասպանություններին, հայտնեց, որ Հայաստանում ոչ մի վիճակագրություն՝ կապված ինքնասպանությունների հետ, չկա, ու դրա համար, ըստ նրա, համապատասխան մասնագետներ են պետք. «Միջազգային առողջապահության կազմակերպության վիճակագրության համաձայն, մոտ 51%-ը կենցաղային բնույթի ինքնասպանություններ են, 49%-ը՝ պարզ չէ: Մեզ մոտ չկա զարգացած հետմահու հոգեբանական փորձաքննություն, որ կարողանա ճշգրիտ տալ այն տեղեկատվությունը, որ իմանաս՝ ինքնասպանություն գործած մարդը կրոնակա՞ն հողի վրա է դա արել, թե՞ ոչ: 2004 թվականին մի աղջիկ ինքնասպան եղավ, բայց թե ինչի պատճառով՝ ոչ ոք մինչ օրս չի կարողացել պարզել. դրա համար համապատասխան մասնագետներ՝ հոգեբան-կրոնագետներ են պետք»:
Ա. Ամարյանը զարմանում է պատկան մարմինների անտարբերությունից. «Թբիլիսյան խճուղում խարիզմատները սկսել են ահռելի մեծ՝ 5000 տեղանոց եկեղեցի կառուցել: «Եհովայի վկաները», ադվենտիստները եւս իրենց եկեղեցիներն են կառուցում՝ առանց որեւէ խոչընդոտի հանդիպելու: Այսօր կատարված ինքնասպանությունները տեղում քողարկվում են՝ համարելով կենցաղային, եւ ոչ մեկը չի դիտարկվում կրոնական: Վերջերս նման դեպք եղավ Արտաշատում, մինչեւ հիմա գործը Վճռաբեկ դատարանում շարունակվում է քննվել, դատապարտյալը մորմոնների ներկայացուցիչ էր: Հայաստանում մարդիկ օրենքով պաշտպանված չեն: Կրոնական կառույցների հետ կապված օրենքը չի գործում, իսկ նոր օրենքը մի շրջան աղմուկով դուրս եկավ, հիմա դրա մասին ոչ ոք չի էլ հիշում: Այն կրոնական կառույցը, որը  օգտագործում է արգելված մեթոդներ, ճնշումներ, որոնք իրենց գաղափարախոսության մեջ սկսում են չենթարկվել պետական մարմիններին՝ ամենավտանգավորն են»: 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել