Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Վիեննան ողջունեց Երեւանին

Նոյեմբեր 03,2009 00:00

Հայ-ավստրիական փառատոնը կայացավ

\"\"
Աննա Մանդալյանը (ձախից),
Աննա Մարիա Փամմերը եւ Գայանե Գեղամյանը:

«Հայկական երաժշտությունը ազնիվ ու հետաքրքիր է, հատկապես Տիգրան Մանսուրյանի երաժշտությունը առաջին հայացքից պարզ էր թվում, բայց իրականում շա՜տ խորն է: Անպայման կշարունակեմ կատարել հայկական ստեղծագործություններ»,-«Առավոտի» հետ զրույցում ասում է «Վիեննան ողջունում է Երեւանին» հայ-ավստրիական երաժշտական փառատոնի գեղարվեստական ղեկավար, ավստրիացի երգչուհի Աննա Մարիա Փամմերը: Հայ կոմպոզիտորների ստեղծագործությունները ավստրիացի երգչուհու կատարմամբ հայ ունկնդիրը հնարավորություն ունեցավ վայելելու փառատոնի 5 օրերի ընթացքում: Նշենք, որ փառատոնը իրականություն է դարձել Վիեննայի քաղաքապետ Միխայել Հոյփլի հովանավորությամբ:
Նոյեմբերի 1-ին Կամերային երաժշտության տանն էլ Հայ-ավստրիական փառատոնի եզրափակիչ համերգին երգչուհիներ Գայանե Գեղամյանը (սոպրանո), Աննա Մարիա Փամմերը (սոպրանո) եւ դաշնակահարուհի Աննա Մանդալյանը լեփ-լեցուն դահլիճում կատարեցին հայ կոմպոզիտորներ Տիգրան Մանսուրյանի «3 ռոմանս Գարսիա Լորկայի բանաստեղծություններով» ստեղծագործությունը, Ժան Սարգսյանի «Գլխապտույտը»՝ «Նույն հասցեով» շարքից, հնչեցին նաեւ ժամանակակից ավստրիացի կոմպոզիտոր Բալդուին Սուլցեռի ու 19-րդ դարավերջի աշխարհահռչակ կոմպոզիտորների գործեր:
Աննա Մարիա Փամմերը Հայաստանում է առաջին անգամ: Մեր զրուցակիցը նշում է, որ Ավստրիայի եւ հատկապես Վիեննայի մշակութային կյանքում չափազանց կարեւոր դեր ունեն սրճարանները եւ այսօր առանց դրանց անհնար է պատկերացնել Վիեննան. գրողներ ու փիլիսոփաներ, երաժիշտներ ու մտավորականներ հանդիպել են այդ սրճարաններում, կարդացել օրվա թերթերը, բանավիճել ու ստեղծագործել: Ավստրիացիները չեն մոռանում, որ պոլսահայ Յոհաննես Դեոդաթոն (Աստվածատրյանը) առաջինն էր, որ կայսեր հրամանով հիմնադրեց առաջին սրճարանը Վիեննայում: Վերջերս էլ այդ քաղաքում մի փոքրիկ պարտեզ են նրա անունով կոչել: Սուրճ խմելու ավանդույթին, իհարկե, վիեննացի երգչուհին հումորով է վերաբերվում, բայց նաեւ հավելում, որ հենց այս պատմությունն էլ առիթ հանդիսացավ հայ-ավստրիական միջմշակութային կապերի ամրապնդման ու փառատոն ստեղծելու համար: «Մինչեւ հիմա էլ Վիեննայում կարող ես գնալ ամենափոքր ու ամենից մատչելի մի սրճարան, պատվիրել մեկ բաժակ սուրճ եւ ողջ օրը կարդալ օրվա թերթերը: Վիեննայում հանգիստ կարող ենք խոսել սրճարանային մշակույթի մասին: Ոչ միայն Զիգմունդ Ֆրոյդը, այլեւ շատ գիտնականներ ու բանաստեղծներ հենց սրճարաններում են ստեղծագործել»,- հարուստ երաժշտական պատմություն ունեցող Վիեննան այսպես է ներկայացնում Հայաստան ժամանած երգչուհին: Հայաստանում գտնվելու մի քանի օրերի ընթացքում նա հասցրել է ճանաչել հայ ունկնդրին ու տպավորվել. «Հայ ժողովուրդը իսկապես մշակույթի ծարավ ունի: Այս երեք օրերին նաեւ այլ համերգների եմ ներկա եղել, զարմացած եմ՝ նույնիսկ երեխաներն են գալիս բարդ երաժշտություն լսելու: Ավստրիայում եթե ժամանակակից երաժշտություն լինի՝ երիտասարդները կգան, բայց եթե դասական համերգ է՝ միայն տարիքով մարդկանց ես տեսնում»: Աննան այցելել է նաեւ մի քանի տեսարժան վայրեր, ասում է՝ «Հենց Գառնին ու Գեղարդը տեսա, հասկացա Հայաստանն ինչ է: Երեւանում ինձ շատ ավելի ապահով եմ զգում, քան մի շարք եվրոպական քաղաքներում…»:
Կոմիտասի անվան կոնսերվատորիայի մեներգի ամբիոնի պրոֆեսոր Գայանե Գեղամյանն էլ կարծում է, որ Հայ-ավստրիական փառատոնը կայացել է: Միայն ցավում է, որ այս փառատոնին հայկական կողմից աջակցություն չեղավ. «Դասական երաժշտությունը պետականորեն համապատասխան ուշադրության չի արժանանում, փոխարենը ռաբիսն է հովանավորվում: Եղավ մի շրջան, որ շեղվեցինք դեպի էստրադան, ապա ռաբիս երաժշտությունը: Այդ տարրերը մեզ մոտ էլի կան եւ հնարավոր էլ չէ, որ իսպառ վերանան: Խնդիրը քանակի ու որակի մեջ է՝ ինչքան պիտի նման երաժշտություն հնչի եւ ինչ վայրերում: Չպետք է մոռանալ նաեւ երիտասարդների մասին, որոնք անչափ հետաքրքրված են դասական արվեստով»: Փառատոնի տնօրեն, կոմպոզիտոր Ժան Սարգսյանից հետաքրքրվեցինք՝ փառատոնի շրջանակում հայերը կներկայանա՞ն ավստրիացի հանդիսատեսին: Մեր զրուցակիցը պատասխանեց. «Փառատոնին Հայաստանից ոչ մի կոպեկ օգնություն չի եղել… Երբ համապատասխան աջակցություն լինի, հնարավոր է՝ մենք էլ ավստրիացիներին ներկայանանք»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել