Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՉԱԼԴՐԱՆՅԱՆԻ «ՄԱԵՍՏՐՈՅԻ» ՊՐԵՄԻԵՐԱՆ

Նոյեմբեր 03,2009 00:00

Կամ՝ պատմություն մեր բոլորի մասին

Օրերս «Chaldranian production»-ը եւ Հայաստանի ազգային կինոկենտրոնը համատեղ ներկայացրին Վիգեն Չալդրանյանի «Մաեստրո» ֆիլմը: Գլխավոր դերում սիրված դերասան Միքայել Պողոսյանն էր, երաժշտությունը Վաչե Շարաֆյանինն է: Մ. Պողոսյանը նկարահանվել է նաեւ Վ. Չալդրանյանի մեկ այլ՝ «Լռության սիմֆոնիա» (2001թ.) ֆիլմում: Ինչ վերաբերում է «Մաեստրոյին», դերասանն այս ֆիլմում մարմնավորում է սիմֆոնիկ նվագախմբի մաեստրոյին, ում հեղինակած ռեքվիեմը հնչում է իբրեւ քաղաքի ռեքվիեմ: Վ. Չալդրանյանի ֆիլմը, բացի մի շարք արժանիքներից, հետաքրքիր է նրանով, որ այստեղ նկարահանվել են բազմաթիվ երաժիշտներ՝ Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախումբը, վերջինի գեղարվեստական ղեկավար Էդուարդ Թոփչյանը, երգչուհի Նունե Բադալյանը, կոմպոզիտորներ Ալեքսանդր Հարությունյանն ու Էդվարդ Միրզոյանը, Ալ. Սպենդիարյանի անվան երաժշտական դպրոցի տնօրեն Սամվել Սահակյանը եւ այլք:
Ֆիլմը քաղաքական վերջին իրադարձություններից, մասնավորապես՝ մարտյան դեպքերից հետո երկբեւեռված հասարակության ու դրա պատճառով տառապող արվեստագետի ճակատագրի մասին է, որն ընդամենը մի ցանկություն ունի՝ ամեն մարդ զբաղվի իր գործով, ամեն ոք իր ճիշտ տեղում լինի: Մ. Պողոսյանի հերոսը թավջութակահար Արմեն Տիգրանյանն է, քաղաքում ճանաչված ու հարգված մարդ, կոնսերվատորիայի պրոֆեսոր, որ թվում է՝ երջանիկ է իր երիտասարդ կնոջ՝ Կատյայի (Էկա Հորսկա) հետ. մնում է ստեղծագործի ու հրաշք երաժշտություն պարգեւի մարդկանց: Մեկ էլ նրան «Մովսես Խորենացի» մեդալի են արժանացնում, որը տաղանդավոր արվեստագետի համար ոչ մի նշանակություն չունի, որովհետեւ ինքն աշխատում է առանց պետական պարգեւի մասին մտածելու: Ֆիլմը սկսվում է նրանով, որ Ա. Տիգրանյանը գնում է միզելու, հետո մեդալը ստանալու: Երկրի բարձրագույն պետական պարգեւից հետո նրան սկսում են այլ աչքով նայել՝ իբր ծախված է իշխանություններին, դավաճան է, պալատական մտավորական: Բայց, մեծ հաշվով, այդ մարդը չի ուզում որեւէ ճամբարում լինել, որեւէ հարթակից ու ամբիոնից այս կամ այն ուժին գովերգել… Ֆիլմում «մերկ» ճշմարտություններ են ներկայացված. օրինակ՝ թեկուզ այն, որ մտավոր սահմանափակ ունակություններով որեւէ երիտասարդ լրագրողուհի կարող է միկրոֆոնը ձեռքին կանգնեցնել անվանի արվեստագետին ու հարցնել, թե ինչո՞ւ միտինգի չի գնում, ինչո՞ւ ընդդիմության կողքին չէ կամ ինչո՞ւ է լռում: «Ես չեմ լռում, նվագում եմ…»,- ի պատասխան նրա հարցին՝ զարմանում է Ա. Տիգրանյանը: Ակամա «հարցազրույցի» արդյունքն էլ այն է լինում, որ եթեր է գնում կրճատված տարբերակը, ու արվեստագետի խոսքը ծիծաղելի է ստացվում:
Երանելի չէ նաեւ նվագախմբում տիրող մթնոլորտը, որտեղ աշխատում է մաեստրոն. բամբասանքներ են պտտվում այն մասին, որ «պուճուր մարդուն մեծ մեդալ են տվել», որ իր նախկին ուսանողուհին ու ներկայումս կինը «բոլորի հետ քարշ եկավ, վերջում էլ բիձու հետ ամուսնացավ» եւ այլն, եւ այլն: Դրան գումարած նաեւ այն, որ Ազատության հրապարակում հանրահավաքներ են, իսկ ինքը հարեւանությամբ փորձերի է մասնակցում…Այսինքն՝ դուրսն ու իր ներսը ներդաշնակ չեն, արվեստագետը չի կարողանում «հավաքվել», թշնամանում է բոլոր «ճամբարների» ու, ամենակարեւորը՝ ինքն իր հետ…:
Ֆիլմում կադրեր կան մարտի 1-ի հայտնի դեպքերից, դրան նախորդած ընդդիմության հանրահավաքներից, ու ընդհանրապես մեր քաղաքի դեմքն է ցույց տվել Վիգեն Չալդրանյանը. խեղճուկրակ մտավորականություն, գրոշացած արժեքներ, կորուստներ՝ բոլոր առումներով…
Վերջերս ռուսական ԶԼՄ-ներին տված իր հարցազրույցներից մեկում Վ. Չալդրանյանն ասել էր, թե այս ֆիլմը փորձ է վերջին իրադարձություններից հետո բեւեռացած հասարակության հակադիր ճամբարների ներկայացուցիչներին էկրանի մոտ հրավիրելու: Թերեւս ռեժիսորին դա հաջողվել է: Պրեմիերայի օրը դահլիճը լեփլեցուն էր տարբեր ոլորտների ականավոր ներկայացուցիչներով: Ինչ վերաբերում է ֆիլմի աջակիցներին, Վ. Չալդրանյանը նրանցից՝ «ՎիվաՍել ՄՏՍ»-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանի մասին ասաց, որ նա մեր օրերում իր վրա է վերցրել Մանթաշովի առաքելությունը:
Ի դեպ, «Մաեստրոյից» առաջ եւս մեկ ֆիլմ ցուցադրվեց՝ Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի՝ Ճապոնիայում կայացած հյուրախաղերի մասին, Ֆիլհարմոնիկն էլ մի փոքրիկ համերգ տվեց հենց «Մոսկվա» կինոթատրոնի դահլիճում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել