Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ԳԻՏԱԺՈՂՈՎ՝ ԱՆԳԼԵՐԵՆ ԴԱՍԱՎԱՆԴՈՂՆԵՐԻ ՀԱՄԱՐ

Նոյեմբեր 03,2009 00:00

Ամենամյա գիտաժողովը այս տարի եւս համախմբել էր հայ եւ արտասահմանցի գործընկերներին

Անգլերեն դասավանդող հայ մանկավարժները հոկտեմբերի 31-ին նույն հարկի տակ էին համախմբվել՝ անգլերենի դասավանդման արդիական եւ փորձարարական ուսումնասիրությանը նվիրված միջազգային գիտաժողովի շրջանակներում: Ամենամյա գիտաժողովին այս տարի մասնակցեցին Երեւանի ու մարզերի մանկավարժներ եւ քննարկեցին տասնյակ մասնագիտական թեմաներ՝ տեղեկատվական տեխնոլոգիաների եւ ինտերնետի կիրառումը դասավանդման գործընթացում, միջազգային կազմակերպությունների կրթական ծրագրերը, անգլերենի դասավանդման առանձնահատկությունները ու արդի խնդիրները եւ այլ թեմաներ: Գիտաժողովին մասնակցելու եւ արտասահմանյան փորձը տեսանելիորեն ու գործնականորեն հայ գործընկերներին ներկայացնելու համար Հայաստան էին ժամանել նաեւ արտասահմանցի մասնագետներ: Անգլերենի դասավանդման ծրագրերի տարածաշրջանային պատասխանատու Թոմաս Սանթոսը, անդրադառնալով անգլերեն դասավանդող հայ մասնագետների պատրաստվածությանը, ասաց. «Առ այսօր իմ հանդիպած հայ մանկավարժների մասին կարող եմ ասել, որ լի են էներգիայով, մոտիվացված են ու շարունակում են դասավանդման նոր ձեւեր փնտրել կրթական ու դասավանդման համակարգը բարելավելու նպատակով»: Նա դժվարացավ նշել, թե դասավանդման հետ կապված ի՞նչ խնդիրներ է Հայաստանում տեսնում. «Երեւի թե խնդիրներ կան ռեսուրսների եւ ուսուցիչների համախմբման գործընթացում: Իմ կարծիքով, դասավանդման համար նախատեսված ժամաքանակը չի բավականացնում դասագրքի նյութն ամբողջությամբ դասավանդել դասարանում»: Բրիտանական խորհրդի հայաստանյան գրասենյակի ծրագրերի ղեկավար Նազարեթ Սերպերյանն էլ «Առավոտի» հետ զրույցում կարծիք հայտնեց, որ, ի տարբերություն արտասահմանի, ՀՀ-ում ինտերնետը դասավանդման գործընթացում կարեւոր գործիք դեռ չի դարձել. «Գիտաժողովին մենք ներկայացրինք երկու ռեսուրս՝ անգլերեն սովորողների եւ դասավանդողների համար: Այն ամբողջովին ինտերնետում է տեղադրված եւ անվճար ծառայություններ կարող է տրամադրել, օրինակ՝ դասավանդողների համար կան պատրաստի դասավանդման պլաններ, թեստեր, ինքնազարգացմանը նպաստող հոդվածներ, ձայնագրություններ, որոնք կարելի է կիրառել լսարանում եւ դրա հետ կապված վարժություններ անել, սովորողների համար էլ կան անիմացիոն հեքիաթներ, պատմվածքներ, ձայնագրություններ, ֆորումներ, որտեղ կարելի է քննարկումներ վարել: Իմ կարծիքով, այս ռեսուրսներով կկարողանանք մեր երկրում անգլերեն դասավանդողներին դարձնել գլոբալ համայնքի անդամ ու նրանց դասավանդման գործընթացում նորամուծություններ մտցնել»: Բրիտանական խորհրդի հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչ, ուսուցիչներ վերապատրաստող Լուսինե Ստեփանյանն էլ «Առավոտին» ասաց, որ հայ մանկավարժների խնդիրը դասը պլանավորել չկարողանալն է. «Հայաստանում ուսուցիչները կպած են դասագրքին եւ դժվարանում են դաս պլանավորել կամ առնվազն գրքային առաջադրանքների հերթականությամբ են շարժվում: Այսօրվա դասախոսության ընթացքում փորձեցի ներկայացնել, թե ուսուցչի համար դասը պլանավորելիս ի՞նչ հարցեր են դառնում առանցքային: Կարեւոր է, որ մանկավարժը պարզի ուսանողի կամ աշակերտի ունակություններն ու գիտելիքները եւ աստիճանաբար դրանց հիման վրա զարգացնի ուսանողի հաղորդակցական հատկությունները՝ որպես գիտելիք, եւ գործի դնի նրա ամբողջ ունակություններն ու գիտելիքները առանց ուսուցչի միջամտության, այսինքն, դասը սկսվում է՝ ի՞նչ գիտելիք ունի ուսանողը եւ վերջանում, թե նա ինչպե՞ս կարող է առանց օգնության հաղորդակցվել ու գործի դնել գիտելիքները»: Ռուս-հայկական (Սլավոնական) համալսարանի դասախոս, անգլերենի մասնագետ Մերի Առաքելյանն էլ «Առավոտին» ասաց, որ հայ մանկավարժների մի խումբ դժվարանում է ղեկավարել լսարանը եւ իր դասախոսությունն ուղղված է նրան, թե ինչպես զբաղեցնել մեծ խումբը եւ միաժամանակ շտկել խմբում առկա կոնֆլիկտները: «Դասախոսը լսարան մտնելիս պետք է նախ հասկանա լսարանի խնդիրներն ու նպատակները, եւ այդ նպատակներին միասին հասնելու ելքերն առաջարկի: Իմ դասախոսությունն այսօր ոչ թե տեսական էր, այլ՝ գործնական, թիմային աշխատելուն խթանող դինամիկ վարժություններ ենք անցկացրել»: Հայաստանում անգլերեն դասավանդող մասնագետների ասոցիացիայի (AELTA) նախաձեռնությամբ եւ եվրոպական տարածաշրջանային ակադեմիայի աջակցությամբ կազմակերպված գիտաժողովի նպատակը, ակադեմիայի լեզվաբանության ֆակուլտետի դեկան Աշխեն Բաբայանի խոսքով. «Կարող է թվալ, թե ընդամենը միտված է անգլերենի դասավանդման որակի բարձրացմանը, իրականում խնդիրն ավելի ընդգրկուն է, մեր նպատակն է անգլերենի դասավանդման միջոցով ավելի ակտիվացնել միջմշակութային հաղորդակցությունը, ավելի սերտացնել ժողովուրդների հարաբերությունները թե՛ քաղաքական, թե՛ տնտեսական, թե՛ մշակութային դաշտում: Նման գիտաժողովները մեծ արդյունավետություն կարող են ունենալ Հայաստանի համար՝ եվրոպական երկրներ ինտեգրվելու, համագործակցության եւ երկխոսության հասնելու նպատակով»: Տիկին Բաբայանը հավելեց նաեւ, որ գիտաժողովի ընթացքում կներկայացնեն իրենց ուսումնասիրությունների արդյունքները. «Չենք հավակնում, որ դրանք կլինեն լավը, բայց հայաստանյան եւ միջազգային փորձի համեմատությամբ՝ աշխարհում կուտակված փորձը, դասավանդման հետաքրքիր մոտեցումներն ու միտումները ուզում ենք հասու դարձնել նաեւ հայ մասնագետներին»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել