Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Ճապոնական ռոյալներ՝ կոնսերվատորիային

Նոյեմբեր 03,2009 00:00

«Առավոտը» տեղեկացրել էր (27.06.2008թ.) ՀՀ ԿԳ փոխնախարար Արա Ավետիսյանի, ՌԴ-ում եւ ՀՀ-ում Ճապոնիայի դեսպանատան խորհրդական Տոշիո Յամամատոյի ստորագրած «Հայաստանի եւ Ճապոնիայի կառավարությունների միջեւ Երեւանի պետկոնսերվատորիայի երաժշտական գործիքների բարելավման մասին» ծրագրի մասին:
Երեկ Երեւանի կոնսերվատորիայում կայացավ ռոյալների նվիրատվության պաշտոնական արարողությունը, որին ներկա էին ՌԴ-ում եւ ՀՀ-ում Ճապոնիայի դեսպան Մասահարո Կոնոն, ՌԴ-ում ՀՀ դեսպան Արմեն Սմբատյանը, ՀՀ ԿԳ փոխնախարար Արա Ավետիսյանը: Երեւանի կոնսերվատորիայի ռեկտոր, պրոֆեսոր Սերգեյ Սարաջյանը հայտնեց, որ վերջին 20 տարիներին սա առաջին դեպքն է, երբ կոնսերվատորիան ձեռք է բերում ռոյալ, այն էլ աշխարհին հայտնի ճապոնական ֆիրմայի. «Այս նվերը, անխոս, մեծ նշանակություն կունենա ինչպես դասավանդման որակի, այնպես էլ կոնսերվատորիայում կազմակերպվող համերգների պրոֆեսիոնալ մակարդակի բարձրացման առումով»: ՌԴ-ում եւ ՀՀ-ում Ճապոնիայի դեսպանն էլ ասաց, որ ծանոթ է մեր երկրի բազմադարյա մշակույթին, մասնավորապես՝ հայազգի դաշնակահարներին, եւ կարծում է, որ այս ծրագիրը կունենա շարունակություն: ԿԳ փոխնախարար Արա Ավետիսյանը, կարեւորելով միջազգային դրամաշնորհների դերը կրթության ոլորտում, կեսկատակ-կեսլուրջ ասաց, որ այսուհետեւ աշխարհին ներկայացող հայ դաշնակահարների արվեստում մի մասնիկ էլ ճապոնացիները կունենան:
Կոնսերվատորիայի դաշնամուրային բաժնի դեկան, պրոֆեսոր Իգոր Յավրյանը, նվերը անվանելով ֆանտաստիկ, ռոյալի մոտ հրավիրեց ուսանողներին՝ այն «փորձարկելու» նպատակով, ինչի արդյունքում ստացվեց հանպատրաստից համերգ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել