Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՀԱՅԱՍՏԱՆԻՆ ՄՈՏ, ԲԱՅՑ՝ ԿՏՐՎԱԾ

Նոյեմբեր 03,2009 00:00

\"\"Վրաստանի Մառնեուլի շրջանում հայերն ու ադրբեջանցիները
հարեւանություն են անում, բայց հայերը հեռանում են,
ադրբեջանցիները՝ ոչ:

Նոյեմբերյան քաղաքի 61-ամյա բնակիչ Շալիկո Դարբինյանը հայրենի Դամիա գնալու համար ամիսը երկու անգամ շուրջ 35 կմ ճանապարհ է կտրում: Նախ միկրոավտոբուսով՝ մինչեւ Բագրատաշեն, հատում է հայ-վրացական սահմանը, վրացական տարածքով 6 կմ անցնելուց հետո հասնում է ադրբեջանական Կիրովկա գյուղ, որտեղից էլ մայրուղուց թեքվելով՝ եւս 3 կմ անցնում, հասնում է ծննդավայր: Դամիան գտնվում է Նոյեմբերյանի Դեբեդավան գյուղի դեմ-հանդիման:
Շալիկոն ստիպված հայկական մի քանի անձնագիր է փոխել, որովհետեւ անձնագրի վիզաների բաժնում էլ տեղ չի մնում կնքելու: Դիմել է Վրաստանի արտգործնախարարություն, որ իրեն նաեւ Վրաստանի քաղաքացիություն տրամադրեն: Անցյալ տարվանից Վրաստանը երկքաղաքացիության օրենք է ընդունել, դիմումի պատասխանը ստացվում է 6 ամսից մինչեւ մեկ տարի ժամկետում: Հարցը նրա համար կարեւոր է. հոր մահից հետո Դամիայում թափուր մնացած երկհարկանի տուն կա, 1500 քառակուսի մետր տնամերձ հողամաս, որոնց ժառանգելու փաստաթղթերը դեռ պատրաստ չեն: Դամիան «բացահայտում» ենք Շալիկո Դարբինյանի օգնությամբ:
Խորհրդային միության փլուզումից հետո Մառնեուլի շրջանի հայկական գյուղերից արտագաղթ է եղել, շատերը վերաբնակվել են Հայաստանում, Ռուսաստանում, այլուր: Եթե անցյալ դարի 60-ականներին Դամիայի ութամյա դպրոցն ուներ շուրջ 140 աշակերտ, հիմա միջնակարգի կարգավիճակ ունեցող կրթօջախի աշակերտների թիվը դրա կեսն է: Մառնեուլի շրջանի հայկական գյուղերում առկա է մի երեւույթ. ով փող ունի՝ Հայաստանում տուն է առնում, զավակներին ուղարկում այնտեղ: Երիտասարդությունը դպրոցն ավարտելուց հետո Վրաստանում հայերեն բարձրագույն կրթություն ստանալու հնարավորություն չունի եւ ընդունվում է Հայաստանի բուհեր: Մառնեուլի ադրբեջանական գյուղերի հարուստներն էլ Բաքվում կամ Ադրբեջանի այլ քաղաքներում են տուն գնում: Սակայն ադրբեջանցիները ամենեւին չեն հեռանում Մառնեուլից, պարզապես Ադրբեջանում գնած անշարժ գույքը գրանցում են բազմանդամ ընտանիքի զավակներից մեկի անունով: Այդ պատճառով Քվեմո-Քարթլի նահանգի ադրբեջանական բնակչությունը չի նվազում: Հայկական Դամիա գյուղը 80 տնտեսություն ունի եւ շուրջ 400 հա հող: Նախկինում Վրաստանի իշխանությունները ձեռնպահ էին մնում սահմանամերձ տարածքների հողերը սեփականաշնորհելուց, որովհետեւ այդ տարածքները հիմնականում հայերով եւ ադրբեջանցիներով են բնակեցված: Հիմա սեփականաշնորհում թույլատրված է: Դամիայում շատերը 5-80 հեկտար հող ունեն՝ սեփականաշնորհված կամ երկարաժամկետ վարձակալությամբ: Առկա են նաեւ սակավահող գյուղացիներ, որոնք ստիպված են աշխատել խոշոր հողատերերի մոտ: Հողերը բերրի են, սակայն ոռոգելի են միայն Դեբեդի ձախ ափից մինչեւ մայրուղին ընկած հողերը: Վերեւի հատվածում գտնվող հողերը, որ խորհրդային շրջանում ջրհան պոմպով էին ոռոգվում, այժմ անջրդի են: Դամիացիները արեւածաղիկ, վարունգ, պոմիդոր, հացահատիկ են ցանում: Սակայն բերքը իրացնելու խնդիր կա: Միայն արեւածաղիկն է, որ երաշխավորված վաճառվում է: Արտադրված արեւածաղկի սերմը հիմնականում իրացվում է Հայաստանում: Տարածքում չկան գյուղմթերքի վերամշակման ձեռնարկություններ, գյուղացիները ստիպված արտադրած մթերքը Մառնեուլի են տանում, սակայն այնտեղ վաճառողները շատ են, գնորդները՝ քիչ:
Վիճակն այլ էր մինչեւ 2005 թվականը, մինչ Բագրատաշենի շուկայի փակումը: Հերթական անգամ արձանագրում ենք, որ Բագրատաշենի շուկան Մառնեուլի շրջանի Աղքյորփի, Չանախչի, Խոժոռնի, Կարմիրգյուղ, Գյուլիբաղ, Բերդաձոր, Շահումյան, Խոխմելի, Դամիա հայկական գյուղերի համար աճեցրած բերքն իրացնելու վայր էր: Շուկայի միջոցով այդ գյուղերի կապը Հայաստանի հետ սերտ էր:
Բացի նշված գյուղերից, հայերը Մառնեուլի շրջանում վրացիների հետ խառը բնակվում են նախկինում հունական Օփրեթի գյուղում, որտեղ հույների՝ Հունաստան վերաբնակվելուց հետո վրացիները մեծամասնություն են կազմում: Հայերը եւ վրացիները Ծոփի գյուղում բնակվում են ադրբեջանական մեծամասնության հետ: Սիոնի գյուղում հայկական բնակչությունը 30- 40% է կազմում, այստեղ շատ են սվան վերաբնակները: Հայկական Դամիան ադրբեջանական գյուղի հետ մեկ համայնք՝ սակրեբուլո է կազմում: Ադրբեջանական Դամիա Գիաուրարխին մինչ երկրորդ աշխարհամարտը հյուղակներով փոքրիկ բնակավայր է եղել: Այժմ 1800 տնտեսություն ունի: Համայնքապետարանը ադրբեջանական գյուղում է: 4-5 տարի շարունակ դամիացիները պայքարել են, որպեսզի առանձին համայնք լինեն: Դիմել են Վրաստանի խորհրդարան, աջակցություն ակնկալել ՀՀ ԱԺ պատգամավորներից, սակայն արդյունքի չեն հասել ու ստիպված համակերպվել են:
Ընդհանրապես, այս տարածաշրջանում հայերի եւ ադրբեջանցիների միջեւ լարվածություն չկա: «Օրական մոտ 40 ադրբեջանցի է մեր գյուղ գալիս, նախկին մանկապարտեզի շենքում սերմի զտիչ է գործում, բերում են իրենց աճեցրած ցորենն ու արեւածաղկի սերմը զտում, մաքրում, հաճախ էլ արեւածաղկի սերմը՝ տեղում վաճառում»,- ասում է Շալիկոն:
Չնայած հայոց սահմանին այդքան մոտ լինելուն՝ Հայաստանի պետական աջակցությունը թույլ է եւ սահմանափակվում է հայալեզու դպրոցական դասագրքեր տրամադրելով: Մառնեուլի շրջանի հայկական գյուղերում թույլ է մշակութային եւ հոգեւոր կյանքը: Դամիայում եկեղեցի չկա, Դամիայի եւ հարեւան հայկական գյուղերի երեխաներին մկրտելու համար նրանց ծնողները մեծամասամբ Հայաստան են գալիս: Դամիայում, նախկին խորհտնտեսության շենքի առաջին հարկում ակումբ կա, ուր տարին մի քանի անգամ Հայաստանից երգիչներ են գալիս (հիմնականում՝ Լոռու մարզից): Այսքանով էլ գյուղի մշակութային կյանքն ու Հայաստանի հետ կապերը ամբողջանում եւ ավարտվում են:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել