Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«ԿՐՊԱԿՆԵՐ»՝ ԴԱՏԱՐԱՆՆԵՐՈՒՄ

Նոյեմբեր 03,2009 00:00

Տեղեկատվության գինը դեռ որոշված չէ

Երեւանում գործող բոլոր դատարանների սպասասրահներում տեղադրվել են «կրպակներ» կամ, ինչպես ընդունված է ասել, «Դատալեքս» մոնիտորներ:
Այդպիսի մոնիտորներ ու կրպակներ կտեղադրվեն նաեւ մարզերի դատարաններում:
Օրեր առաջ «Արմենիա Մարիոթ» հյուրանոցում ցուցադրված այս կրպակը (լուսանկարում պատկերված) մեծ հետաքրքրություն է առաջացրել մեր հայրենակիցների շրջանում, որոնք ուզում են իմանալ, թե իրենց ի՞նչ է սպասվում դատարաններում, ինչո՞ւ է սարքը կոչվում «Դատալեքս», արդյոք այս մոնիտորից օգտվելը չի՞ խոչընդոտի դատարաններում իրենց անհրաժեշտ փաստաթղթերի մատչելիությանը:
Ըստ արդարադատության նախարարի մամուլի քարտուղար Լանա Մշեցյանի, «Դատալեքս» բառի մեջ օգտադործված են հայերեն «դատարան» բառի մասնիկը եւ անգլերեն «lex» (օրենք) բառը: Նկատենք, որ անգլերեն «Data» նշանակում է նաեւ՝ տվյալ: «Օրենքի տվյալները» կամ այդ օրը դատարաններում ընթացող դատավարությունների, գործի եւ դահլիճի համարները, գործը դատարան մուտքագրելու ժամանակը, վարույթ ընդունելու օրը, ամսաթիվը, դատավորի եւ կողմերի  մասին ողջ տեղեկատվությունն էլ կարող ենք ստանալ՝ մոտենալով «կրպակին»: Մեր քաղաքացիներին տեղեկացնենք, որ տվյալ կրպակից օգտվելու համար նախատեսված գումարի չափը դեռ որոշված չէ: Չեն բացառվում դրամով, բանկային-վարկային քարտերով օգտվելու հնարավորությունները: Մեր տեղեկություններով, գումարի չափը մեծ չի լինի. հավանաբար՝ էջը 10-20 դրամ:
Մոնիտորների կամ կրպակների միջոցով կարող է քաղաքացին որոնել իր ցանկացած  տեղեկատվությունը CAST եւ ԱՐԼԻՍ համակարգերի շտեմարաններից, ՀՀ պետական իշխանության կառավարման մարմինների պաշտոնական ինտերնետային կայքերից:
Ըստ Լանա Մշեցյանի, դռնփակ նիստերի մասին տեղեկատվություն «Դատալեքսը» չի տրամադրի: «Դատալեքսն» այս դեպքում չի խախտի օրենքը: Ի դեպ, կրպակի շահագործման պայմաններից մեկն էլ այն է, որ այն տեսանելի լինի շենքի անվտանգության աշխատակիցների համար:
Իհարկե, կասեք, որ մեր քաղաքացիներն այսպիսի սարքերից օգտվելու դժվարություններ կունենան: Արդարադատության նախարարության «Դատաիրավական բարեփոխումներ» իրականացնող ծրագրերի պատասխանատուները չեն բացառում, որ հնարավորության դեպքում կրպակի մոտ լինի մեկը, որը «կուղղորդի» քաղաքացիներին, կօգնի նրանց եւ տեխնիկական խափանումների դեպքում շտապ միջոցներ ձեռք կառնի:

 Հ. Գ. Այս էլեկտրոնային համակարգի մեջ խաղեր չեն գցված, «շարիկ չեն գլորի»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել