Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Նույն անվան տակ 2 հոգի են թոշակ ստացել

Նոյեմբեր 03,2009 00:00

Առանց Բավական Թովմասյանի գիտության՝ տարիներ շարունակ
նրա քույրն էլ է իր հին անձնագրով կենսաթոշակ ստացել:

Արդեն 4 տարի է՝ 73-ամյա  Բավական Թովմասյանն իր կենսաթոշակը ստանում է կիսով չափ: Բանն այն է, որ իր հարազատ քույրը, տարիներ շարունակ խաբեությամբ օգտագործելով տիկին Բավականի անձնագիրը, ստացել է կենսաթոշակ: Անտեղյակ լինելով այս ամենին՝ տիկին Բավականն էլ իր բնակության վայրից՝ Ապարանի Վարդենուտ գյուղից է ստացել իր կենսաթոշակը: «1966-ին մեր ընտանիքը տեղափոխվեց Նոր Նորքի 1-ին զանգված: Որոշ ժամանակ անց ամուսնացա, այնուհետեւ ամուսնուս հետ տեղափոխվեցինք Ապարանի Վարդենուտ գյուղ, սակայն տեղափոխվելիս անձնագիրս մնաց քրոջս մոտ: Ամուսնանալուց հետո տարբեր տեղեր եմ աշխատել: Ինձ աշխատանքի համար շատ էր պետք գալիս անձնագիրս, սակայն ինչքան էլ խնդրում կամ պահանջում էի, քույրս չէր տալիս այն, ասում էր, թե կորել է: Այդ իսկ պատճառով ես մեր գյուղում դիմում գրեցի եւ 1983-ին ինձ նոր անձնագիր տվեցին: Միայն 2005-ին պարզվեց, որ իրականում քույրս իմ անձնագիրն օգտագործելով, ինձ անօրինական ձեւով աշխատանքի է դասավորել եւ իմ փոխարեն թոշակ ստացել տարիներ շարունակ: Ես իբրեւ թե աշխատել եմ Նորքի կանաչապատում հիմնադրամում որպես դռնապան, սակայն ես այդ հիմնարկի տեղն անգամ չեմ իմացել: Քրոջս խաբեությունը պարզվեց այն ժամանակ, երբ ինձ համար անհայտ պատճառով թոշակս կտրեցին»,- ներկայացրեց «Առավոտի» խմբագրություն եկած Բ. Թովմասյանը: Նա պատմեց նաեւ, որ հետագայում  կենսաթոշակային հիմնադրամի կողմից է հայտնաբերվել կեղծ անձնագրի պատմությունը. «Ես արդարություն էի պահանջում: Սակայն ոչ մեկը չպատժվեց, փոխարենը որոշվեց, որ իմ թոշակից պետք է պահվեն այն գումարները, որոնք ժամանակին, առանց իմ գիտության, վճարվել էր քրոջս: Արդյունքում իսկությունը չբացահայտվեց, եւ տուժեցի ես: Իմ թոշակը 16 հազար դրամ էր, որոշվեց 50%-ը պահում անել, ուստի ես ստանում էի 8 հազար դրամ: Ես մի քանի անգամ դիմեցի սոցիալական ապահովության հիմնադրամ եւ խնդրեցի, որ ամբողջությամբ ստանամ, սակայն ինձ մերժեցին, ուղղակի սկսեցին գանձել 20%-ի չափով: Դրանից հետո որտեղ դիմել եմ, ինչ արել եմ՝ միայն մերժում եմ ստացել»:
Սոցիալական հիմնադրամի կենսաթոշակների բաժնի գլխավոր մասնագետ Դունյա Կիրակոսյանն այս առնչությամբ պարզաբանեց. «Քանի որ այն ժամանակ տվյալների բազա չունեինք, դժվար էր իմանալ, որ նույն անձնագրով 2 հոգի են կենսաթոշակ ստանում: Մենք տիկին Բավականի քրոջն էլ ենք կանչել պարզաբանումների, նրա քույրն ասել է, որ տեղյակ չի եղել այդ ամենին, ինքը կենսաթոշակ է ստացել Եղվարդից, իսկ Բավականը՝ Խորհրդային շրջանից եւ Ապարանից: Մենք Բ. Թովմասյանի գրավոր համաձայնությամբ ենք 50%-ով պահում արել իր կենսաթոշակից: Սակայն նա որոշ ժամանակ անց ասաց, որ շատ է 50%-ի պահումը եւ խնդրեց մի փոքր քիչ պահում անել, մենք էլ հիմա 20%-ն ենք պահում»:
Նշենք, որ կինը պատրաստվում է դիմել դատախազություն, որպեսզի գործ հարուցվի եւ իրականությունը պարզվի:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել