Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ԳԵՏՆԻՆ ԴՐՎԱԾ ՄԻՍ, ՁՈՒԿ ՈՒ ՀԱՑ ԵՆ ՎԱՃԱՌՈՒՄ

Նոյեմբեր 03,2009 00:00

Սննդամթերքը վաճառում են սանիտարական նորմերի կոպիտ խախտումներով

 \"\"
Հացը վաճառվում է ուղիղ փողոցի մեջտեղում՝
կեղտի ու փոշու մեջ, չփաթեթավորված ու կեղտոտ արկղերում:

\"\"
Չնայած մասնագետները բազմիցս զգուշացրել են, որ փողոցում վաճառվող կվասի եւ տեղում պատրաստվող մյուս զովացուցիչ հյութերի հումքն անհայտ ծագման է եւ մարդկանց առողջության համար վտանգավոր, այդ ըմպելիքները, այնուամենայնիվ, վաճառվում են:

Երեւանի իշխանությունները հատկապես վերջին տարիներին փողոցային առեւտրի դեմ «ակտիվ» պայքար են մղում: Չնայած դրան, Երեւանի քաղաքապետարանն այդպես էլ չի կարողանում հաջողություններ արձանագրել: Դրա վառ ապացույցը Գարեգին Նժդեհի հրապարակին հարող տարածքներում իրականացվող բացօթյա առեւտուրն է, որն օրեցօր ծաղկում է: Այստեղ մրգերի եւ բանջարեղենի կողքին հակահիգիենիկ պայմաններում վաճառվում է նաեւ արագ փչացող սննդամթերք՝ միս, ձկնեղեն, սունկ եւ հացաբուլկեղեն: Առեւտրականներն այնպես են «գրոհել» տարածք, որ մայթերով անցուդարձ անելը պարզապես անհնար է դարձել: Իսկ ընդամենը մի քանի մետր հեռավորության վրա գտնվում է շուկան, որի տաղավարների շուրջ կեսը դատարկ է:
Թեեւ այս հրապարակի շուրջբոլորը կազմակերպվող բացօթյա առեւտրի հարցը Երեւանի քաղաքապետարանի պաշտոնյաները նախորդ տարիներին մի քանի անգամ առանձին քննարկման թեմա են դարձրել, սակայն դրական տեղաշարժ մինչ օրս չի նկատվում: Ճիշտ է, Շենգավիթի թաղապետարանը տարվա մեջ մի քանի անգամ ոստիկանների օգնությամբ փորձում է այս վայրում «կարգ ու կանոն հաստատել», սակայն դա միայն ժամանակավոր բնույթ է կրում: Տարածքը առեւտրականներից ազատում են հատկապես այն օրերին, երբ, ասենք, այդ հատվածով արտերկրից ժամանած կարեւոր հյուր է անցնելու կամ էլ երբ քաղաքապետը այդ համայնքում շրջայց է կատարելու:
Նժդեհի հրապարակում տիրող իրավիճակի առնչությամբ «Առավոտի» հարցին ի պատասխան, առողջապահության նախարարության պետական հիգիենիկ եւ հակահամաճարակային տեսչության Շենգավիթի տարածքային կենտրոնի պետ Գայանե Անտոնյանն ասաց, որ Նժդեհի հրապարակի տարածքում իրենք պարբերաբար շրջայցեր են կազմակերպում: Շուրջ 1 ամիս առաջ կատարած հերթական այցելությունից հետո մասնագետները ծանոթացել են տարածքի սանիտարական վիճակին եւ մտահոգիչ գրությամբ դարձյալ Շենգավիթի թաղապետարանին «հիշեցրել», որ սննդամթերքի բացօթյա առեւտուրն արգելվում է: «Մենք չգիտենք, թե այդ առեւտրականներն ովքեր են, ինչ հիվանդություններով են տառապում եւ ինչ սննդամթերք են վաճառում»,- նշեց տիկին Անտոնյանը: Տեսչության մասնագետները տարիներ շարունակ այս հարցով գրություններ են ուղարկել թաղապետարան, սակայն՝ ապարդյուն:
Իսկ մինչ քաղաքապետարանը երեւույթի դեմ պայքար է ծավալում, նմանօրինակ պայմաններում կազմակերպվող առեւտրի կարելի է հանդիպել մայրաքաղաքի մնացած համայնքներում եւս:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել