Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Վերջապես Իշխան Կարապետյանը պատասխանեց

Նոյեմբեր 03,2009 00:00

\"\"«Առավոտի» հոկտեմբերի 22-ի համարում տպագրել էինք «Պետությունը վարկ է տալիս՝ բիզնեսում փայ մտնելու պայմանով» հոդվածը, որը վերաբերում էր պետության ներկայացուցիչ հանդիսացող Փոքր եւ միջին ձեռնարկատիրության զարգացման ազգային կենտրոնի (ՓՄՁ ԶԱԿ) կողմից տնտեսվարողներին վարկավորելու խնդրին: Հոդվածը տպագրելուց առաջ «Առավոտը» դիմել էր ՓՄՁ ԶԱԿ-ի գործադիր տնօրեն Իշխան Կարապետյանին՝ մեզ եւ տասնյակ տնտեսվարողներին հետաքրքրող հարցերի պատասխանները ստանալու ակնկալիքով: Ավելի քան 3 շաբաթ պարոն Կարապետյանը մեզ չարձագանքեց: Եվ միայն հոդվածը լույս տեսնելուց հետո պարոն Կարապետյանը գրավոր պատասխան ուղարկեց՝ անդրադառնալով այնտեղ նշված որոշ հարցերի: Մեզ հետ զրույցում «Մեգա Արարատ» ընկերության  տնօրեն Մխիթար Մաթեւոսյանը նշել էր, որ ՓՄՁ ԶԱԿ-ը պետք է ներդրում կատարեր իրենց ընկերությունում, բայց քանի որ պայմանները խիստ տարբեր են եղել նախնական պայմանավորվածությունից, համագործակցությունը չի կայացել: Ըստ Մ. Մաթեւոսյանի, ՓՄՁ ԶԱԿ-ի դիվիդենդները պետք է լինեին առավելագույնը 25%, բայց հետագայում նրանց ասել են, որ դրանք չպետք է պակաս լինեն 55%-ից:  Այս առնչությամբ պարոն Կարապետյանը պարզաբանում է. «Ոչ մի ընկերության հետ նախնական պայմանավորվածություն ձեռք չի բերվում հատկապես տոկոսադրույքի վերաբերյալ: Կապիտալի ֆինանսավորման դեպքում ընկերությունների բիզնես-գնահատումն իրականացվում է անկախ խորհրդատվական ընկերությունների կողմից, եւ ներդրողի մասնաբաժնի չափը որոշվում է հենց այդ անկախ գնահատման հիման վրա»: Մեր թերթի միջոցով դիմելով պարոն Մաթեւոսյանին, Ի. Կարապետյանը նշում է. «Պարոն Մաթեւոսյանին կցանկանայինք հիշեցնել, որ ներդրման պայմանագրի նախագծում, որից ինքը հրաժարվել է, առաջարկվում էր բաժնետոմսերի շուրջ 28 %-ը անմիջապես զիջել իրեն՝ հետաձգված վճարման իրավունքով, իսկ 1 տարի հետո՝ կախված ընկերության զարգացումից, եւս զիջել ընկերության բաժնետոմսերի մի մասը»:
Ինչ վերաբերում է հոդվածում նշված մյուս ընկերությունների ղեկավարների խոսքերին, ապա պարոն Ի. Կարապետյանը պարզապես ճշգրտել է նրանց խոսքերը: Օրինակ, «Դայկալատ» ընկերության տնօրեն Գագիկ Աբրահամյանը մեզ տեղեկացրել էր, որ իրենք վարկը ստացել են 16 %-ով: Ի. Կարապետյանի հավաստմամբ, տոկոսադրույքը եղել է ոչ թե 16%, այլ՝ 15%: Անդրադառնալով «Կոնսեր» ընկերությանը, պարոն Կարապետյանը նշում է. «Կոնսեր» ՍՊԸ-ն հանդիսանում է առեւտրային բանկի վարկառու եւ ՓՄՁ ԶԱԿ-ն այս դեպքում տրամադրել է վարկային երաշխավորություն, այլ ոչ թե վարկ: Ընկերությանը վարկը տրամադրվել է 1 տարի արտոնյալ ժամանակահատվածով»: 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել