Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՏԱՔՍԻ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԳՈՐԾՈՒՄ ԵՆ ԱՊՕՐԻՆԻ

Նոյեմբեր 03,2009 00:00

Տրանսպորտային տեսչությունը աչքաթող է արել մայրաքաղաքի
փողոցներում անարգել երթեւեկող սպիտակ պետհամարանիշներով,
անօրինական դաշտում աշխատող տաքսիներին:

\"\"\"\"

\"\"\"\"

\"\"
Մարզերում եւս տաքսի ծառայությունների մեքենաները լիցենզավորված չեն: Լուսանկարը արված է Սպիտակ քաղաքում:

\"\"

Դեռեւս այս տարվա ապրիլ ամսին, ճանապարհային ոստիկանության եւ տրանսպորտի ու կապի նախարարության տրանսպորտային տեսչության աշխատակիցները մայրաքաղաքի փողոցներում ցուցադրաբար միջոցառումներ էին կազմակերպում՝ իբրեւ թե առանց դեղին պետհամարանիշների երթեւեկող տաքսիներին բռնելու համար: Մի քանի անհատ տաքսու խեղճուկրակ վարորդների տուգանելուց, մի քանիսին էլ տուգանային հրապարակ տանելուց հետո, «օրենքի պահապանները» իրենց գործը համարեցին կատարված: Ու քանի որ վերահսկողները աչքաթող արեցին անօրինական աշխատող տաքսիներին, նրանց հնարամիտ տերերն էլ գտան օրենքը շրջանցելու ճանապարհը: Բազմաթիվ տաքսի ծառայությունների սեփականատերեր դեղին համարանիշներ հանեցին ընդամենը մի քանի մեքենաների համար, իսկ մյուսները մնացին սպիտակ պետհամարանիշներով եւ շարունակեցին աշխատել առաջվա նման անօրինական դաշտում: Ունենալով 30-40 ավտոմեքենա, տաքսի ծառայության տերերը հարկ են վճարում ընդամենը 4-5 մեքենայի համար: Ստացվում է, որ բոլոր նրանք, ովքեր միամտաբար մտան հարկային դաշտ՝ հայտնվեցին տուժողի կարգավիճակում: Նրանք մի քանի հարյուր հազար դրամ ծախսեցին՝ լիցենզիայի, դեղին համարանիշի, տաքսոմետրի, հաշվիչ սարքի եւ այլնի համար, սակայն աշխատում են նույն պայմաններով, ինչ՝ անօրինական եւ չլիցենզավորված տաքսիները: Դեռ մի բան էլ՝ վերջինները կարող են անհամեմատ մատչելի գներով ուղեւոր փոխադրել, քանի որ հարկային դաշտ մտնելու համար մեծ գումարներ չեն ծախսել:
Դժվար է պատկերացնել, որ տրանսպորտային տեսչության աշխատակիցները երբեւիցե չեն նկատել մայրաքաղաքի փողոցներում սպիտակ պետհամարանիշներով աջուձախ երթեւեկող տաքսիները: Պատճառաբանությունը, թե ոմանց ժամանակ է տրվել՝ լիցենզավորվելու համար, եւս անտրամաբանական է, քանի որ նույն տաքսի ծառայությունը լիցենզիան ձեռք է բերում միանգամից բոլոր մեքենաների համար: Այսինքն՝ 20 կամ 50 մեքենա լիցենզավորելու համար վճարվում է միեւնույն գումարը, այլ հարց է, թե քանի տաքսու վարորդ է գրանցվում որպես աշխատող եւ քանի մեքենայի համար են հարկային մուծումներ արվում:
Եթե իսկապես տեսչության աշխատակիցների աչքից վրիպել են օրինախախտ տաքսիները, ապա ընդամենը մի քանի րոպե շրջելով մայրաքաղաքի փողոցներում, «Առավոտի» տեսախցիկը ֆիքսեց նման տասնյակ մեքենաներ: «Մետաքս», «Ջավախք», «Արաբկիր», «Լի Աստղ», «Ապոլլո», «Իս-Իս», «Անգելինա», «Չաո», «Կիրզա», «Լեգեոն», «Կոնտինենտալ», «Անանի», «Վինի», «Լիդեր», «Max». ահա այն բազմաթիվ տաքսի ծառայություններից ընդամենը մի քանիսի անունները, որոնց մեքենաներից գոնե մի քանիսը, եթե ոչ բոլորը, աշխատում են անօրինական դաշտում: 
«Առավոտի» հետ զրույցում այս խնդրի մասին նշեց նաեւ «Վարորդ-ոստիկան համագործակցություն» հ/կ համանախագահ Գեւորգ Դոստուրյանը: Խնդրի առնչությամբ հ/կ-ն դիմել է հանրապետության նախագահին եւ վարչապետին:

ԳԱՅԱՆԵ ՍԱՀԱԿՅԱՆ  

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել