Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«Արմատական վիրահատական քայլ արեցինք»

Նոյեմբեր 03,2009 00:00

«Ժառանգություն» կուսակցության վարչության
անդամ Անահիտ Բախշյանը չի ափսոսում վարչության
սեպտեմբերի 9-ի որոշման համար:

«Ժառանգություն» կուսակցության հիմնադիր Րաֆֆի Հովհաննիսյանը հոկտեմբերի 2-ի ասուլիսում հայտարարեց, թե մտադիր է պահանջել 2010 թվականի առաջին եռամսյակում «Ժառանգության» արտահերթ համագումար` օրակարգում ունենալով նաեւ կուսակցության «վերջին շրջանի ներքաղաքական եւ ներկուսակցական խնդիրների հիմնովին լուծման հրամայականը»: «Դուպլեքս» ակումբում երեկ հյուրընկալված «Ժառանգություն» կուսակցության վարչության անդամ Անահիտ Բախշյանից «Առավոտը» հետաքրքրվեց, թե ինչպես է վերաբերվում նման համագումար անցկացնելու առաջարկին. «Դա արտահերթ չի լինի՝ այն կլինի մեր արդեն հերթական համագումարն իր գործընթացներով՝ կանոնադրության մեջ փոփոխություն, ծրագրի վերանայում, նոր վարչության անդամների ընտրություն: Հասարակությանը կներկայացվի այն բոլոր խմորումների ավարտը, որի կարիքն այսօր «Ժառանգությունը» շատ ունի։ Մենք անհրաժեշտություն ենք տեսնում համագումարի միջոցով ներկայանալ հասարակությանը՝ զերծ այս բոլոր խոսակցություններից։ Համագումարը կպատասխանի շատ-շատ հարցերի, կհստակեցնի շատ խնդիրներ, որոնք կան մեր հասարակության ու հատկապես մեր համակիրների մոտ»:
Րաֆֆի Հովհաննիսյանը նույն ասուլիսում նաեւ հայտարարել էր. «2010 թվականին, Աստված եթե ուզենա, կբացահայտեմ, թե 2008 եւ 2009թթ. «Ժառանգությունն» ինչ սխալ է թույլ տվել՝ իր բոլոր հրաշալի գործերով, նախաձեռնություններով, քաղաքացիական, ազգային պահվածքով հանդերձ, որտեղ է վրիպել»: Քանի որ նրա նշած ժամանակահատվածում Անահիտ Բախշյանն էր «Ժառանգություն» կուսակցության վարչության նախագահը՝ հետաքրքրվեցինք, թե իր ենթադրությամբ՝ ի՞նչ սխալների մասին էր ակնարկում Րաֆֆի Հովհաննիսյանը: «Դա վերաբերում է վարչության սեպտեմբերի 9-ի որոշմանը, որին պրն Հովհաննիսյանն այնքան էլ համաձայն չէ,- ասաց տիկին Բախշյանը եւ բացահայտեց, որ ինքն էր առաջարկել կուսակցությունից հեռացնել Զոյա Թադեւոսյանին, Մովսես Արիստակեսյանին ու Վարդան Խաչատրյանին:- Ես պատասխանատվությունը վերցրի՝ այդ առաջարկությունն ինքս արեցի, եւ վարչության անդամները կողմ քվեարկեցին: Գուցե շատ հուզական պահ կար դրա մեջ՝ ինչպես պրն Հովհաննիսյանը նշեց, բայց ղեկավարելու իմ նախկին փորձն ինձ այդ ուղղությամբ տարավ»:
Հարցին, թե այժմ, երբ հուզական պահն անցել է՝ ափսոսո՞ւմ է այդ որոշման համար, բացասաբար պատասխանեց, սակայն այնուամենայնիվ՝ վերապահում արեց. «Կարող էր այդ տեսակ չլինել առաջարկը՝ կարող էինք մի քիչ այլ կերպ ընդվզել, գուցե ոչ այդքան կտրուկ: Միգուցե ինչ-որ ժամկետ տրվեր: Բայց բոլորդ տեսաք, եւ անցած մեկ ամսում հասարակությունը տեսավ մեր այդ նախկին գործընկերների վերաբերմունքը «Ժառանգության» նկատմամբ։ Մենք միանգամից կտրուկ, արմատական վիրահատական քայլ արեցինք: Գուցե շատ էր արմատական, բայց արդյունքն անձնապես ինձ գոհացնում է»:
Մեր դիտարկմանը, թե հեռացվածներից համենայնդեպս՝ Վարդան Խաչատրյանը (բացառությամբ մի դեպքի) ձեռնպահ է մնացել մեկնաբանություններից՝ Անահիտ Բախշյանն այսպես արձագանքեց. «Չեմ ուզում առանձին-առանձին որեւէ մեկին անդրադառնալ: Նրանք մեր գործընկերներն են եղել, մենք միասին ճանապարհ ենք անցել, եւ բոլորն էլ ունեցել են լուրջ ներդրումներ: Բայց քաղաքական գիծը պահելը կուսակցականի թիվ մեկ կարգապահական խնդիրն է»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել