Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«ԲԱՆԱՎՈՐ ԽՈՍՏՈՒՄՆԵՐԸ ՈՉ ՄԻ ԱՐԺԵՔ ՉՈՒՆԵՆ»

Նոյեմբեր 03,2009 00:00

\"\"Վստահ է Աժ պետաիրավական հարցերի մշտական
հանձնաժողովի նախագահ Դավիթ Հարությունյանը, ով պատրաստ է
ընդունել կառավարության միայն գրավոր խոստումները:

– Բյուջեի քննարկումների ժամանակ բավականին հարցեր ունեիք, այդ թվում բարձրացրիք նաեւ գործուղումների համար հատկացված գումարների անբավարար լինելու հարցը:
– Ես կարծում եմ՝ գործուղումները չեն ամենակարեւորը: Կան ավելի կարեւոր հարցեր, որոնք ուղղակիորեն չեն կապվում այս բյուջեի ետ, բայց կապվում են մեր հետագա աշխատանքի հետ: Յուրաքանչյուր օրենք ներկայացնելիս կառավարությունը պետք է գնահատի ոչ միայն այդ օրենքի ազդեցությունն այդ տարվա բյուջեի վրա, այլ անգամ այն դեպքերում, երբ օրենքն ուղղակիորեն կապված չէ տվյալ տարվա բյուջեի հետ կամ, ազդեցություն չի թողնում այդ բյուջեի վրա, կառավարությունը պետք է իր եզրակացություններում ներկայացնի, թե տվյալ օրենքը ինչպիսի ազդեցություն կարող է ունենալ մյուս տարվա բյուջեի վրա: Սա, թերեւս, ամենակարեւոր հարցն է, որովհետեւ մենք հաճախ ընդունում ենք օրենքներ, սակայն չենք պատկերացնում, թե դրա տակ ի վերջո ինչ է թաքնված: Չենք պատկերացնում ուղղակի՝ ոչ թե որովհետեւ չենք կարողանում կարդալ օրենքը: Ենթադրենք՝ փոխվում է աշխատողների թվաքանակը: Պետք է հասկանալ, թե գումարային առումով ինչ է դա նշանակում, ինչքան հոսանքի ծախս է ավելանում, ինչքան սոցիալական վճարումներ պետք է ավելանան, ինչքան լրացուցիչ ծախսեր պետք է արվեն եւ այլն: Այս գնահատականները հույժ կարեւոր են, հատկապես, երբ գտնվում ենք նման ճգնաժամային վիճակում: Երկրորդ կարեւոր հարցը, որ մենք բարձրացրեցինք՝ կրճատումների հարցն է: Պետական համակարգը պետք է գործի ավելի արդյունավետ, եւ, անշուշտ, պետք է մշակվի մեթոդիկա, ըստ որի՝ մենք պետք է հասնենք պետական ծառայողների այն նվազագույն թվին, որն աշխատանքը կատարում է առավել արդյունավետորեն: Նախ՝ իմաստ չունի պահել լրացուցիչ մարդկանց, որովհետեւ պետական համակարգը ամենաբարձր վարձատրվող աշխատանքը չէ, եւ ողջամիտ է, եթե մարդիկ լինեն բիզնեսում, մասնավոր շուկայի ոլորտում, որտեղ աշխատավարձերը շատ ավելի բարձր են: Երկրորդը՝ աշխատանքով չծանրաբեռնված պաշտոնյան սկսում է իր համար աշխատանք մտածել: Պետությունը միշտ չէ, որ բիզնեսի լավագույն սատարողն է: Ի վերջո, մեր հիմքը բիզնեսն է: Եթե երկրում բիզնեսը չի կայանում, ոտքի չի կանգնում եւ ունի շատ խոչընդոտողներ, ապա բնական է, որ երկիրն էլ կգտնվի վատ վիճակում: Եվ հաճախ անգործ մարդիկ սկսում են իրենց համար հորինել գործեր, այդ թվում տարբեր տեսչական ստուգումներ, բարդացվում են գործընթացները եւ այլն: Այդ տեսանկյունից խիստ կարեւոր եմ համարում, եւ ոչ միայն ես, ԱԺ երկու հանձնաժողովների այլ անդամները եւս, թե ինչպիսի քաղաքականություն է որդեգրում կառավարությունը: Նորից եմ կրկնում, սրանք ուղղակիորեն կապված չեն այս տարվա բյուջեի հետ: Սրանք հարցեր են, որոնք թույլ են տալիս մեզ սկզբունքորեն քաղաքական մեր մոտեցումները ձեւավորել:
– Այնուամենայնիվ, դուք որոշակի դժգոհություններ հայտնեցիք նաեւ գործուղումների համար տրամադրվող գումարներից:
– Գործուղման մեկնող պետական պաշտոնյան պետք է ունենա արժանապատիվ փոխհատուցում: Նա դրսում չպետք է հայտնվի այն մարդու կարգավիճակում, որը ստիպված է իր գրպանից լրացուցիչ գումարներ ծախսել նվազագույն կարիքները հոգալու համար: Խնդիրը չի վերաբերում միայն սննդին կամ տրանսպորտային հարցերին, որը, իմ խորին համոզմամբ, այս պահին բացարձակապես հաշվարկված չէ օրապահիկում: Խնդիրը վերաբերում է օրինակ՝ ապահովագրությանը: Որեւէ մեկը երաշխավորված չէ, որ արտասահմանում գտնվելու ընթացքում նրա առողջականի հետ որեւէ խնդիր չի առաջանա: Իսկ մենք չունենք որեւէ ապահովագրություն: Կարծում եմ, կառավարությունը պետք է մտածի, որպեսզի պետական համակարգի բոլոր աշխատողների համար, ովքեր մեկնում են գործուղումների, համապատասխան փաթեթ գնի ապահովագրական ընկերությունից, որովհետեւ անհատականը շատ ավելի թանկ կնստի պետության վրա:
– Դուք կառավարությունից կարծես նման խոստում չստացաք:
– Խոստումներին երբեք հավատալ պետք չի, հատկապես կառավարության խոստումներին: Կառավարության խոստումներն արտահայտվում են թղթի վրա, եւ եթե գրված լինի, ապա դրան հավատում ես: Իսկ բանավոր խոստումները որեւէ արժեք չունեն: Ես կարծում եմ՝ մեր բարձրացրած հարցը ոչ թե խոստում էր ենթադրում, այլ ենթադրում էր մտահոգություն, որին կառավարությունը պետք է արձագանքի:
– Որպես ԵԽԽՎ հայաստանյան պատվիրակության ղեկավար՝ չե՞ք կարծում, որ ձեր պատվիրակության ծախսերը միջազգային կառույցների հետ աշխատանքում պետք է ավելանան՝ կապված հայ-թուրքական հարաբերությունների զարգացման, նաեւ՝ ադրբեջանական կողմի առավել ակտիվ պահվածքի պատճառով: Մենք տարիներ շարունակ սովոր ենք ասել, որ ադրբեջանական պատվիրակությունը շատ ավելի ապահովված է ներկայանում Ստրասբուրգին, ավելի շատ հնարավորություններ է ունենում այսպես ասեմ՝ եվրոպացիներին սիրաշահելու եւ այլն, իսկ մերոնք միշտ ավելի վատ վիճակում են լինում:
– Ներկայացուցչական ծախսերի հարցը ոչ թե կոնկրետ մեր պատվիրակության հետ է կապված, այլ ընդհանրապես՝ մեզանում կաղում է: Ցանկացած քաղաքակիրթ երկրում համապատասխան բարձրաստիճան պետական պաշտոնյաները պետք է ունենան ներկայացուցչական ծախսեր, ինչը չունեն մեր նախարարները: Եվ շատ հաճախ հրավիրելով իրենց գործընկերներին որեւէ երկրից, հյուրընկալելով նրանց, այն, ինչ ընդունված է եւ պետք է արվի, նախարարներն անում են սեփական միջոցների հաշվին, ինչն անթույլատրելի է: Սա այն բացասական երեւույթներից մեկն է, որ իրականում թաքնված կոռուպցիայի հիմքեր է ստեղծում: Մենք այդ հարցը դեռեւս չենք լուծել: Այսօր ես շատ ավելի համեստ խնդիր էի բարձրացնում: Մի պահ մոռանանք ներկայացուցչական ծախսերը, եթե անգամ դրանք չկան, մյուս բոլոր ծախսերը արդյոք բավարա՞ր են նվազագույն կարիքները հոգալու համար: Ես վստահ եմ, որ բավարար չեն: Առաջարկում եմ կառավարությանը՝ մեկ անգամ եւս այս հարցին անդրադառնալ: Կառավարությունը իմ մի հարցին արձագանքեց բյուջեի քննարկման նիստից անմիջապես հետո: Այն թվերը, որոնց ես տիրապետում էի, հնացած թվեր են, եւ ընդունված են նոր թվեր: Այնուամենայնիվ, ես հասցրեցի նայել նաեւ այդ թվերը, եւ թեեւ որոշ երկրներում էապես բարձրացվել են այդ գումարները, սակայն իմ մտահոգությունները դարձյալ մնում են՝ արդյոք դա բավարա՞ր է, որպեսզի անձը կարողանա արժանապատիվ իր գործուղումն իրականացնել: Վստահ չեմ, թերեւս այս ուղղութամբ մենք որոշակի աշխատանքները դեռ կշարունակենք:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել