Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ԱԳՆ-Ն՝ ԻՐԱՎԻՃԱԿԻՆ ՈՉ ՀԱՄԱՐԺԵՔ

Նոյեմբեր 03,2009 00:00

ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովի նախագահ, ՀՅԴ խմբակցության պատգամավոր Հրայր Կարապետյանը երեկ «Ուրբաթ» ակումբում անդրադառնալով հայկական կողմի պնդումներին, թե հայ-թուրքական արձանագրությունները պետք է վավերացվեն ողջամիտ ժամկետներում՝ կարծիք հայտնեց, թե այդ ողջամիտ ժամկետներն արդեն անցել են. «Ինչքա՞ն պիտի սպասենք, որպեսզի համոզվենք, որ Թուրքիան անկեղծ չի, որ Թուրքիան սրանով, առաջինը՝ չեզոքացրեց Ցեղասպանության ճանաչումը միջազգային ատյաններում, եւ երկրորդը` հիմա էլ փորձ է արվում Ցեղասպանության 95-րդ տարելիցի հետ կապված նորից իր խնդիրները մեջտեղ բերել»: Նաեւ նշեց. «Այսօր հասել ենք նրան, որ Թուրքիայի ԱԳ նախարարի տեղակալը մասնակցում է Մինսկի խմբի վերջին նիստին։ Թուրքիան արդեն Մինսկի խմբի անդամ դառնալու հայտ է ներկայացնում»:
Հրայր Կարապետյանը քննադատեց Էդվարդ Նալբանդյանին. «ԱԳ նախարարի հայտարարությունները փոխանակ ուղղված լինեն թուրքական գործիչների հայտարարությունների չեզոքացմանը՝ ցավոք սրտի, շատ ավելի են ուղղվում ընդդիմության, մասնավորապես, ՀՅԴ դիրքորոշումներին: Դա ցավալի է, իհարկե: Իմ կարծիքով մեր արտաքին գործերի գերատեսչությունը իրավիճակին համարժեք չի գործում՝ անընդհատ համարելով, թե ՄԱԿ-ի ամբիոնից արված հայտարարությունները ներքին սպառման համա՜ր են, Մինսկի խմբում Թուրքիայի արտգործնախարարի մասնակցությունը ներքին սպառմա՜ն համար է, Էրդողանի հայտարարությունը Քլինթոնի հետ հանդիպման ժամանակ ներքին սպառմա՜ն համար է: Ի՞նչ է սա նշանակում: Սրանք այդ երկրի պաշտոնական դիրքորոշումնե՛րն են, եւ դրանք պե՛տք է ստանան համարժեք պատասխան»:
Նա նաեւ հիշեցրեց, որ Հայաստանի բոլոր կառույցներն ու գերատեսչությունները պարտավոր են գործել Ազգային Անվտանգության ռազմավարությանը համապատասխան, որի դրույթներով հստակ սահմանված է, որ Թուրքիայի եւ Ադրբեջանի կողմից Հայաստանի շրջափակումը ուժի գործադրում է: Այդ առումով, ըստ նրա, միջազգային իրավունքի բոլոր նորմերը Հայաստանին իրավունք են տալիս հարց բարձրացնել այդ երկու երկրներին ագրեսոր ճանաչելու վերաբերյալ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել